Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 10-ին Հեյդար Ալիևի ծննդյան հարյուրամյակն է. շատ վատ կանխազգացում ունեմ, որ մինչև այդ մեզ բազմաթիվ այլ փորձություններ են սպասվելու»․ Նաիրա Զոհրաբյան

Մայիս 01,2023 15:30

«Մայիսի 10-ին Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան հարյուրամյակն է։ Ես շատ վատ կանխազգացում ունեմ, որ մինչև ամսի 10-ի հոբելյանական նշումը հայր Ալիևի հարյուրամյակի՝ մեզ բազմաթիվ այլ փորձություններ են սպասվելու»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստին՝ նա ասաց․ «Երկու օր առաջ թքելով, քացի տալով 2020-ի նոյեմբերի 20-ի եռակողմ, մեզ համար կապիտուլյացիոն համաձայնագրի վրա, որտեղ որևէ տառ, բացականչական նշան, կետ, ստորակետ, հղում չկար Լաչինի՝ Բերձորի միջանցքում անցակետ դնելու վերաբերյալ, Ալիևը հայտարարեց, որ դնելու է և արեց։ Երեկվանից տեսնում ենք, որ Շուշիի հարակից չորս գյուղերի բնակիչներն իրենց տուն գնալու համար անցնում են նվաստացուցիչ ծիսակարգ, բացում են մեքենաները, որ ադրբեջանական ֆեյք էկոակտիվիստներին փոխարինած սահմանապահները ստուգեն իրենց մեքենաները։ Վաղը մեզնից արյան և մեզի անալիզ են ուզելու։ Եվ բոլոր այն տղամարդիկ, որոնք մասնակցել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին, երկրորդ և երրորդ նախագահներ, նաև դուք՝ որպես Արցախի հերոսներ, որ հռչակվել եք՝ որպես տեռորիստներ, այս անցակետն անցնելու հնարավորություն չեք ունենալու։ Նաև ես, որովհետև իմ դեմ ևս Բաքվում քրեական գործ է հարուցված ահաբեկչության մեղադրանքով, որ ես 44-օրյա պատերազմի օրերին կոչ եմ արել ռադ անել ադրբեջանական նավթամուղի պահակ նշանակված ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանին և ռմբակոծել գազամուղը և Մինգեչաուրի ջրամբարը»։

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից հնչող կոչերին ու դատապարտումներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Բավական է մեզ կերակրեք ձեր ֆեյք թղթերով և բարոյական աջակցություններով։ Էդ որ մի քանի տասնյակ «տյոտյայներ ու ձյայձաներ» ուղարկել է Եվրոպան՝ որպես դիտորդներ, բա դուք ինչի՞ համար եք, «մասովկա՞» եք այնտեղ։ Խախտվել է եռակողմ համաձայնություն, որի տակ դրված է եղել նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ ՌԴ նախագահ, կարո՞ղ է ընդամենը դու նոտար ես, եթե նոտար ես, ուրեմն ընդունենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը ՀՀ-ում այլևս նոտար է աշխատում։ Երկիրը հասցված է այն աստիճանի, որ հրապարակավ ի տես քաղաքակիրթ աշխարհի խախտվում է միջազգային պայմանագիր, Ադրբեջանը թքում է Հաագայի դատարանի որոշման վրա, թքում է օրեր առաջ ԵԽԽՎ Ադրբեջանի և ՀՀ-ի համազեկուցողների համատեղ հայտարարության վրա, Եվրոպական Խորհրդարանի հայտարարության վրա, երեկ թքեց Բլինքենի վրա և շարունակում է թիզ առ թիզ և կիլոմետր առ կիլոմետր գրավել ոչ միայն Արցախից այն, ինչ մնացել է, այլև ՀՀ-ի սուվերեն տարածքը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031