Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքն առանց կրոնի․ աթեիստները հավատքի երկրում

Մայիս 01,2023 15:12

«Մեր ծրագիրն ամբողջովին կառուցված է գիտական և այն էլ հատկապես` մատերիալիստական աշխարհայեցողության վրա։ Ուստի, մեր ծրագրի պարզաբանումն անհրաժեշտորեն պարունակում է նաև կրոնական մշուշի իսկական պատմական ու տնտեսական արմատների պարզաբանումը։ Մեր պրոպագանդան անհրաժեշտորեն պարունակում է նաև աթեիզմի պրոպագանդա․․․», – Վ․Ի․Լենին։

Փակեք ձեր աչքերը և մի պահ պատկերացրեք, որ ձեզ արգելված է դավանել ձեր հավատքը, որ ձեզ հետապնդում են ձեր համոզմունքների համար, և որ ստիպված եք հրաժարվել ձեր կրոնից կամ համոզմունքից: Ի՞նչ կլիներ, եթե ինչ-որ մեկն ասեր ձեզ, որ դուք չեք կարող աղոթել ձեր Աստծուն, կրել ձեր կրոնական հագուստը կամ նույնիսկ խոսել ձեր հավատքի մասին հանրության առաջ: Դժվար է պատկերացնել։

Այս հոդվածում կանդրադառնանք չորս անհատների պատմության, որոնք ինչ-որ տեղ խաչվում են, ինչ-որ տեղ բաժանվում, սակայն բոլորին միավորում է մեկ բան։ Նրանք չեն հավատում Աստծուն։ Նրանք իրենց համարում են աթեիստներ, որոնք սեփական համոզմունքի ճանապարհին հանդիպել են բազմաթիվ խոչընդոտների։

———

Մարինե

Մարինեն սովորել է Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոցում։ Նրա խոսքով՝ դպրոցում շատ խիստ են եղել կարգուկանոնի հարցում՝ սևուսպիտակ հագուստ, կապված մազեր, աղջիկների ու տղաների համար հագուստի չափանիշներ և այլն։

Պատմում է․ «Ես փոքր էի՝ առաջին, թե երկրորդ դասարան, լավ չեմ հիշում։ Մի օր ամբողջ դպրոցին՝ առանց բացառության, «հոտի» նման որոշեցին կնքել։ Դաս էինք անում, մեկ էլ հո՛պ դուռը բացվում է՝ էրեխեք ջան, էսօր պետք է կնքվեք, էսօր էդ օրն է, պատրաստ եք, չէ՞, մենք էլ ամբողջ դասարանով՝ ա-յոոո՜։ Ձեռքերը, ճակատը, վզի հատվածը ջրով օծեցին ու կնքեցին, հետո ասացին՝ ձեզ խաչեր կբերենք։ Մի դասարանից մյուսն էին անցնում ու բոլորին մկրտում։ Այդ ամենը դպրոցում է եղել, ոչ եկեղեցում՝ առանց ծնողների ներկայության։ Չնայած դեռ այդ տարիքում գիտեի, որ, սովորաբար, եկեղեցում են մկրտում՝ միևնույն է հարցեր չեմ տվել։ Ինձ ոչ մեկը չի հարցրել՝ ուզո՞ւմ ես մկրտվել, թե՞ ոչ։ Հիմա անգամ չեմ էլ հիշում այդ ժամանակ հավատում էի, թե չէ։ Դե այդ տարիքում, սովորաբար, չենք էլ իմանում, որովհետև դպրոցում բոլորն ասում են՝ մենք քրիստոնյա ենք, տանն ասում են՝ քրիստոնյա ենք․ դե դու էլ ասում ես՝ սաղ քրիստոնյա են, ուրեմն ես էլ եմ քրիստոնյա։

Հաջորդ օրը բերեցին խաչերը բաժանեցին։ Քանի որ մեր դպրոցը շատ խիստ դպրոց էր, մեզ արգելված էր զարդ կրել։ Մեզ ասացին՝ պետք է 40 օր կրեք այն, բայց այնպես, որ չերևա։ Ես այդպես էլ չկրեցի այդ խաչը։ Մեր դպրոցն այնպիսի դպրոց էր, ուր տարին տասներկու ամիս պետք է գնայիր սևուսպիտակ հագուստով և կիսաշրջազգեստով։ Մեզ մոտ առանձնանալը և նախաձեռնողականությունը պատժելի էր։

Հետահայաց ինքս ինձ շատ վատ եմ զգում։ Հիմա երբ հիշում եմ, շատ եմ ամաչում, որ մեզ հետ այդկերպ են վարվել։ Եթե նույնիսկ քրիստոնյա ես, դա իրենց իրավունք չի վերապահում քեզ կնքել դպրոցում։ Էն ժամանակ 200-ից ավելի աշակերտ կար դպրոցում։ Շատ ամոթ է։ Կարծում եմ, որ դա շատ ցածր քայլ է եղել իրենց կողմից»։

————

Սոնա

Աթեիստ լինելու ճանապարհը հեշտ չի տրվել նաև այս հոդվածի մյուս հերոսին՝ Սոնային։ Սոնան սովորել է Քասախի՝ Ռոբերտ Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Սոնան վերհիշում և պատմում է դրվագներ ոչ վաղ անցյալից․ «Մեր ընտանիքում, այսպես ասված, «ճիշտ» քրիստոնյաներ չեն եղել։ Պապիկիս հետ շատ չեմ շփվել, բայց ինքը շատ հակասական վերաբերմունք ուներ կրոնի հանդեպ։ Ես երբեք ինձ քրիստոնյա չեմ համարել։ Եվ իմ ընտանիքում էլ այնպես չի եղել, ինչպես կլիներ իրեն քրիստոնյա համարող ընտանիքում՝ կիրակնօրյա պատարագներ, եկեղեցու շարժական և ոչ շարժական տոներ։

8-9-րդ դասարանից ինձ շատ հետաքրքիր է եղել կրոնների պատմությունը, ուսումնասիրել եմ բազմաթիվ նյութեր ու գիտական հոդվածներ։ Էդ ժամանակահատվածում ամեն ինչ շատ կապված էր նաև երաժշտական ճաշակի հետ, որովհետև էդ տարիներին ես շատ տարված էի մետալ երաժշտությամբ ու բնական է, բոլորն էլ գիտեն, որ մետալ երաժիշտները լավագույն դեպքում աթեիստներ էին, և կային նաև սատանիստներ։ Այդ ժամանակ կուռքերին հետևելով որոշեցի, որ ես աթեիստ եմ։ Հետո սկսեցի շատ կարդալ ու ավելի ուշ հասկացա, որ չէ, դա միայն կուռքերին նմանվելու և իրենց հետևելու գործընթացով չէր պայմանավորված։ Եթե անկեղծ՝ այն ժամանակ ես այնքան էլ հանդուրժող չէի։ Նոր շրջապատում հայտնվելուց, երբ պարզվում էր, որ քրիստոնյաներով եմ շրջապատված, հաճախ վիճում էի և կռվարար էի այդ առումով։ Ժամանակի ընթացքում և մեծանալուն զուգընթաց՝ սկսեցի ավելի հանդուրժող լինել։

Դպրոցում՝ Հայոց եկեղեցու պատմության դասաժամերին, ինչ-որ մի պահի սկսել էինք աղոթել, չեմ էլ հիշում, թե ինչպես պատահեց։ Դասերը սկսում էինք աղոթքով, ինչն արդեն այդ տարիքում ինձ համար անչափ դժվար էր։ Որոշեցի խոսել ուսուցչիս հետ ու բացատրել իրավիճակը․ասացի, որ եթե ուզում եք, որ ամեն ինչ հավասար լինի, ես կարող եմ ուղղակի կանգնած մնալ։ Իրականում, իմ ուսուցիչն այնքան էլ լուրջ չվերաբերվեց իմ ասածին՝ մտածելով որ դա երեխայական կապրիզներ են և որ կանցնի, բայց ընդունեց իմ դիրքորոշումը։ Էդ առումով իմ բախտը բերել է։ Իմ ուսուցիչն ինձ հետ շատ ընկերական էր և սիրում էր ինձ, ու այս առումով ամեն բան հարթ ընթացավ, մինչդեռ համալսարանի առաջին կուրսում եղել են դեպքեր, երբ համակուրսեցիներս տարօրինակ հայացքով նայել են ինձ, երբ ասել եմ, որ աթեիստ եմ։

Ինձ համար կրոնն ու հավատքը շատ անձնական թեմաներ են և հանրային միջավայրում այդ թեմայով նախընտրում եմ չխոսել։ Միայն ընկերական նեղ շրջապատում եմ կիսվում, որտեղ կարող եմ անկեղծ ու հանգիստ խոսել»։

Սոնան ընդհատում է պատմությունը և ասում․«Ես միշտ ուզեցել եմ Էջմիածնից էկող SMS-ներին պատասխանել, որ ինձ չանհանգստացնեն, բայց այդպես էլ չի հաջողվել»,- ծիծաղում է։

Վերադառնալով իր հուշերին՝ շարունակում է․ «Ծնողներիս շատ վաղ եմ ասել, որ աթեիստ եմ, իրենք էլ անլուրջ և կատակով վերաբերվեցին իմ ասածին, բայց հասկանալի էր, որ շատ շոկային էր այդ լուրը։ Հայրս հանդուրժող է էդ առումով, ամեն բան խոսեցինք ու քննարկեցինք։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչ պատասխանեց․ «ես գիտեմ, որ դու ճիշտ ես, ու քո դիրքորոշումը ճիշտ է, բայց ես ինքս ինձ մեջ ուժ չեմ գտնում ինձ աթեիստ համարելու և կրոնից հրաժարվելու համար»։

Վերջերս իմ ընկերներից Նարեկի հետ Վանաձորում էինք։ Հին եկեղեցի կար՝ 12-րդ դարի։ Առաջարկեց ներս մտնել։ Ասի՝ լո՞ւրջ ես ասում, ասեց՝ հա։ Համաձայնեցի։ Էնտեղ փոքր երեխայի էին կնքում, որը տանջվում-լացում էր։ Էդ դեպքից հետո է՛լ ավելի ճնշված եմ զգում ինձ եկեղեցի մտնելիս։ Նարեկն էլ կատակելով ասում էր՝ քո միջի դևերն են։ Դռան մոտ կանգնած սպասում էի, թե երբ ենք վերջապես դուրս գալու»։

————

Արմանն այս հոդվածի միակ տղա հերոսն է, որն անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության և պատերազմի թոհուբոհի միջով։ Շատերի համար օբյեկտիվորեն, որոշների համար էլ գուցե սուբյեկտիվորեն, նա չցանկացավ բացահայտել իր անձը։ Արմանի համար շատ դժվար էր վերհիշել բանակային օրերի մասին, բայց ուժերը հավաքեց ու սկսեց պատմել այնպես, կարծես երբևէ որևէ մեկին չէր պատմել այս մասին ու հետո էլ այլևս չի պատմելու։

«Բանակում աթեիստ լինելը մեղք է, որովհետև էնտեղ բոլորը հավատացյալ են, մանավանդ՝ պատերազմի ժամանակ։ Երբ բոլորն աղոթում ու աստված են կանչում, հաճախ մեղադրող հայացքով նայում են աչքերիդ մեջ ու պահանջում, որ վերափոխվես։ Պատերազմում հաղթելն ու չմեռնելը, կարծես, հավատքի մեջ էր, ու եթե չէիր հավատում աստծուն, ուրեմն դատապարտված էիր պարտության, ուրեմն չէիր հավատում, որ ողջ կմնաս, ուրեմն թուլամորթ էիր ու բանակին ոչ պիտանի։ Խոսքը միայն ճնշող ու մեղադրական հայացքների ու հույզերի մեջ չէր, այլև տղայական ռազբոռկաների ու թեմաների, որտեղ պետք է պարզաբանեիր մյուսներին չհավատալուդ հիմքերը, որը շատերի համար բոլորովին էլ հետաքրքիր չէր։ Էնտեղ կար միայն մեկ «ճիշտ», իսկ դրան դեմ լինելը դաժան վերաբերմունքի էր արժանանում։ Չեմ ուզում վերհիշել ու պատմել դրվագները, որտեղ ճնշվել եմ մյուսների կողմից։ Դրանք շատ են։ Փակել եմ էդ էջն ու անցել առաջ։

Մեզ մոտ ամեն երկուշաբթի առավոտ օրհներգն էինք երգում և բարձրացնում դրոշը։ Ամեն երկուշաբթի դրոշը բարձրացնելու պատիվը տրվում էր նախորդ շաբաթվա ընթացքում իրենց լավ դրսևորած զինվորներին։ Ես շատ լավ եմ ծառայել ու ինձանից երբևէ չեն բողոքել, նկատողություններ չեմ ունեցել, անգամ ճանաչվել եմ մեր վաշտի լավագույն զինվորը։ Ամեն երկուշաբթի սպասում էի, որ հիմա իմ անունը կկարդան և կգնամ օրհներգի ներքո դրոշը բարձրացնելու, բայց այդ օրն այդպես էլ չեկավ, որովհետև օրհներգից հետո կորպուսի հոգևորականն էր խոսք ասում, և դրան հետևում էր աղոթքն առ աստված, և դրոշի մոտ կանգնած զինծառայողը հոգևորականի և հրամանատարի կողքին՝ դեմքով դեպի զինվորները, պետք է աղոթեր։ Չաղոթելն էլ էր մեղք ու պատիժ։

Հիշում եմ, երբ նորեկ էի, վախենում էի չաղոթել․ չգիտեի բանակի նիստուկացը և փորձում էի հնարավորինս ինձ պահել այնպես, ինչպես պետք էր։ Մի ժամանակ հետո, երբ հաղթահարեցի ցանկացած նորեկին բնորոշ վախերն ու մտորումները, որոշեցի չաղոթել ու ի պատասխան տղամարդկային ապտակ ստացա իմ անմիջական հրամանատարի կողմից, որովհետև հարիր չէր զինվորին չհավատալն ու չաղոթելը։ Բանակն ու հավատքը մեկ էր։ Եթե չէիր հավատում, ապա ընդհանուրի հետ չէիր։ Հերիք չէ ընդհանուրի հետ չէիր, նաև դեմ էիր ընդհանուրին։

Բայց մի դրվագ շատ հատկանշական է, որի մասին կուզեմ խոսել։ Կորպուսի հոգևորականը հինգշաբթի օրերին գալիս էր մեր զորամաս ու զրույցներ վարում մեզ հետ։ Զարմանալիորեն և հակասականորեն պետք է ասեմ, որ այդ օրերն իմ ծառայողական տարիների ամենահաճելի պահերն էին։ Զինվորի համար շատ ոգևորող է, երբ դրսից մարդ է գալիս, զրուցում էնպիսի թեմաների մասին, որոնք կարելի է կապել մարդու, հոգեբանության ու փիլիսոփայության հետ։ Հոգևորականին ասել էի, որ չեմ հավատում աստծուն և որ աթեիստ եմ, ու նա ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին կայի։ Կարելի է ասել, որ ես իրեն ընկալում էի որպես ընկեր, ում հետ հանգիստ զրուցում էի վախերի ու հույզերի, ակնկալիքների ու ձախողումների մասին։ Եվ դա այդպես էր։ Ես ինձ ապահով ու հանգիստ էի զգում։

Երբ արդեն բավականին լավ էինք ճանաչում իրար, մյուսների համար զարմանալի էր մեր մոտիկությունը, երբեմն՝ երևի անհասկանալի։ Բայց դա կարևոր չէր, որովհետև չհավատալն էլ իմ համոզմունքն էր, և մենք հարգում էինք միմյանց ներքին զգացողությունները՝ անկախ մեր դիրքորոշումից։ Հոգևորականի հետ բարիդրացիական շփումը մի ժամանակ հետո բերեց այն վիճակին, որ շատերի համար արդեն կարևոր չէր իմ անհավատ լինելը։ Գուցե նաև կապ ուներ այն հանգամանքը, որ արդեն մեկուկես տարի է` ինչ ծառայում էի և բանակային լեքսիկոնով «ստառիկ» էի համարվում, ուստի իմ ու նորեկների միջև չէր կարող կոնֆլիկտ առաջանալ»։

Արմանն այս հոդվածի միակ տղա հերոսն է, որն անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության և պատերազմի թոհուբոհի միջով, բայց Հայաստանում կան բազմաթիվ «Արմաններ», որոնք նույնպես ապրել են նմանօրինակ պատմություններ, երբեմն ավելի դաժան, երբեմն էլ՝ ոչ այնքան։ Մտածելու տեղիք է տալիս․․․

————

Եվա

Չնայած մեր մյուս հերոսներին՝ Եվան կարծում է, որ աթեիզմն իրեն շատ ավելի հեշտ է տրվել, քան այլոց։ Եվան սովորել է Շիրվանզադեի անվան դպրոցում, հիմա էլ աշխատում է գրատանը, որտեղ էլ խոսում ենք իր պատմության և հուշերի մասին։

Սկսում է ընտանիքից․ «Ես մինչև 11-12 տարեկան համոզմունքի տեսակետից ինձ ոչինչ չեմ համարել, որովհետև միջավայրն էր նպաստող։ Իմ մամայի կողմից ընտանիքը քրիստոնյա է ու հավատացյալ, իսկ պապայի կողմից՝ այնքան էլ չէ։ Մամայի կողմից տատիկս շատ հավատացյալ էր ու ծանր էր տանում, երբ կրոնի մասին խոսելիս ասում էի, որ չեմ հավատում։ Իմ պապայի ծնողները սովետական տարիներին ապրած մարդիկ են, իսկ էն ժամանակ նորմալ էր համարվում աթեիստ լինելը։

Ինչ-որ մի պահի հասկացա, որ ինքս ինձ պետք է ավելի լավ ճանաչեմ ու հենց այդ շրջանում է, որ հասկացա, որ աթեիստ եմ։ Եվ խոսքը միայն հավատքին չի վերաբերում։ Վաղ տարիքից նաև սկսեցի միս չուտել։ Մինչև օրս էլ չեմ ուտում։ Դեպքերի մեծամասնությունում կրոնի մասին խոսակցությունը գալիս է այն բանից հետո, երբ ասում եմ, որ միս չեմ ուտում։ Մարդիկ դրանք կապում են իրար ու ասում, որ ինչ-որ ռելիգիոզ բան է։ Չնայած ես ասում եմ, որ դա այդպես չէ։

Դպրոցում մենք անցնում էինք Հայոց եկեղեցու պատմություն, ու դեռ այն ժամանակից ես մտածում էի, որ դա կարող էր լինել ընդհանուր պատմության մի մասը, ոչ թե առանձին առարկա։ Այնպես չէ, որ ես դեմ էի, դասերին չէի պատրաստվում։ Իմ տեսակով բունտեր անող չեմ։ Եթե ինձ հարցնեն, ապա կարձագանքեմ, եթե հարցեր չտան, ապա ընդհանրապես չեմ խոսի։ Աշխատում եմ այդ մասին չխոսել, որովհետև թեման քննարկումներ է առաջացնում, հետո սկսում են վիրավորել։ Մի դեպք եմ մտաբերում, երբ միս չուտելուց խոսակցությունը հասավ մինչև կրոններ, ու ոնց որ ինձ ասացին՝ դե հա՛, աթեիստները չեն մտածում, չեն հասկանում։ Ես էլ ասացի՝ օքեյ։

Երբ խոսքը գնում է կրոնի մասին, մարդիկ, ովքեր հավատացյալ են, միշտ փորձում են պնդել, որ ես սխալ եմ, այն դեպքում, երբ ես երբևէ նույն կերպ չեմ վարվում։ Կարծում եմ, որ Հայաստանում դժվար է աթեիստ լինելը։ Ինձ համար իրականում ավելի դժվար է լինել մարդ, որն ուրիշ ձև է մտածում։ Երբ դու ինչ-որ բանով տարբերվում ես, շատ դժվար է լինում։ Մարդիկ հակված են, որ դիմացինը պետք է իրենց նման մտածի։ Երբ մարդը մի բանով տարբերվում է, սկսվում է դիսկրիմինացիան։ Կարծում եմ, որ դա կավարտվի այն ժամանակ, երբ երեխաներին փոքրուց սովորեցնեն, որ մարդիկ տարբեր են։

Կյանքը գեղեցիկ է նրանով, որ ինքը շատ տարօրինակ է, ու չես կարող մինչև վերջ պատասխաններ գտնել, թե ինչ է եղել ու ինչպես է եղել իրականում։ Կրոններն ասում են, որ մահից հետո էլի կյանք կա, կա դրախտ-դժոխք, և որ մարդիկ իրենց արածների համար պատասխան են տալու։ Էդ առումով շատ հմայիչ է։ Իմ համար լավ է, որ մենք մի անգամ ենք ապրում։ Ես մինչև վերջ մեկ է՝ չեմ կարա ոչինչ պնդել, բայց ըստ իս՝ մենք միայն էս կյանքն ունենք, ու դա շատ գեղեցիկ է։ Էս մի կյանքն ունեմ ու ոչ մեկի վրա պատասխանատվություն չեմ գցում՝ ո՛չ բախտի, ո՛չ աստծո։

Էն ժամանակ, երբ ինտերնետ չկար, քեզ համար գոյություն ուներ այն, ինչ կար քո շրջապատում։ Նույնիսկ սովետական տարիներին էին այդպես։ Իսկ հիմա ինտերնետը շատ բան է փոխում․ եթե անգամ դու փոքրամասնություն ես, միևնույն է կարող ես գտնել քեզ նման մտածող մարդկանց։ Իմ օրվա մեծ մասն անցնում է գրախանութում։ Ժամանակակից գրողներն էլ շատ հաճախ անդրադառնում են փոքրամասնություններին ու կոտրում կարծրատիպերը, ինչը շատ հավես է իրականում։ Այս առումով, դրական եմ տրամադրված, որովհետև համոզված եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնում»։

————

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն ընդունած երկիրը, այդուհանդերձ, ինքներս մեզ պետք է հարց տանք՝ որքանո՞վ ենք մենք մեզ համարում «ճիշտ» քրիստոնյաներ, քանզի հե՛նց քրիստոնեությունն է սովորեցնում լինել հանդուրժող, դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայիր քեզ հետ վարվեին։ Վստահաբար բազմաթիվ այլ կրոններ ևս սովորեցնում են նույն համամարդկային արժեքները և քարոզում սկզբունքներ, որոնք պետք է բնորոշեին քաղաքակրթությունն ու մարդկանց հնարավոր համակեցությունը։

Եվ իրապես, չհավատալը մեղք չէ։ Մեղք է մարդկանց հավատալու կամ չհավատալու համար դատապարտելը, որի հետ պետք է հաշվի նստել ու առաջին հերթին պատասխան տալ սեփական խղճի առաջ։ Ազգային միատարրության մեջ լճացած հասարակությունը կարիք ունի ռեստարտի։

 

Ալեքսանդր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031