Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ. Անահիտ Մանասյան

Մայիս 01,2023 13:04

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

«Սիրելի հայրենակիցներ,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առթիվ:

Համաշխարհային այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատողներին, պաշտպանելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները:

Մեր երկրում շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս առումով հատկապես կարևոր է աշխատաշուկային կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման օրենսդրական և գործնական արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Բացի այդ, առաջնային է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։

Այս տեսանկյունից Պաշտպանը կարևոր է համարում նաև մասնավոր սեկտորում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031