Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ղուկասյանն անկեղծանում է՝ 8 տարեկանից բազմաթիվ ծրագրերի շահառու է եղել․ի՞նչ է առաջարկում Սյունիքի մարզպետը (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 01,2023 12:46

«Հաճախ դուք՝ դոնոր կազմակերպություններդ էլ տեղյակ չեք միմյանց ծրագրերից, բայց կարեւոր է, որ մեկ ծրագիրը լրացնի կամ շարունակի մյուսին, կրկնություններ չլինեն, ու ամբողջական արդյունքով ծրագրեր լինեն»,-վերջերս Գորիսում կայացած «Միասին Սյունիքի համար-գյուղատնտեսություն» աշխատաժողովում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից, համայնքների ղեկավարներից ու մարզային այլ կառույցների աշխատակիցներից, աշխատաժողովին մասնակցեցին նաեւ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող եւ գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության պատասխանատուներ։ Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ մեկ հարթակում համատեղելով Սյունիքում գյուղատնտեսության ոլորտում ներդրում ունեցող, ծրագրեր իրականացնող ու աշխատանք տանող բոլոր կառույցներին։

«Չկա մի երկիր, որ կարող է զարգանալ առանց զարգացած գյուղատնտեսության, իսկ Սյունիքի մարզում այն նաեւ պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր ու առաջնահերթ գործոն է, դրա համար էլ մենք բոլորս այսօր հավաքվել ենք», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին։


Միջազգային կազմակերպությունները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաեւ առաջիկա տարիներին նախատեսված ծրագրերը։

Մոտ 7 ժամ տեւած աշխատաժողովի վերջում՝ մասնակիցները Սյունիքի մարզպետից հետաքրքրվում են՝ ինչպես են չափելու կատարած աշխատանքների արդյունավետությունը։ Ռոբերտ Ղուկասյանը խիստ ու կտրուկ էր՝ չենք չափելու։ «Որովհետեւ ծրագրերի մեծ մասը չափելու չէ ընդհանուր համատեքստում։ Ոչ թե մենք ասելու ենք՝ թե ինչ եք արել, այլ ինչ արդյունք ենք ստացել։ Ոչ թե քանի մեղվափեթակ ենք տվել շահառուին, այլ մեղվաբերքի ժամանակ ինքը ինչքան մեղր է քամել եւ հետեւողական ենք լինելու ամեն տարի»,-նշեց Ղուկասյանը։ Մարզպետի խոսքով, եթե Սյունիքի զարգացումից են խոսում՝ ապա հստակ ցուցանիշներ պիտի արձանագրեն։ «Օրինակ՝ աղքատության կրճատման չափելի մեխանիզմ՝ նպաստառու ընտանիքների թվի նվազում, կամ համայնքներում մշակովի նոր հողատարածքների ավելացում եւ այսպես կարելի է չափել արդյունքները»,-համոզված է Ռոբերտ Ղուկասյանը։

Սյունիքի մարզպետն անկեղծանում է՝ ինքն անցել է այս ամենի միջով եւ 8 տարեկանից բազմաթիվ ծրագրերի շահառու է եղել։ «Չէի ցանկանա, որ 20 տարի անց պարզվի միլիոնավոր գումարներ են ծախսել ծրագրերի վրա, բայց արդյունքում տարին ամփոփելիս՝ ելքային ցուցանիշները չեն փոխվում։ Արդյունք չկա, բայց ինչ-որ գյուղում, ինչ-որ մի բնակիչ ծրագիր է իրականացրել»,-խոսքն ամփոփեց Ռոբերտ Ղուկասյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031