Հոդվածաշարի առաջին մասը կարդացեք այստեղ
Սառը Պատերազմի ժամանակ, որը պատերազմ էր ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, կողմերը զարմանալիորեն ունեին համագործակցություն երկու կարեւոր բնագավառներում՝ միջուկային զենքի չտարածման եւ ապագաղութատիրացման։ Չնայած պատերազմին, երկուսի շահերն էլ այս դեպքում համընկնում էին, քանի որ այդ միջոցառումների շնորհիվ նրանք դառնում էին միակ գերտերությունները։ Սառը Պատերազմի ավարտից հետո՝ սկզբնական շրջանում, երկու կողմերի շահերի համադրման բնագավառները ավելի շատացան եւ համագործակցությունն էլ, բնականաբար ավելի ակտիվացավ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թերեւս, եզակի է նրանով, որ Ռուսաստանը եւ Արեւմուտքը տարբեր փուլերում ունենալով տրամագծորեն հակառակ շահեր, այնուամենայնիվ խիստ ներդաշնակ են աշխատել այս խնդրով։ Ղարաբաղյան խնդրի ծագման ժամանակ Ռուսաստանի ակնհայտ շահն այն էր, որ տարածաշրջանում միլիարդավոր ռուբլիներ ծախսելու ու տասնյակ հազարավոր զորքեր եւ հարյուրավոր տանկեր պահելու փոխարեն, հակամարտության շնորհիվ նա ստանում էր կետային ազդեցության գործիք՝ շատ ավելի էժան ու արդյունավետ։ Արեւմուտքի համար այս հակամարտությունը երանելի միջոց էր քաղաքական գործիքներ ստանալու նախկին ԽՍՀՄ հենց սրտում, որի մասին ժամանակին ինքը չէր էլ կարող երազել։ Հենց սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ կոնֆլիկտի ձեւավորման եւ զարգացման ժամանակ հայկական կողմը երկուսի կողմից էլ ուներ երաշխավորված լռություն, երբեմն անգամ՝ քաջալերանք։
Որպես հակամարտության կարգավորման մեխանիզմ ձեւավորված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափն իր կազմով եւ գործառույթներով հստակորեն արտահայտում էր կողմերի այս ներդաշնակությունը։ Մինսկի խմբով բանակցությունների ժամանակ բազմաթիվ առաջարկներ են արվել տարբեր հարցերով՝ սահմանների երկարության ու միջանցքի լայնության, կարգավիճակի ու հանրաքվեի, եղել են համաձայնություններ եւ տարաձայնություններ, եւ այլն, սակայն հիմնական խնդիրը, որի շուրջ կողմերը երբեք չեն կարողացել փոխզիջման գնալ, եղել է խաղաղապահ զորքերի կազմը՝ խնդիր, որ հաճախ անգամ հանրայնորեն չի էլ բարձրաձայնվել։ Ռուսական կողմը ցանկացել է Արցախում եւ նրա շուրջ տեսնել ռուսական զորքեր, իսկ ԱՄՆ-ը՝ զորքերի ցանկացած կազմ, բացի ռուսական (եւ թուրքական) զորքերից։
Կարդացեք նաև
Շահերի այս կտրուկ բախման եւ լուծման տրամագծորեն հակառակ տեսակետներով պետք է առաջին հերթին բացատրել, որ անցած տասնամյակների ընթացքում այդպես էլ չհաջողվեց իրապես կարգավորել հակամարտությունը։
Նիկոլի առաջացումը հետաքրքիր էր նրանով, որ կողմերից յուրաքանչյուրը նրա մեջ տեսավ խնդրի կարգավորման իր սպասած հույսը։ Նիկոլի իշխանության գալուց նույնպես ականատես եղանք կողմերի գործողությունների համադրման։ Իշխանությունը վերցնելու համար Նիկոլին Ռուսաստանն օգնեց առաջին հերթին իր հզոր գործակալական ցանցով, ինչպես նաեւ ռուսական ձեռնարկությունների բազմահազարանոց հանրահավաքային մարդուժով, իսկ Արեւմուտքը՝ սորոսներով ու տարբեր «ժողովրդավարական» խաղիկներով։ Երկու կողմն էլ ցանկանում էին Նիկոլի միջոցով վերջապես լուծել ղարաբաղյան խնդիրը․ Արեւմուտքը՝ լուծման միջոցով վերջապես Ռուսաստանին զրկել ազդեցության այս լծակից եւ հեռացնել տարածաշրջանից, իսկ Ռուսաստանը՝ վերջապես ռուսական զորքեր տեղադրելով։ Առաջին հերթին հենց սրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Հայաստանում 2018թ․ հեղաշրջումը ընթացավ շատ սահուն, առաջին ընթացքում չառաջացրեց աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական լուրջ ճգնաժամեր։
Ի վերջո, Ռուսաստանը հստակորեն լուծեց իր խնդիրը գորդյան հանգույցի մեթոդով՝ Նիկոլի միջոցով կռիվ սարքելով, ծայրահեղ անորակ ու դավաճանական ռազմական կառավարման հետեւանքով կարճ ժամանակում ստանալով մեծաթիվ զոհեր եւ արյունահեղություն դադարեցնելու համար ռուսական (եւ թուրքական) զորքերը մտցնելով՝ առանց անգամ նայելու մյուս համանախագահների շփոթված դեմքերին։ Արեւմուտքը չհասցրեց անգամ արձագանքել այս իրադարձություններին՝ մի կողմից պատերազմը եւ զոհերը շատ համոզիչ էին, մահերը չափազանց շատ էին, մյուս կողմից ինքն ընդհանրապես նախապատրաստված չէր նման ընթացքի համար, եւ չհասցրեց էլ պատրաստվել, քանի որ շատ շուտ ստիպված եղավ դիմագրավել մեկ այլ հսկայական մարտահրավեր՝ ռուս- ուկրաինական պատերազմի տեսքով։
Ներկա շրջանում, պատերազմից տարիներ անց, կրկին ականատես ենք Ռուսաստան-Արեւմուտք կոնսենսուսին Նիկոլին իշխանության պահելու հարցում։ Արեւմուտքը, չխաբվելով հանդերձ Նիկոլի «ժողովրադավարական» խոսույթներին, այնուամենայնիվ հույս ունի, որ գալու է այն պահը, որ Նիկոլն այլեւս չդիմանա Ռուսաստանի ճնշումներին, եւ ստիպված մեջքով շուռ գա դեպի Մոսկվան ու դիմի Վաշինգտոն-Բրյուսելին։ Եվ իհարկե, շատ կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր գոյություն չունի քիչ թե շատ լուրջ ընդդիմադիր ուժ, ով դեմ լինի Ռուսաստանի էքսպանսիային տարածաշրջանում, եւ որի վրա կարող էր հույս դնել Արեւմուտքը։
Ռուսաստանի համար Նիկոլը եւս խիստ կարեւոր է այս շրջանում, քանի որ նրա միջոցով դեռեւս պետք է շատ տարածաշրջանային փոփոխություններ կատարի՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի սուվերենության սահմանափակումը եւ իր վերահսկողության տակ գտնվող թուրանական միջանցքի ստեղծումը։ Այս ամենն իրականացնելուց հետո միգուցե Մոսկվան մտածի Նիկոլին փոխելու մասին։
Աղասի Ենոքյան