«Միկա» մարզահամալիրում ավարտվել են բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման մենամարտերը։ Այսօր կիսաեզրափակիչների օրն է։ Այս փուլ հասած բռնցքամարտիկներն արդեն իսկ իրենց ու իրենց երկրների համար ապահովել են բրոնզե մեդալներ։
Նրանց մեջ են Հայաստանի երիտասարդական հավաքականի 13 անդամներից 12-ը, որոնք այսօր ժամը 13։30-ից աշխատելու են ռինգում եզրափակչի ուղեգիր վաստակել եւ վաղը մենամարտել այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար։
Հայաստանի երիտասարդական հավաքականը ազգային ֆեդերացիայի եւ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ արդեն պատմություն է կերտել հայկական բռնցքամարտում։ Դեռ երբեք չի եղել, որ մեր թիմը ամբողջական կազմով նման մակարդակի առաջնության մասնակցելով տա ընդամենը մեկ կորուստ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ