Լրահոս
Օրվա լրահոսը

Անհանգիստ ոտքերի համախտանիշ. խանգարում, որն առաջացնում է ոտքերը շարժելու անկառավարելի ցանկություն

Մայիս 01,2023 09:30

Անհանգիստ ոտքերի համախտանիշը նյարդային համակարգի խանգարում է, որն առաջացնում է ոտքերը շարժելու անհաղթահարելի ցանկություն։ Այս խանգարումը նաև հայտնի է որպես Ուիլիս Էկբոմի հիվանդություն։ Մասնագետներն այս վիճակը համարում են քնի հետ կապված նյարդաբանական խանգարում, քանի որ այն սովորաբար առաջանում կամ ավելի սրվում է մարդու հանգիստ վիճակում՝ առավելապես երեկոյան ժամերին։ Համախտանիշը կարող է առաջացնել քնի կամ երկար ժամանակ նստած մնալու հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մեքենա վարելիս կամ թատրոնում։ Չբուժելու դեպքում այս վիճակը կարող է վատթարանալ, իսկ քնի պակասն իր հերթին կառաջացնի այլ խնդիրներ։

Խանգարումը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն ավելի հաճախ է հանդիպում կանանց, միջին տարիքի մարդկանց շրջանում և բավականին դժվար է ախտորոշվում։

Անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանշանները

Անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցող մարդիկ տարօրինակ զգացողություններ են ունենում ոտքերում՝ քոր, ցնցումներ, ցավ, ծակծկոց, մզմզոց, մռմռոց, պուլսացիա և ոտքերը շարժելու շատ ուժեղ ցանկություն՝ այդ զգացողություններից ազատվելու համար։ Այս վիճակը մարմնի այլ մասերում էլ կարող է առաջանալ․ օրինակ՝ ձեռքերում կամ գլխում։ Զգացողությունները սովորաբար առաջանում են մարմնի երկու կողմերում էլ, սակայն կարող են սկսվել մի կողմում՝ անցնելով մյուս կողմին։

Անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանշանները թեթևից մինչև անտանելի կարող են լինել, կարող են սկսվել ու անցնել իրենք իրենց՝ ժամանակ առ ժամանակ ավելի սրվելով։ Սովորաբար վիճակը վատանում է երեկոյան կամ գիշերային ժամերին։ Որոշ մարդկանց շրջանում ախտանշաններն առաջացնում են քնի լուրջ խանգարումներ, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում նրանց կյանքի որակի վրա։

Ախտանշանները գրեթե միշտ անհետանում են վաղ առավոտյան, և այդ ընթացքում մարդիկ կարողանում են հանգիստ քնել։

Անհանգիստ ոտքերի համախտանիշի պատճառները

Մասնագետներին դեռևս լիովին հայտնի չէ, թե որն է այս համախտանիշի զարգացման պատճառը, սակայն հայտնի է, որ գեներն ունեն որոշակի դերակատարություն։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցող մարդկանց գրեթե կեսի ընտանիքում կա անդամ, որը նույնպես ունի այդ խանգարումը։

Համախտանիշը կարող է նաև կապված լինել հետևյալ վիճակների հետ՝

  • Խրոնիկ հիվանդություններ․ առողջական երկարաժամկետ որոշակի վիճակներ կարող են անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանշաններ առաջացնել՝ այդ թվում՝ երկաթի դեֆիցիտ, Պարկինսոնի հիվանդություն, երիկամային անբավարարություն կամ երիկամների այլ հիվանդություններ, դիաբետ ու պերիֆերիկ նեվրոպաթիա։
  • Դեղորայք. որոշ դեղամիջոցներ կարող են վատթարացնել ախտանշանները, այդ թվում՝ սրտխառնոցի դեմ պայքարող դեղամիջոցները, նեյրոլեպտիկները, որոշ հակադեպրեսանտներ, հարբուխի և ալերգիայի դեմ պայքարող դեղամիջոցներ, որոնք հակահիստամինային բաղադրիչներ են պարունակում։
  • Հղիություն․ որոշ կանանց շրջանում համախտանիշն առաջանում է հղիութան ընթացքում, հատկապես՝ երրորդ եռամսյակում, և սովորաբար ախտանշաններն անցնում են ծննդաբերությունից մեկ ամիս անց։
  • Կենսակերպ․ քնի անբավարարությունը և այլ խանգարումներն, ինչպիսին ապնոէն է, կարող են առաջացնել համախտանիշի դրսևորումներ կամ վատթարացնել ախտանշանները։

Անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտորոշումը

Այս խանգարումն ախտորոշող հատուկ թեստեր չկան։ Ախտորոշման համար կիրառվող 5 հիմնական չափանիշներն են՝

  • Ոտքերը շարժելու անհաղթահարելի ցանկություն, որն ուղեկցվում է տհաճ ու անսովոր զգացողություններով։
  • Այդ ցանկությունը սկսվում կամ ուժեղանում է հանգստի ժամանակ։
  • Այն լիովին կամ մասամբ անցնում է շարժվելիս։
  • Սկսվում կամ ուժեղանում է երեկոյան։
  • Ոտքերում տարօրինակ զգացողությունների պատճառ չեն հանդիսանում այլ վիճակները, ինչպիսիք են արթրիտը, ոտքերի ջղակծկումները կամ մկանային ցավերը։

Բժիշկը կարող է լաբորատոր հետազոտություններ նշանակել՝ այլ պատճառները բացառելու համար։ Նյարդաբանական հետազոտությունը կարող է հայտնաբերել նյարդերի վնասումները կամ արյունատար անոթների հետ կապված խնդիրները։ Քնի հետազոտությունը, որը կոչվում է պոլիսոմնոգրաֆիա, կարող է բացահայտել քնի այլ խանգարումների առկայությունը, որոնք կարող են համախտանիշի զարգացման պատճառ դառնալ։

Բուժումը

Որպես այդպիսին՝ այս խանգարումն անբուժելի է, սակայն բուժման օգնությամբ կարելի է վերահսկել ախտանշանները, որպեսզի մարդը հանգիստ քնելու հնարավորություն ունենա։ Իսկ եթե ոտքերում անհանգստությունը կապված է, օրինակ, երկաթի անբավարարության հետ, ապա բժիշկը համապատասխան բուժում կնշանակի։

Ինչպես նշվեց՝ բուժումն ուղղված է ախտանշանների վերացման ուղղությամբ։ Եթե ախտանշանները թեթև են, ապա կարող են օգտակար լինել կենսակերպի շտկումները, ֆիզիկական վարժությունները, ալկոհոլից ու վնասակար այլ սովորություններից հրաժարվելը։

Բուժման այլ միջոցներ են՝

  • Ոտքերի մերսումը,
  • տաք լոգանքները,
  • ջերմակները կամ սառույցով պարկերը ոտքերի համար,
  • վիբրոբարձերը։
  • Որոշ մարդկանց օգնում է դեղորայքային բուժումը, որը ներառում է դոպամիներգիկ դեղամիջոցներ, բենզոդիազեպիններ, հակակծկումային և այլ միջոցներ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031