Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի հարցով զեկուցող Փոլ Գավանին լիազորեց այցելել տարածաշրջան»

Մայիս 01,2023 14:00

Հայկ Մամիջանյանն ասաց՝ Փոլ Գավանի հետ հանդիպման ժամանակ իր՝ ի թիվս այլ խնդրանքների, նրան խնդրել է, որ եթե ադրբեջանական կողմը թույլ չտա իրեն այցելել Լաչինի միջանցք, գոնե Բաքու այցելության ընթացքում հանդիպում պահանջի, այսպես կոչված, էկոակտիվիստների հետ, որոնք փակել էին Լաչինի միջանցքը։

«ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովում, որի անդամ եմ ես, Փոլ Գավանը հաստատվեց զեկուցող Լաչինի միջանցքի հարցով, եւ հանձնաժողովն իրեն լիազորություն տվեց այցելել տարածաշրջան»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ Փոլ Գավանի այցի կազմակերպման համար անհրաժեշտ է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Մեր հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի՝ Ադրբեջանն ինչպե՞ս է այս հարցով տրամադրված, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Մեր պատվիրակության մի քանի անդամներով մի քանի օր առաջ հանդիպել ենք Փոլ Գավանի հետ։ Այդ պահի դրությամբ դեռեւս ադրբեջանական կողմը պատասխան չէր տվել, եւ անձամբ ես որեւէ լավատեսություն չունեմ այդ հարցում»։

Հիշեցնենք՝ Ստրասբուրգում ապրիլի 24-28-ն անցկացվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ Փոլ Գավանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր իր՝ Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ այցի կարեւորության մասին։ Նա մասնավորապես տարածված հայտարարությամբ նշել է. «Իմ այցի ընթացքում, որը պետք է ներառի առաջին ձեռքից փորձառություն Լաչինի միջանցքում տիրող պայմանների վերաբերյալ, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան կողմերի հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին՝ ես վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ գործակցության եւ բարի կամքի վրա»։

Հայկ Մամիջանյանն ասաց՝ Փոլ Գավանի հետ հանդիպման ժամանակ իր խնդրանքներն է փոխանցել զեկուցողին եւ մանրամասնեց. «Մասնավորապես, ես՝ ի թիվս այլ խնդրանքների, իրեն խնդրեցի, որ եթե ադրբեջանական կողմը թույլ չտա իրեն այցելել Լաչինի միջանցք, գոնե Բաքու այցելության ընթացքում զեկուցողը հանդիպում պահանջի կամ խնդրի այն՝ այսպես կոչված, էկոակտիվիստների հետ, որոնք փակել էին Լաչինի միջանցքը։ Մասնավորապես խնդրեցի ոչ թե որպես այդպիսին հանդիպում անցկացնել, այլ հանդիպման ընթացքում խնդրել, որպեսզի այդ՝ այսպես կոչված, ակտիվիստները ներկայացնեն այս երեսուն տարիների ընթացքում իրենց իրականացրած պայքարը շրջակա միջավայրի պահպանության հարցերում, ցանկալի կլինի, որ հանդիպեն ոչ թե կառավարական որեւէ հիմնարկում, այլ հենց այդ բնապահպանական կազմակերպությունների գրասենյակներում։ Բոլոր հարցադրումներս նրա համար էին, որպեսզի զեկուցողն ինքը համոզվի, որ այդ մարդիկ պետական աշխատավարձով ապրող, անօրինական գործողություններ իրականացնող մարդկանց խումբ են, որոնք կապ  չունեն բնապահպանության հետ, որեւէ անցած ճանապարհ չունեն բնապահպանության ոլորտում, այլ ընդամենը կատարում են Ադրբեջանի ավտորիտար իշխանությունների նենգ եւ ցեղասպան ծրագիրը»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպե՞ս արձագանքեց Փոլ Գավանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Ասաց՝ եղավ։ Ես խնդրանքս այսպես ձեւակերպեցի, թե ես չեմ ուզում Ձեր փոխարեն Ձեր աշխատանքն անել, այլ առաջարկի տեսքով ասացի»։

Հայկ Մամիջանյանի հետ զրույցում հիշեցրինք՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անդրադառնալով իր՝ Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք այցելության արգելքին, հայտարարեց, որ անդամ պետությունների պատճառով է, որ ինքը չի կարողանում այցելել ԼՂ եւ Լաչինի միջանցք՝ ըստ էության, այդ մեղքը բարդելով նաեւ Հայաստանի վրա, մինչդեռ Ադրբեջանն է հրաժարվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին այցելել ԼՂ։ Եվ հարցրինք՝ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է խոչընդոտում, որպեսզի միջազգային կազմակերպություններն այցելեն ԼՂ եւ Լաչինի միջանցք, ու հիշեցրինք՝ անցյալ նստաշրջանի ընթացքում Հայկ Մամիջանյանը հանդիպել էր Դունյա Միյատովիչին եւ հետեւաբար՝ ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հասցեական չասաց, որ խոչընդոտողն ադրբեջանական կողմն է, պատգամավորը պատասխանեց. «Անհատական հանդիպումների եւ ամբիոնից հնչեցված կարծիքները միշտ չէ, որ նույնն են։ Երկրորդը, բոլոր միջազգային կառույցներն աչքի են ընկնում իրենց՝ հաճախ անհասցեականությամբ։ Կարծում եմ, որ որոշ դեպքերում միջազգային կառույցների արդյունավետության պակասի դրդապատճառներից մեկը հենց իրերն իրենց անուններով կոչելուց խուսափելն է ու դիվանագիտության կիրառումն այնտեղ, որտեղ դիվանագիտությունը վաղուց արդեն անելիք չունի»։

Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ մանավանդ, որ Վեհաժողովը որոշեց ու Մոլդովայի հարցն ավելի կարեւորեց, քան Լաչինի միջանցքի հարցը. հրատապ բանավեճ կազմակերպվեց Մոլդովայի հարցով, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Հաջորդ նստաշրջանին նախատեսված է Լաչինի միջանցքի հարցով զեկույցի ներկայացում, հավանաբար բանաձեւի ընդունում։ Դա լինելու է հունիսին։ Կարծում եմ՝ դրանով էր պայմանավորված, որ այս անգամ ընդգրկվեց օրակարգում Մոլդովայի հարցը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031