Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց մեծ եղեռնի եւ հայերի այսօրվա իրավիճակի կապը

Մայիս 01,2023 13:00

Սույն հոդվածի հիմնական նպատակն է եւս մեկ անգամ ներկայացնել Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Արցախի, Հայաստանի անկախ պետությունների նկատմամբ այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականության վերլուծության ներկայացումը: Որպեսզի մարդկությանը լիարժեք ներկայացվի Հայոց ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի իրական նկարագիրը, պետք է աշխարհի արխիվներից վեր հանված բոլոր հսկայածավալ նյութերի համադրությունը, վերլուծությունն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները, որը միեւնույն է` չափազանց կիսատ ու թերի է լինելու, քանզի թուրքական պետության՝ պետական մակարդակով ծրագրավորման եւ կազմակերպման համար մշակված հսկայածավալ փաստաթղթերի ամբողջական փաթեթից անհետացել, թաքցվել ու ոչնչացվել է նրա ահռելի մասը ու միայն հրաշքով՝ տարբեր ճանապարհներով, մի շարք երկրների արխիվներում, պետական պաշտոնյաների, հասարակական գործիչների ձեռքերում է պահպանվել եղած փաստաթղթերի փաթեթի մի որոշակի մասը, որոնց վրա հենվելով կարելի է պատկերացում կազմել թուրքական պետության կողմից իրականացված ոճրագործությունների շղթայի վերաբերյալ: Արխիվային փաստաթղթերի փաթեթի պահպանված մասն անգամ այնքան ծավալուն ու չհամակարգված է, որ բավականին տարիներ են անհրաժեշտ դրանց խմբավորման, մշակման, վերլուծության ու արդյունքների համակարգված ներկայացման համար …

Թե հայ-ադրբեջանական (նաեւ՝ թուրքական) հարաբերություններն ինչպիսի ընթացք ունեցան խորհրդային տարիներին, բոլորին է հայտնի: Փորձենք հակիրճ հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ՝ հատկապես արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը եւ հենց նույն իմաստով, այսօր էլ ինչ սարսափելի վտանգ է կախված հայ ժողովրդի ուսերին: Այն իրողությունը, որ դաշնակցության կողմից մոտ մեկ տարի առաջ հանուն Արցախի եւ Հայաստանի փրկության կազմակերպվեց դիմադրության շարժումը, որը տեւեց մի քանի ամիս ու չնայած կազմակերպական որոշակի բացթողումներին, փորձեցին ժողովրդին դուրս բերել Ֆրանսիայի հրապարակ ու համատեղ պայքարել իշխանությունների հրաժարականի պահանջով, մեծ հաշվով չհաջողվեց հավաքել այն կրիտիկական մասսան, որի միջոցով հնարավոր կլիներ իրականացնել իշխանությանափոխություն եւ այդ շարժումն աստիճանաբար մարեց: Իհարկե, արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ այն իր դրական դերը խաղաց այդ ժամանակահատվածում ընթացող իրադարձությունների վրա: Այն էապես զգոնացրեց գործող իշխանությանը եւ նրանց ետ պահեց որոշ քայլերից, որոնք այդ ժամանակ կարող էին էլ ավելի վատացնել մեզ սպառնացող իրավիճակը: Կարծում եմ, դա այն գլխավոր պատճառներից մեկն էր, որ այսօրվա դրությամբ դեռ փաստացի ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել՝ ի վնաս Արցախի եւ Հայաստանի: Այլ խոսքով, չափազանց զարմացած եմ այն հանգամանքի վրա, որ ժողովրդին հրավիրում էին դիմադրության շարժման հանրահավաքներին, պարզ ներկայացնելով, որ այնքան չափազանց ճակատագրական է իրավիճակը եւ Արցախում, եւ Հայաստանում, որ էլ ուրիշ երբ, եթե ոչ այսօր, կարող ենք շատ արագ կորցնել Արցախն ու Հայաստանի շատ տարածքներ, իսկ ժողովուրդը մնաց աներեր, գերադասեց մնալ տանը՝ դուրս չգալ, թեկուզ դա միակ ելքն էր, որի պատճառով նվազագույնը կկորցնեինք Արցախը… Այսքանից հետո, չգիտեմ ինչ անուն կարելի է տալ մեր ժողովրդին:

Դրանից անցավ մոտ մեկ տարի, որի ընթացքում իրավիճակը երկու հայկական պետություններում էլ՝ գոնե երկու պատճառով, էլ ավելի վատացավ: Մեկը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մինչ այսօր՝ տարբեր ուղղություններով շարունակում է հարձակումները Արցախի եւ Հայաստանի վրա, գրավելով նոր տարածքներ ու մեզ պատճառելով նորանոր զոհեր, իսկ երկրորդը՝ 4 ամսից ավելի է՝ փակվել է Լաչինի միջանցքը ու Արցախի 120 հազարանոց բնակչությանը պահում են բացահայտ եւ ամբողջական շրջափակման մեջ, որից առ այսօր փրկության ելք դեռեւս չի գտնվում: Մոտեցավ 2023թ. ապրիլի 23-ը՝ ջահերի երթի օրը եւ սպասվում էր, որ գոնե այդ օրը շատ ժողովուրդ կմասնակցի այդ եզակի միջոցառմանը, քանզի այն ուղղակիորեն առնչվում է մեր թասիբին եւ յուրաքանչյուրի արմատներին, սակայն մեր ժողովրդի մոտ նորից գլուխ բարձրացրեց անտարբերությունը, որը ոչ այլ ինչ է, քան Հայոց ցեղասպանության ուրացում, որն ինչպես ասում են՝ աշխարհի վերջն է …

Հատկապես 2018թ.-ից սկսած, մեր ժողովրդի հետ ինչ-որ տարօրինակ, անհասկանալի բաներ են տեղի ունենում, որը, մեղմ ասած, շատ ամոթալի է բոլորիս համար: Եթե այս ամենը եւ Հայոց մեծ եղեռնի հետեւանքները մեզ համար չդառնան դաս եւ ամեն ինչ շարունակենք նույն կերպ, ապա մոտ ապագայում տեղի է ունենալու նույնի կրկնությունը, որի արդյունքում չենք ունենալու ոչ Հայոց պետականություն, ոչ էլ Հայոց պետություն:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031