Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քամու դեմ պայքարել չեմ սիրում»

Մայիս 01,2023 12:00

Ասում է արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը

– Արմինե, ինչքան էլ պաթետիկ հնչի` ազգային ցավը բաց չի թողնում հային։ Ժամանակակից գրողն այսօր պարզապես այդ ցավի վավերագի՞րն է։

– Ես հարցը բնավ պաթետիկ չեմ համարում։ Ինձ համար անհասկանալի է այն ստեղծագործող անհատը, ով մտահոգված չէ իր երկրի, հողի, ազգի, պետության, հանրության, քաղաքի, գյուղի խնդիրներով։ Գրողն, առհասարակ, իր ժամանակի վավերագրողն է՝ կամա, թե ակամա, գիտակցված, թե՝ անգիտակցաբար։ Եթե ժամանակի կնիքը ցավն է, ուրեմն ինքնըստինքյան նա դառնում է ցավի վավերագրող… Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա ինձ համար անասելի դժվար է համակերպվել տղաների կորստի հետ։ Դրանից հետո ոչինչ այլեւս հնի նման չէ։ Դրանից հետո չեմ հիշում դեպք, երբ ես լիաթոք ծիծաղեմ ու հաջորդ վայրկյանին դրա համար ինձ մեղավոր չզգամ։ Երբ Երեւանում էի, շրջանցում էի Իսակովի պողոտան, որովհետեւ Եռաբլուրում ծածանվող ամեն դրոշ մի մեծ վերքի պես է, որ, ասես, խրվում է սրտիդ մեջ ու քեզ տակնուվրա անում։ Հինգ հազարից ավելի տղաներ կորցրած ազգի գրողն ուրիշ ինչի՞ վավերագիրը պիտի լինի։

Ամեն ինչ շաղկապված է։ Շատերին կարող է թվալ՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու եմ, եւ իմ ներսում իրադարձությունների ֆիլտրացիան ավելի թեթեւ մակարդակի վրա է կատարվում։ Բայց էդպես չէ։ Պարզապես, հիմա իմ աստվածատուր փրկօղակը տղաս է։ Նա է օգնում ապրել, գրել, ժպտալ, գումար վաստակել, սրճարան գնալ, զբոսնել։ Նա ուղղակի իմ բոլոր դեպրեսիաներին իր գոյությամբ ասում է՝ «ոչ»։

– Նախորդ հարցս նաեւ այն փաստի հետ է կապված, որ գրելը բիզնեսի է վերածվել, մասնավորապես, ինքնահռչակները, ֆինանսական միջոցներ վերցնելով զոհվածների ընտանիքներից, հատորներ են տպագրում հերոս տղաների մասին։ Այս երեւույթը գնալով մեծ թեւեր է առնում։ Ինչպե՞ս պայքարել…

– Ես քամու դեմ պայքարել չեմ սիրում։ Ով սիրում է, նրան հարցրու՝ ինչպես։ Ինձ եւս եղել են նման առաջարկներ, բոլորը մերժել եմ։ Միայն մի դեպքում եմ համաձայնություն տվել՝ գրելով իմ լավ ընկերոջ՝ Պարույր Հարությունյանի «Կգամ» գրքի առաջաբանը եւ խմբագրելով նրա գործերը, բայց սա առանձնահատուկ դեպք էր եւ նմանատիպ երկրորդը լինել չի կարող։

– Գրականությունը նաեւ պայքարի միջոց է, չէ՞։

– Այո, իհարկե։ Գրականությամբ կարելի է պայքարել ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին հարթություններում, գերազանցել թե՛ քեզ, թե՛ շրջապատող աշխարհին։ Գրականությամբ կարելի է ստեղծել քո պատրանքի պայքարն ու վայելել քո պատրանքի հաղթանակը։ Գրականությամբ կարելի է մեռնել, գրականությամբ կարելի է ապրել, նաեւ՝ սպանել ու ապրեցնել։ Սա գերագույն ազատ տարածք է։ Այստեղ կարելի է ամեն ինչ։ Այդ «ամեն ինչը» իրականության մեջ պրոյեկտվում է՝ կախված գրականությամբ զբաղվող անհատի տեսակից ու ինքնությունից։

– Հետաքրքիր է` արդյո՞ք գրականությունը կարող է օգնել կանանց դեմ բռնության պայքարում:

– Դե, նայած՝ ինչ գրականություն, նայած՝ ով է ընթերցողը։

– Երկրի այսօրվա վիճակի մասին ի՞նչ կասեք։ Ո՞ւր ենք գնում։

– Երանի ես իմանայի էս հարցի պատասխանը։ Ես էլ եմ ուզում գտնել մի իմաստուն մարդու եւ հարցնել՝ «Ո՞ւր ենք գնում»։

Միայն մի հույս ունեմ՝ Աստված երկնքում, որ արդարին պիտի հատուցի լավագույն կերպով, որ գողին պիտի դատապարտության մատնի եւ Իր լույսով ցրի խավարի ամպը։ Ես հավատում եմ։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031