Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի միջնաժամկետ գերնպատակն է Արցախի պաշտպանության բանակի լուծարումը»

Մայիս 01,2023 14:30

Ապրիլի 23-ից Ադրբեջանն ապօրինի անցակետի տեղադրմամբ փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։ Փաստացի, ագրեսորը լիակատար շրջափակման տակ է առել Արցախի Հանրապետությունը։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը։ Իրավիճակի մասին «Առավոտի» զրուցակիցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն է։

– Պարոն Մանգասարյան, ձեր վերլուծությամբ, կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրումը՝ Արցախի հարցի թե քաղաքական, թե անվտանգային տեսանկյուններից։

– Բերձորի միջանցքում անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը մի քանի խնդիր է փորձում լուծել։ Նախ, ահաբեկել արցախահայությանը, ստեղծել հուսահատության մթնոլորտ, որի վերջնական նպատակն է այն, որ մարդիկ ուղղակի հեռանան Արցախից, որ Արցախը դատարկվի։ Միջնաժամկետ կտրվածքով Ադրբեջանի գերնպատակն է, ինչպես իրենք են տարբեր առիթներով հայտարարել, Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, ինչը կնշանակի Արցախի հարցի վերջնական լուծում հօգուտ Ադրբեջանի։ Ինչո՞ւ են ադրբեջանցիներն այդպես վախեցած Արցախի ՊԲ-ից. իմ կարծիքով՝ նպատակն այն է, որպեսզի հատկապես երկարաժամկետ կտրվածքում, երբ իրենք պլանավորեն ինչ-որ գործողություններ ՀՀ-ի դեմ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուժի միջոցով բացելու համար, ապա արցախյան հատվածից ապահովագրված լինեն, ռիսկերը նվազեցնեն։ Այսինքն, Արցախի կողմից «վտանգը» նրանք փորձում են նման քայլերով վերջնական չեզոքացնել, որպեսզի հաջորդիվ անցնեն այլ խնդիրների լուծմանը։ Տարբեր առիթներով բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են միջանցքի, ութ գյուղերի մասին եւ այլն։

– ՌԴ ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի արձագանքներն այս իրավիճակին ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ դրանք կարող ենք համարել անատամ եւ իրավիճակին ոչ համարժեք։

– Քանի դեռ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից բացի հայտարարություններից, չեն լինում գործողություններ, հատկապես ստեղծված իրավիճակում նրանց ցանկացած հայտարարություն կարելի է որակել անատամ։ Ստացվում է, որ ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարվում է, որ անցակետն անընդունելի է, հակասում  է նոյեմբերի իննի հայտարարությանը, եւ դրանից շաբաթներ անց Ադրբեջանն այդ անցակետը դնում է։ Ստացվում է, որ ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարության վրայով Ադրբեջանը հերթական անգամ անցնում է։ Հույս ունեմ, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությամբ ՌԴ-ն գոնե հիմա կփորձի որոշակի գործուն քայլեր իրականացնել եւ բանակցությունների միջոցով կամ որոշակի այլ մեթոդներով անցակետը վերացնել։ Հակառակ դեպքում կստացվի, որ հրամանատարի փոփոխությամբ մեծ հաշվով շոշափելի արդյունք չի գրանցվել։ Հույս ունեմ նաեւ, որ հրամանատարի փոփոխությամբ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրենց էլ ավելի վստահ կզգան, քանի որ Ադրբեջանի հրապարակած բազմաթիվ տեսանյութերում ակնհայտ է, թե ինչ արհամարհական տոնով եւ ժեստերով են նրանք խոսում ՌԴ խաղաղապահների հետ, ինչը, մեղմ ասած, վիրավորական է եւ պետք է անընդունելի լինի նրանց համար։

– Ինչպես եւ նախորդ դեպքերում, ենթադրելի է, որ ՀՀ իշխանությունը պատասխանատու է համարում միայն ՌԴ-ին. ո՞րը պետք է լիներ, ձեր կարծիքով, այս իրավիճակին համարժեք արձագանքը ՀՀ ղեկավարության կողմից։

– Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն ԱԺ-ում ոչ մի կերպ օգուտ չեն տալիս այս իրավիճակում արցախյան խնդրին։ Հակառակը՝ էլ ավելի վնասում են։ Ադրբեջանական կողմն այդ հայտարարություններից հետո էլ ավելի ազատություն թույլ տվեց իրեն եւ ներքին լսարանում իր հասարակությանը ներկայացնում է, թե իրեն հաջողվել է հայկական կողմին ստիպել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, իսկ միջազգային հանրությանը ներկայացնել, որ եթե հայկական կողմը պաշտոնապես նման հայտարարություն է անում, ապա միջազգային հանրությունն էլ գործ չունի անելու, եւ Արցախի խնդիրը միջազգային հարթությունից տեղափոխվում է ներքին դաշտ։ Ադրբեջանը դա համարում է իր ներքին խնդիրը։ Բացի այդ, վերջին շրջանում էլ Ադրբեջանը փաստացի խոստովանում է, որ նոյեմբերի 9-ից հետո չեն կարողացել անցակետ տեղադրել այն պատճառով, որովհետեւ տարբեր կողմից միջազգային մեծ ճնշումներ են եղել։ Եթե հայկական կողմը չգիտի, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր են պետք, ապա գոնե պետք է ելնի այն տրամաբանությունից, որ իր գործողություններով առնվազն չվնասի գործընթացին, էլ ավելի չբարդացնի իրավիճակը։ Բայց, փաստացի, հակառակն է լինում։ Ամենաբարձր մակարդակում հայկական կողմից հնչած հայտարարությունները չեն օգնում ստեղծված իրավիճակում հարցերի կարգավորմանը, հակառակը՝ վնասում են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031