Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի։
Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր արժեքներին։
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկների հարաբերությունները հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտությամբ արձանագրեց, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայեր հանգրվանելով Արգենտինայում` կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը, և իբրև արժանավայել քաղաքացիներ իրենց կարևոր ներդրումը բերեցին երկրի կյանքի առաջընթացին՝ վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանությունների սերն ու հարգանքը։
Կարդացեք նաև
Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առակա իրավիճակին՝ արգենտինացիներին տեղեկություններ փոխանցելով ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման փաստերի վերաբերյալ։
Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի կողմից ձեռնարկված քայլերին։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ