«Չեմ հասկանում՝ ո՞վ է հիվանդ՝ մե՞նք, թե՞ աշխարհը: Մենք պարզապես չենք կարողանում, չենք ուզում հաշտվել այն ամենի հետ, ինչ կատարվում է այս աշխարհում, չենք ուզում հարմարվել, իր օրենքներով ապրել… Այդ պատճառով էլ կամաց-կամաց խենթանում ենք, առանձին-առանձին… Մեր տեղը չենք գտնում… Ես, օրինակ, ինձ ամեն տեղ ավելորդ եմ զգում…»,- այս տողերը Անահիտ Թոփչյանի «Մենախոսություն գժանոցում» պիեսից են, որը «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում բեմադրել է Հարություն Բեգ-Վանյանը։ Դերակատարը Հասմիկ Գևորգյանն է։
Հասմիկի զգացմունքային խաղը կլանեց հանդիսատեսին։ Հանդիսատես-դերասանուհի կապն ամուր էր, որը ստեղծագործական կազմի նպատակային աշխատանքի արդյունքն է։
Կարդացեք նաև
Պիեսում արծարծվող խնդիրները, տեսակետները, որոնք ավելի քան արդիական են այսօր, հաջողությամբ վերարտադրվել են բեմում։
Այս ներկայացումը սկզբից մինչև վերջ իրական մարդկային վիճակների և կյանքի ստեղծած իրավիճակների խտացում է, աշխարհի և մարդ արարածի անտարբերության նկարագիր. «Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ… Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպ… Եվ անտարբեր… Ավելին՝ թշնամի»,-ընթերցում ենք Անահիտ Թոփչյանի պիեսի առաջաբանում։
Հարություն Բեգ-Վանյանի «Մենախոսություն գժանոցում» բեմադրությունը փաստում է, որ թատերարվեստում երիտասարդների ստեղծագործական ճանապարհն ինչպես այսօր, այնպես էլ ապագայում հաջողությամբ կընթանա։ Եվ կարծում եմ, որ այս ներկայացման որոշ խնդիրներ վերանայելուց հետո այն պետք է ավելի մեծ լսարանի հասցնել։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի