Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գոյը» խնդիրներ ունի Նժդեհի արձանի «ներկայությամբ» ներկայացում խաղալու

Ապրիլ 30,2023 15:00

«Նժդեհի արձանի պատվանդանին պետք է խաղայինք «Գարեգին Նժդեհ» ներկայացումը: Ապրիլի 13-ին տեղեկացրել էինք Երեւանի քաղաքապետարանին եւ պետք է ստանայինք համաձայնությունը, սակայն առայսօր չստացանք: Մենք ստացանք մի գրություն, որ պիտի քննարկվի… Դե քննարկեք, երեկ չկայացավ, մենք նորից նոր հայտ կներկայացնենք, որովհետեւ տարածքը փակել է պետք: Եվ մայիսին կփորձենք այդուհանդերձ խաղալ ներկայացումը հանրության համար»,- Փաստինֆոյի հետ զրույցում ասել էր «Գոյ» կենտրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

Նա ընդգծել էր, որ «Գարեգին Նժդեհը» բեմադրել է անցանկալիության ֆոնին, երբ Նժդեհին ֆաշիստ որակած Ժաննա Անդրեասյանը դարձել է նախարար: Ի դեպ, հենց այդ պատճառով 2021 թ․ «Արցախում տեղ չունես» պաստառով էին դիմավորել Ժաննա Անդրեասյանին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: «Գոյություն ունի ընթացակարգ: Նման դեպքերում դիմում են Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետարանը քննարկում է հարցը: Բոլոր դեպքերում ոստիկանության ներգրավվածություն կա՝ հաշվի առնելով տեղանքը, հարմարությունը եւ բազմաթիվ այլ գործոններ: Ըստ այդմ, քննարկումների հիման վրա կամ թույլ է տալիս, կամ մերժում»,-ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը:

Քիչ անց էլ հավելեց. «Ես չգիտեմ, թե ինչպես են խաղալու պատվանդանի վրա, բացի այդ Երեւանի քաղաքապետարանը անգամ մեծ ցանկության դեպքում ինքնուրույն չի կարող որոշում կայացնել այն պարզ պատճառով, որովհետեւ Գարեգին Նժդեհի արձանը համայնքինը չէ, խնամքը եւ մնացածը ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ է իրականացվում: Իսկ  Երեւանի քաղաքապետարանը կարող է հարակից տարածքի վերաբերյալ թույլտվության տալ կամ  չտալ, այնպես որ՝ պատվանդանին խաղալը թույլ տալը մեր իրավասությունը չէ»:

Հիշեցնենք, որ իր ասուլիսում պատասխանելով «Գոյ» թատրոնի ղեկավարների այն հայտարարությանը, թե իրենց թատրոնը Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի հետ վերամիավորելու թեման առաջացել է հատկապես իրենց «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո, ԿԳՄՍ նախարարն ասել էր, որ նման անհեթեթությունները չի մեկնաբանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930