Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տոնական հանդիսություն՝ Պարի միջազգային օրվա առթիվ

Ապրիլ 30,2023 12:12

Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում կազմակերպվեց մասշտաբային տոնական հանդիսություն։ Այն կազմակերպել էր նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Զարկ ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։

Միջոցառման մեկնարկը տրվեց կարմիր գորգի արարողությամբ․ կարմիր գորգով քայլեցին և միջոցառմանը մասնակցեցին Երևանի ավագանու անդամները, վարչական շրջանների ղեկավարները, այլ պաշտոնական այրեր, հասարակական և մշակույթի գործիչներ։

Այնուհետև, համերգային երեկոյին հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլը (հիմնադիր, գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նորայր Մեհրաբյան) , Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը (ստեղծագործական խմբի ղեկավար Գրիգոր Ոսկանյան, գլխավոր բալետմայստեր Գարիկ Խաչիկյան) և Պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյան, երաժշտական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյան), ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը (տնօրեն Դավիթ Գալստյան) և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան)։ Ներկայացվեցին նաև տեսաշարեր՝ նվիրված պարարվեստի ոլորտի նվիրյալներին։ Նշենք, որ 2023 թվականը հոբելյանական է․ նշվում են Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակը, Էդվարդ Մանուկյանի 115-ամյակը, Թերեզա Գրիգորյանի 100-ամյակը, Ազատ Ղարիբյանի 100-ամյակը, Արտյուշա Կարապետյանի 95-ամյակը, ինչպես նաև Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի 85-րդ և Պարի պետական անսամբլի 65-րդ հոբելյանները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթի խոսքում առանձնահատուկ կարևորեց նման տոնական միջոցառման անցկացումը։

«Այսօր ևս մի հրաշալի առիթ է, որ մեծարենք պարը։ Պարն արվեստի այն լեզուն է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական, ազգային պատկանելիությունից, անկախ բոլորիս տարբերություններից։ Պարը մեր ազգային ինքնության մի մասն է, որը ուղեկցել է մեզ ողջ պատմության ընթացքում։ Շատ ուրախ եմ, որ մեր մշակութային քաղաքականության շրջանակներում հետևողականորեն աջակցում ենք ամենատարբեր համույթներին, կոլեկտիվներին, երիտասարդ կատարողներին, պարուսույցներին, և որ աջակցությունը դրսևորվում է նաև պարի հանրահռչկմամբ արտերկրում։  Վստահ եմ, որ այս ոլորտում շատ անելիքներ ունենք, և միշտ պետք է հիշենք ոլորտի երախտավորներին, ովքեր ձևավորել են լավագույն ավանդույթները»,-նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ մենք շատ անուններ են լսելու, որոնք շարունակելու են պահել պարարվեստի ոլորտի երկարամյա ավանդույթներն ու բարձր որակը։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը միջոցառման ընթացքում ընթերցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձի խոսքը, ով երախտագիտության խոսք էր հղել պարային կոլեկտիվներին ու պարարվեստի ներկայացուցիչներին։

«Շնորհավորում եմ պարարվեստի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ տոնի կապակցությամբ։ Ուրախ եմ, որ նման մասշտաբային միջոցառմամբ նշեցինք այս կարևոր իրադարձությունը։ Էլ ավելի առանձնահատուկ ուրախ եմ, որ երեկոյին հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կոլեկտիվները։ Նորաստեղծ կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալելու՝ ի նպաստ ոլորտի զարգացման»,-նշեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով ևս կարևորեց նման միջոցառման իրականացումը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930