Աշխեն տատն իր աչքերով է տեսել՝ ինչպես են ցեղասպանում իր հարազատներին։ 1915 թվականի Կարսի ջարդերից մի կերպ մազապուրծ եղած նրանց ընտանիքը կտրել անցել է Քուռ գետը, վերահաստատվել Ալեքսանդրապոլում։
Մայրիկիս պատմելով` իր տատը՝ Աշխեն տատն այդ ժամանակ 15 տարեկան է եղել, երբ հարևանները եկել և հորդորել են ինչքան հնարավոր է շուտ լքել գյուղը։
Մի մեծ ընկույզի փայտից սեղան են ունեցել, ինչքան ոսկի ունեցել են, լցրել են սեղանի երկարավուն ոտքերի մեջ, ինչն էլ չի տեղավորվել, հավաքել են կարասի մեջ ու գաղթի ճանապարհին Քուռ գետի ափին եղող կաղնիներից մեկին նշան անելով` թաղել դրա արմատի տակ, հույս ունենալով, որ երբ վերադառնան՝ կկարողանան այդ ոսկով ապրել։
Տատս պատմում էր, որ գետը մեծ դժվարությամբ են կարողացել անցնել, ոմանք խեղդվել են, ոմանք նախընտրել են ինքնասպան լինել` կանխելով թուրքի ձեռքով սպանվելը։ Երազներ էր տեսնում տատս, իրենց տունն ու իր անծայրածիր դաշտը, որտեղ ապրում ու արարում էին արարչագործ այդ մարդիկ՝ ոչ մեկին չվնասելով։
Կարդացեք նաև
Արաքսի հակառակ ափին կանգնած, արցունքոտ աչքերով, վրեժը սրտում ապրել է տատս, պատգամել՝ երբեք չմոռանալ մեր գենն ու վրեժ լուծել։
Վերջին խոսքերն էսպիսին են եղել՝ «Բալաս, դուք մեզ հայրենիք եք պարտք, վրեժ լուծեք ապրելով, ապրելով հաղթեք ու թե կարող եք ետ բերեք մեր հողերը, էնտեղ մեր բոլորիս տունն է, կիսատ երազանքներն ու կյանքը»։
Աշխեն տատը մահացել է 1978թ․-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի)՝ հայրենիքի կարոտն ու ցավը սրտում։ Մի օր վրեժը կլուծվի ու հայը փյունիկի պես մոխրից հառնելով դարձյալ կապրի իր ամբողջական հայրենիքում, որովհետև ուրիշ կերպ չի՛ լինում, որովհետև հայի ճակատագիրն ապրելն է։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ