Լրահոս
Օրվա լրահոսը

Անժիկը (պատմվածք)

Ապրիլ 29,2023 23:40

Գյուղի միակ (բոզն) էր Անժիկը, գյուղում նրան այդպես գիտեին։ Անժիկին ոչ ոք բոզություն անելուց չեր տեսել, նրա միակ մեղքը անմարդ լինելն էր։ Չնայած որ գյուղում ոչ ոք այդքան համարձակություն չուներ այդ մասին նրան ասելու, բայց միևնույնն է բամբասանքը թեթև քամու պես գալիս ու նստում էր Անժիկի ականջին, և ամեն անգամ ինքն իր բախտի հետ կռիվ տալուց դառը հեգնում էր, որ բախտն իրեն այս մականունը բաժին հանեց ու գցեց գյուղի անլվա բերանը, որոնց վախկոտ գոյության համար էլ Անժիկն անմարդ մնաց։

Վարոսը, որ գյուղի միակ աչքի ընկնող ջահելն էր, գյուղից հասել էր քաղաք ու մասնակցում էր համազգային ցույցերին։ Էնտեղ էլ տեսել ու սիրահարվել էր Անժիկին։ Վարոսն անտեր տղա էր, ու երբեմն գյուղի հողագույն մարդիկ նրա նման խիզախ դրսևորումները համարում էին անտերի քայլ՝ իրենց վախկոտ գոյության արդարացնելով, թե անտեր է, կորցնելու բան չունի։ Անժիկը քաղաքի տեսած աղջիկ էր, աչքը կուշտ ու Վարոսի մեջ ոչ թե անտերություն էր տեսել, այլ երկրին տեր կանգնելու տղամարդկություն։ Սիրահարվել էր ու Վարոսի հետ գյուղ եկել։

Անժիկը նման չէր գյուղի մարդկանց․ բարձրահասակ, դեղին երկար մազերն ուսերին փռված, Անժիկի գյուղ գալուց հետո ասես գյուղում արևները նրա կապույտ աչքերի հետ էին բացվում, կարծես նոր գույն էր բերել Անժիկն այս հողագույն մարդկանց կյանքում։
Մի քանի հարյուր տարվա պատմություն ուներ այս գյուղը՝ փռված էր Սարդարապատի բարձունքից դեպի Արաքս գետ, բայց, միևնույնն է, գյուղում ոչինչ չեր փոխվել, մարդիկ այստեղ հողագույն էին, աշխարհի մասին իրենց պատկերացումները սկսվում էին գյուղամիջից, ավարտվում իրենց տնկած այգիներում։ Պատմությունից էլ գիտեին, որ Սարդարապատի ճակատամարտին թուրք իրենց գյուղով անցել էր, դա էլ չգիտեիր վախից թե դատարկ հպարտությունից էին ասում։

Չնայած գյուղի գորշությանը, Անժիկը փորձում էր շուտ մերվել գյուղին, ամենքին Վարոսով էր չափում։ Գիտեր նաև, որ իր մեղքի բաժինը չկա հարևան Սիրիկ տատի դառն ու չստացված կյանքում, ով հարևան Բագարան գյուղում թողել էր ամուսնուն և երեք անչափահաս երեխեքի
հետ հասել էր այս գյուղ ու, տարիների բեռն ուսերին կուզը դուրս ցցած, տեղի-անտեղի կծու քմծիծաղով խայթում էր Անժիկին։

-Անժի՜կ, բախտը Վարոսիդ զույգ աչքով է նայել, -ասում ու կուզն Անժիկի կողմն արած քթի տակ քմծիծաղում էր։

-Էդ ի՞նչի որ Սիրիկ տատի,-միշտ բարի ժպիտով ասում էր Անժիկը։
-Աստված ինչքան լավ բան կա հավաքել ու քեզ է տվել, դու էլ վերցրել ու փակ աչքերով տվել ես Վարոսին։ Մի անտերին էսքանը շատ էր, իմոնք էլ են անտեր, Աստված մի բան էլ իմոնց թողեր։
-Անտերի տերն Աստված է, Սիրիկ տատի, հոգ մի անի,-ասում էր Անժիկն ու Աստծո անունով փակում Սիրիկ տատի կծու բերանը։

Քաղաքի ուրախ, անհոգ կյանքից հետո ամեն բան նոր էր Անժիկի կյանքում։ Գյուղն ընտելանում էր Անժիկի արևոտ աչքերին, իսկ Անժիկը փորձում էր ընտելանալ գյուղի հողագույն մարդկանց։

90-ին սկսված արցախյան շարժմանը Վարոսը չէր կարող նստել տանը։ Նա, որ գյուղից հասել էր քաղաք, սիրահարվել քաղաքի ամենասիրուններից մեկին, ուրեմն գեղեցիկ ապրելու քաջություն ուներ։ Նա մյուսների նման չէր, որ մի կարգին սիրահարվելու քաջություն էլ չունեին, կգնային երկու տուն այն կողմ հարևանի աղջկան հարս կբերեին ու իրենց մոխրագույն օրերի մեջ վախկոտի տաքուն դողով կերազեին Անժիկի պես մի գեղեցկության։

Գնաց կռիվ Վարոսը…

Վերջին անգամ նայեց Անժիկի կապույտ աչքերին, ասես հորդորեց գյուղն անարև չթողնի։ Գնաց՝ հավատալով, որ բախտն իրեն իրոք զույգ աչքով է նայել, վկան Անժիկն ու իր կապույտ աչքերը։
92-ին Վարոսն իր պես մի քանի հերոս տղաների հետ զոհվեց պատերազմում։ Լուրը քամու պես հասավ գյուղ ու կանգնեց գյուղի բերանին։ Գյուղում ոչ ոք քաջություն չուներ լուրն Անժիկին հասցներ։ Ախր գյուղում արևներն Անժիկի աչքերի հետ էին բացվում, գյուղի հողագույն մարդիկ սովորել էին այս պարզությանը։ Մի քաջություն ունեցող տղամարդ էլ չկար, որ Վարոսի մահվան լուրը գյուղ մցներ։ Վարոսն ինքնակամ էր գնացել կռիվ, իսկ իրենք թաքնվել էին գյուղի դաշտերում, հիմա ոնց գնային, կանգնեին ու ասեին Անժիկ… ու լալկվեին։

Ու լուրն Անժիկին հասցնելու ծանրությունը մնաց գյուղի կանանց ուսերին, որոնք անձայն հավաքվեցին Անժիկենց բակում, համր ու անբառ այնքան գնացին ու եկան՝ անհասցե նայելով Անժիկի դեմքին, մինչև որ Անժիկը նրանց հողագույն դեմքին կկարդար Սիրիկ տատի կծու քմծիծաղը ու արյունը կսառեր երակներում։

Տարիներն անցան…
Անժիկը չհեռացավ գյուղից, Վարոսին խոստացել էր, որ գյուղն անարև չի թողնի։
Գյուղում արևներն էլի բացվեցին Անժիկի կապույտ աչքերի հետ, Անժիկն ապրեց մենակության ու Վարոսի հետ ունեցած հուշերով։ Ամեն օրվա վերջում արևն աչքերում առած գյուղի փոշոտ փողոցներով բարձրանում էր գերեզմանատուն, որից այն կողմ գյուղի կանաչ ծիրանի այգիներն էին ու մայրամուտ։ Պատմում, խոսում էր անցած օրվա մասին Վարոսի հետ, էնպես էր խոսում, ասես ուր որ է՝ Վարոսը պիտի ծիրանի այգու ջուրը կտրի ու միասին տուն գնան։

Բաց էր թողում արևը մայրամուտում ու մտովի բռնում էր Վարոսի ձեռքն ու գյուղի կիսալուսնոտ փողոցներով իջնում էր տուն։

Այսպես տարիներ……

Գյուղի միակ (բոզն) էր Անժիկը, նրա միակ մեղքը անմարդ լինելն էր։ Իր այս (մեղքի) բաժինն Անժիկը քարշ տալով ապրեց այս հողագույն մարդկանց մեջ, ովքեր իրենց գոյությունն արդարացնելու համար ցերեկները լեգենդներ էին հորինում Անժիկի մասին, գիշերներն իրենց հողագույն երազներում երազում Անժիկի պես մի լուսավոր գեղեցկության։

Արթուր ԱՎԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սմբատ Բունիաթյան says:

    Այս պատմվածքը հերթական օրինակն է առ այն, թե ինչպես պիտի չգրել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930