Ապրիլի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ:
Վարչապետը նախ եղել է Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ տեղի բժշկական կենտրոնի մասնաշենքի շինհրապարակում, ծանոթացել մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների հիմնման աշխատանքներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր հերթին բաժանմունքները կհամալրի նոր գույքով: Շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականի փետրվարին:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն 440 հազար դրամ, որից 19 մլն դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը գոհունակություն է հայտնել աշխատանքներից և նշել, որ տարբեր համայնքներում փողոցների տուֆապատումը կամ սալարկումը ոչ միայն երկարատև կծառայի բնակչությանը, այլ նաև գրավիչ կդարձնի զբոսաշրջության տեսանկյունից և կապահովի յուրահատուկ կոլորիտ:
Կարդացեք նաև
Վարչապետը ծանոթացել է նաև Դովեղի մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այն նախատեսված է ավելի քան 100 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը 750 մլն դրամ է, որը հատկացրել է կառավարությունը: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել հաջորդ տարի:
Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել մշակույթի տան վերանորոգման ավարտված աշխատանքների վերաբերյալ: Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են մշակույթի տան դահլիճն ու սպասասրահը։ Շենքի ընդհանուր մակերեսը 1154քմ է, վերանորոգված մակերեսը՝ 204 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 մլն դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 21,642,462 դրամ։ Մշակույթի տանը գործում են նկարչության, կավագործության և արվեստի այլ ճյուղերի խմբակներ:
Հաջորդիվ վարչապետն այցելել է Կիրանցի մոդուլային դպրոցի կառուցման շինհրապարակ: Նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, աշխատանքների 60 տոկոսը կատարվել է: Ընդհանուր առմամբ, ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 750 մլն դրամ: Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին:
Սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև Աչաջուր բնակավայրի օղակաձև ճանապարհի 6000քմ մակերեսով և 828 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց համար ծախսվել է 90 մլն 376 հազար դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 49,7 մլն դրամ։
Իսկ Ակնաղբյուր բնակավայրում 2022թ. մեկնարկած Մ-4- ավտոճանապարհի համապատասխան հատվածի՝ Ակնաղբյուր բնակավայրի 1-ին փողոցի, հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարի: 3 կմ երկարությամբ ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 225 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ հիմնվել են համակարգչային տոմոգրաֆիայի և հեմոդիալիզի բաժանմունքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է: Նշվել է, որ արդեն իսկ հետազոտվել են 1500 շահառուներ, 24 հիվանդ ստանում է հեմոդիալիզ։
Վարչապետը եղել է նաև Իջևան համայնքի Գանձաքարի միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակում և ծանոթացել 2022թ.-ից մեկնարկած աշխատանքներին, որոնք նախատեսվում են ավարտել հաջորդ տարի: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 1,8 մլն դրամ է, իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Նոր դպրոցը կլինի սեյսմակայուն՝ առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում, ինչպես նաև՝ էներգախնայող:
Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի շրջանակում իրականացվել են նաև Մ-4 – Ճամբարակ – Մ-14 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջան համայնքի Գոշ-Աղավնավանք 11 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ, որոնց համար կառավարությունը հատկացրել է 869 մլն դրամ։
Դիլիջան համայնքում վարչապետը ծանոթացել է մասնավորի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բիզնես համալիրի, տվյալների վերամշակման կենտրոնի և հանգստի գոտու հիմնման աշխատանքների ընթացքին: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ներդնել 25 մլն դոլար, ողջ ներդրումային ծրագիրը գնահատվում է 100 մլն դոլար: Տեղեկացվել է, որ տվյալների վերամշակման կենտրոնը կունենա ժամանակակից սերվերային տնտեսություն, ինչը կօգնի տեխնոլոգիական, կիբեռանվտանգային և այլ ծառայություններ մատուցել նաև պետությանը: «Ենթակառուցվածք ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում կառավարությունը ներդրողին օգնում է ճանապարհի կառուցման և ինտերնետ ցանցի ապահովման աշխատանքներում: Պետության օժանդակությունը գնահատվում է 476 մլն դրամ: Ակնկալվում է ներդրումային ծրագիրն ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում:
Դիլիջանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվում են նաև Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցե ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է 2023թ.-ին: 1,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 206,8 մլն դրամ է, որից 82,7 մլն-ը համաֆինանսավորվել է պետբյուջեից:
Նիկոլ Փաշինյանն այցի ավարտին ծանոթացել է նաև Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի շենքի 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կրկին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: 1920-ական թվականներին կառուցված շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Կատարվել է աշխատանքների 30 տոկոսը, ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 232 մլն դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորվել է գրեթե 93 մլն դրամ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ