Գրականագետ չլինելով՝ առաջին անգամ փորձում եմ գրախոսական գրել։ Վերջերս իմ համեմատաբար նոր ընկերներիցս մեկը՝ բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը ինձ նվիրեց իր «Մի խաղացողի պատմություն» գրքույկը։ Իհարկե, շնորհակալություն հայտնեցի և խոստացա կարդալ, բայց․․․ Բայց, արդեն բավական երկար ժամանակ է, որ գրքեր չեմ կարդում։ Մի քանի օր առաջ, պարապությունից որոշեցի թերթել գրքույկը և․․․ Եվ, համարյա առանց դադարի ընթերցեցի գրքույկում զետեղված, բոլոր իրական պատմվածքները։
Պատմվածքները հեղինակի հիշողություններն են՝ իր երիտասարդության, իր՝ որպես խաղամոլի, ընկերների, հարազատների,երևանյան և մոսկովյան կյանքի մասին։ Ի տարբերություն շատ այլ հեղինակների հիշողությունների, որտեղ գլխավոր անձն ինքն է՝ հեղինակը, Վարուժանի հիշողություները շատ անկեղծ են, նա հանդես է գալիս որպես անաչառ դիտորդ բոլոր պատմվածքներում։ Վարուժանի նկարագրած 70-80-ականների Երևանում, նաև ինձ և իմ ընկերներին տեսա՝ այն տարիների մեր քաղաքային կոլորիտով, «ռազբորկեքով» և «ճշտով»։ Հուզիչ են Վարուժանի պատմվածքները՝ նվիրված իր մայրիկին, մյուս հարազատներին, ընկերներին։ Կարդալով գրքույկը՝ առավել համոզվեցի Վարուժանի անկեղծության և ջերմ ընկերության մեջ։ Ափսոսում եմ, որ Վարուժանին չեմ ճանաչել նախորդ դարի 70-ականներից։ Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ