Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ ոչ թե նշաձողի իջեցում է, այլ նշաձողը զրոյացված է». «Առերեսում»

Ապրիլ 29,2023 22:00

Կառավարության ապրիլի 27-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»: Որևէ միջազգային դերակատար չարձագանքեց այդ առաջարկին: Փոխարենը պաշտոնական Բաքուն հանդես եկավ քննադատությամբ, թե Երևանն իրավունք չունի խոսել Ադրբեջանի տարածք միջազգային խաղաղապահ առաքելություն հրավիրել-չհրավիրելու մասին։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գնահատելով, թե միջազգային ավելի լայն ներկայացվածությունը կարո՞ղ է արդյոք խնդրի լուծում դառնալ այս դեպքում՝ ասաց. «Տեսականորեն՝ կարող է: Բացատրեմ, թե ինչու իրական դաշտում, ամենայն հավանականությամբ, այդ տեսությունը չի աշխատելու: Տեսականորեն կարող է այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունի համապատասխան բանաձեւ, որը պարտադիր ուժ կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի համար ու, ենթադրենք, խաղաղապահ առաքելություն կգործուղվի տարածաշրջան: Հնարավոր է, տեսականորեն, բայց իրականում ինչո՞ւ դա տեղի չի ունենա, որովհետեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կան 5 անդամ, որոնք ունեն վետոյի իրավունք, եւ այդ 5 անդամների շահերը, նաեւ մեր տարածաշրջանում, ուղիղ հակադրության մեջ են: Հնարավոր չէ պատկերացնել մի բանաձեւ, որին կողմ կքվեարկեն եւ ԱՄՆ-ն, եւ Բրիտանիան, եւ Ռուսաստանը: Նրանք այսօր թշնամիներ են ու նրանց թշնամությունը հասել է գագաթնակետին»: Հավելեց. «Իրատեսական չէ պատկերացնելը, որ ՄԱԿ-ի անվտանգություն խորհուրդը կընդունի նման բանաձեւ: Դրա համար Փաշինյանն ինչ ասում է՝ պղպջակներ են, բլեֆ»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության ռեժիմ ներդնել, Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից և Ադրբեջանը միայնակ է սկսել վերահսկել միջանցքը: «Նոր կարգավորման շուրջ բանակցություններում Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել,- այս առնչությամբ մասնավորապես ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:- Լաչինի միջանցքում սահմանակետերի վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ (կամ առաջարկներ, դժվար է տարբերակում անել), հնչել են, ես կրկնում եմ այն ինչ ասացի, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»: Հաղորդման մյուս հյուրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը սա գնահատեց իբրեւ Արցախից «ձեռքերը լվանալու քաղաքականության» եւս մի դրսեւորում. «Իրենք չեն բանակցելու Լաչինի միջանցքի հարցով, քանի որ իրենց այդ հարցը չի հետաքրքրում, ձեռքերը լվացել են, գցել այդ հարցը ռուսների «գրպանը»՝ ժողովրդական լեզվով ասած եւ ասում, թե մենք դրա համար պատասխանատու չենք»:

Մեկ տարի առաջ 2022 թ. ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»: Վերլուծաբանները նկատում են, թե խոստացված բացառիկ միջազգային կոնսոլիդացիան միայն արտահայտվեց հայտարարությունների ու կոչերի տեսքով, որոնք Ադրբեջանն արհամարհում է: Նշաձողի իջեցումից հետո տեսնո՞ւմ է խոստացված միջազգային կոնսոլիդացիան՝ հարցին ի պատասխան, Ավետիք Չալաբյանն ասաց. «Փաշինյանը մեր պատմության մեծագույն ստախոսն է: Նա անընդհատ անում է հայտարարություններ, որոնք տառացիորեն կես տարի հետո ինքն էլ չեղարկում է: Հասկանում եք, չէ՞, որ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ ոչ թե նշաձողի իջեցում է, այլ նշաձողը զրոյացված է, Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններ չկան ընդհանրապես»:

«Ղարաբաղը Հայաստանի համար հեռացված նյարդով ատամ է դարձել»,- գրել էր Կիրիլ Կրիվոշեեւը Կարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված «Նյարդի հեռացում. Ի՞նչ է նշանակում Հայաստանի վերջնական հրաժարումը Ղարաբաղից» հոդվածում։ Պատասխանելով «ի՞նչ է սպասվում Ղարաբաղի հայերին» հարցին՝ Կիրիլ Կրիվոշեեւը հոռետեսական կանխատեսում էր արել՝ որպես ամենաիրատեսական տարբերակ նշելով զանգվածային արտագաղթը։ Անդրանիկ Թեւանյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց. «Ճիշտն ասած, դեռ լավատեսական սցենար է ներկայացրել: Զանգվածային արտագաղթ կարող է լինել ոչ միայն եւ ոչ այնքան Ղարաբաղից, որքան ողջ Հայաստանից՝ այդ դեպքում: Այստեղ ստախոսության մասին խոսեցինք՝ նույն ստախոսությունը վերաբերում է 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրին: Դու այնտեղ գրել ես, Նիկոլ Փաշինյան, որ ինքնորոշման իրավունքն ես պաշտպանելու, նույնիսկ Շուշին ու Հադրութն էր հետ բերում…»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Անդրանիկ Թևանյանը ռուսական ազդեցության գործակալ է։ Ապացույցը նրա բոլոր անխտիր ելույթներն են։ Ատամներով պաշտպանում է ռուսական ցանկացած դավաճանական արարք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930