Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ։ Նոյեմբերյան քաղաքում նա ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին:
Բուժկենտրոնի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ ասաց՝ պետք է բացառվի որեւէ օգտագործված սարքի մուտքը բուժկենտրոններ, դպրոցներ եւ այլն․ «Ես ուրախ եմ, որ այդ էջը փակեցինք, որովհետեւ մի ժամանակ «բարեգործության» տող կար Հայաստանի Հանրապետությունում․ ուրիշ տեղից օգտագործված ավտո, օգտագործված սարք, օգտագործված աթոռ, սեղան․․․ անընդունելի բան է։ Չի կարող էդպես լինի, մեր դպրոցներում, հիվանդանոցներում պիտի ամեն ինչ նորը լինի։ Փառք Աստծո, մենք կարող ենք մեզ թույլ այդ հնարավորությունը»։
Ապա դիմեց հիվանդանոցի բակում հավաքված հիվանդանոցի աշխատակիցներին․ «Էսօր Քաղաքացու օրն է, մենք էլ ասում ենք՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մարդիկ իրենց մտքերն ազատ արտահայտում են, իրենց հուզող հարցերը բարձրաձայն տալիս են, իսկ դուք ոչ մի հարց, ոչ մի մտահոգություն չունե՞ք»։
Կարդացեք նաև
Հավաքվածներից մի քանիսը պարզապես շնորհակալություն հայտնեցին Փաշինյանին։
«Է, էդ էն ժանրը չի»,-ի պատասխան ասաց Փաշինյանը։
Կիկին նոր սարքավորումներից խոսեցին, Փաշինյանը վստահեցրեց՝ ինֆեկցիոնի շենքը կնորոգի Հայաստան համահայկական հիմնադրամը․ «Կառավարությունն էլ լրիվ նոր գույքը պոլիէթիլենային տոպրակները վրան քաշած կբերի կտեղադրի, դուք էլ տոպրակները կպոկեք»։
Շինաշխատանքներում զբաղված մի քաղաքացուց Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան վարձատրություն է ստանում։
«Օրական տասը հազար դրամ»,-պատասխանեց բանվորը։
Փաշինյանը կառուցապատողի հետ զրույցից պարզեց, որ աշխատուժի պակաս չունի, ապա եզրակացրեց․ «Պիտի գնան խոպան, ստեղ կաշխատեն էլի»։
Քաղաքի նոր կառուցած փողոցը Փաշինյանը շատ հավանեց, հետո դատողություններ արեց, թե ինչ քարից կարելի է կառուցել ճանապարհները․ «Մի քիչ տուֆի փխրունությունն ինձ բան էր անում, բայց բոլոր մասնագետներն ասում են՝ չկա տենց բան»։
Տեղացիներին հանդիպելիս վարչապետը շնորհավորում էր Քաղաքացու օրվա կապակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ