«20-րդ դարում փախստականության հիմնական պատճառները ներքին Կովկասում ապրող ժողովուրդների միջեւ հակամարտություններն են՝ տարբեր ձեւերով եւ պատճառներով»,-այսօր այս մասին «Ադրբեջանական ագրեսիայի հին եւ նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա պատմական փաստեր ներկայացրեց Հարավային Կովկասում փախստականության պատճառների եւ թրքալեզու կազմավորումների գործողությունների վերաբերյալ։
Ըստ Խառատյանի՝ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարում ամենակարեւոր կոնֆլիկտի խնդիրը ռեսուրսների օգտագործումն էր․Հարավային Կովկասում եւ նրա հատկապես արեւելյան հատվածում, ինչպես նաեւ Վրաստանի եւ Հայաստանի տարածքում ապրող թրքալեզու կազմավորումները անասնապահ էին, դա նրանց կյանքի կարեւոր աղբյուրն էր, ինչը պահանջում էր սեզոնային կյանք վարել՝ ամռանը սարերում էին, ձմռանը՝ դաշտավայրերում։ Այդ արանքում ընկնում էին Կովկասի ժողովուրդների բնակավայրերը, որոնք դեռ մինչեւ նույնիսկ թրքանալը՝ Կովկասի անվտանգության նկատառումներով հարթավայրերից, նախալեռնային եւ լեռնային տարածքներն էին։ Այդ սեզոնային քոչերը ավերում էին երկրագործների տնտեսությունները։ Սա ամենակարեւոր պատճառն է եղել ընդհարումների եւ այդ ռեսուրսին տիրանալու համար մշտական ընդհարումներ են եղել, նաեւ՝ ռազմական»։
Խառատյանի ներկայացրած պատմական փաստերի համաձայն՝ 1905-07 թվականներին ամենաառաջին բախումը տեղի ունեցավ․ «Այդ ժամանակ շատ ծանր հայ-շիամահմեդական բախումներ տեղի ունեցան, որոնք թուրքական, հետագայում ադրբեջանական ինքնության ձեւավորման վաղ շրջանում ուղեկցվեցին տեղաբնիկ քրիստոնյա ժողովուրդների բռնի մահմեդականացնելով, ինքնության փոփոխության ընթացքով։ Սրանք գործողություններ էին, որոնք ինքնությունը կերտելու ճանապարհին ակտիվանում են։ Ադրբեջանական ինքնությունը՝ թրքախոս ցեղերի, սկսեց ձեւավորվել Կովկասի այդ տարածքում պարող ժողովուրդների ինքնությունների հակադրությամբ։ Սրա մեջ շատ ատելության եւ թշնամի տեսնելու երեւույթ կար։ Հակառակն էլ կար։ 20-րդ դարի սկզբից մինչ այսօր դա ուղեկցվեց ռասիստական, նույնիսկ երբեմն ֆաշիստականին մոտ ռասիստական հայացքով իրենց հարեւանների նկատմամբ»։
1905-07թվականներին այս գործողությունների ամենածանր բեռը կրեցին հայերը եւ այն ժողովուրդները, որոնց, ըստ Խառատյանի, վաթսունականներից հետո Ադրբեջանում հայտարարեցին ոչնչացված, դրանք այն ժողովուրդներն էին, որոնք Աղվանքից հասել էին մինչեւ նշված տարածք, լեզգիախոս ժողովուրդներն էին։
Կարդացեք նաև
Ադրբեջանի տարածքում մինչ այսօր կան շուրջ տասը լեզգիախոս ժողովուրդներ, որոնց անուններն անհայտ են աշխարհին, որովհետեւ, ինչպես ազգագրագետն ասաց, նրանք ուղղակի չկան ադրբեջանական պաշտոնական մարդահամարներում։
Շարունակելով պատմական փաստագրական դրվագները ներկայացնել, Խառատյանն անդրադարձավ նաեւ ուդի ժողովրդին, ասաց, որ ադրբեջանական նոմենկլատուրան միայն ուդիների մասին են նշում եւ նշում են, որ Աղվանքից են, իսկ մյուս ժողովուրդները ադրբեջանական ժողովուրդների նոմենկլատուրային ցանկում չկան։
«Պատկերացրեք այդ երկիրը, որն աշխարհին փորձում է ներկայանալ բազմազգ եւ ինտերնացիոնալ, այդ երկրում բազմաթիվ ժողովուրդներ իրենց լեզուներով, իրենց անուններով, իրենց ինքնություններով, իրենց հազարամյակների պատմական հայրենիքում ուղղակի գոյություն չունեն։ Ոչ մի միջազգային մոնիթորինգ նրանց չի հայտնաբերում, ոչ մի տեղ չեն գրանցում նրանց անունները, միայն, երբեմն, փորձագիտական տեքստերում կան կամ մասնագետները գիտեն նրանց մասին»,-ասաց Խառատյանը։
Ուդիները 19-րդ դարում իրենց տապանաքարերին գրում էին, որ իրենք լուսավորչական են, ուդիախոս ցեղից են, Հայ առաքելական եկեղեցու հարող, եւ սրանք, ինչպես նկատեց Խառատյանը, նրանց համար անձնագրի նման մի բան են․ «Ադրբեջանը աշխարհին ուզում է համոզել, որ հայերը ուդիներին գրիգորիզացնում են, այսինքն՝ այդ մարդիկ 2000 տարի մի կրոնի են հետեւում եւ հիմա հայերը նրանց իբրեւ թե այլ կրոնին են բերում եւ լուծում։ Անհեթեթություն է թվում, բայց շատ ազդեցիկ քաղաքական քայլ է եւ բազմաթիվ ձեւերով մոտ է ռասիզմին։ Այդ ուդիներին կոտորել են 1905-1907, 1918-1920 թվականներին, ամբողջ Խորհրդային շրջանում ճնշել ու դուրս են մղել։ Նրանք 1988-89 հայերի հետ միասին ենթարկվել են նույն բռնություններին, ինչ Բաքվի եւ Սումգայիթի հայերը։ Բոլորը դարձան փախստական։ Այսօր Շաքիում՝ ուդիների հայրենիքում, մոտ 2000 մարդ է ապրում, նրանք դարձել են քաղաքական խաղալիք ադրբեջանական բռնապետության ձեռքին, որովհետեւ պետք է վիճարկել, որ աղվանական ժողովուրդը հայկական ագրեսիայի հետեւանքով անընդհատ ուծացվել է։ Շաքիի տարածքի ամբողջ պատմամշակութային հուշարձաններում մի տող չկա աղվանական անցյալի եւ ուդիական ժառանգության մասին։ Սա մի օրինակ նրա, որ այս երկիրը վտանգավոր է ամբողջ Կովկասի համար։ Հիմա թվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն են խիստ ակտիվ, բայց ադրբեջանական ինքնությունը հավակնում է Հարավային Դաղստանի ժողովուրդներին, Վրաստանի իրենց սահմանակից հատվածի ժողովրդին եւ մինչեւ այս մտայնությունը կամ գուցե իսկապես այդ էթնիկությունը չհղկվի, լինելու է փախստականություն եւ այդ փախստականության շուրջ քննարկումներ։ Աշխարհը պետք է փորձի կանգնեցնել այս գործընթացը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ