Արագ եւ կայծակնային շախմատի տարբեր տարիների աշխարհի չեմպիոն, հայկական շախմատի նախկին առաջատար, իսկ այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանն աշխարհի թագի համար մրցամարտը լուսաբանող Championat.com-ի թղթակցին տված հարցազրույցում անդրադարձել է այն քննադատություններին, թե մրցամարտի խաղամակարդակը ցածր է։
«Շատ հետաքրքիր է նայել, թե ինչպես են մրցակիցները միմյանց խաղալու հնարավորություն տալիս, կիրառում հիանալի սկզբնախաղային գաղափարներ։ Երկուսն էլ մարտական տրամադրվածություն ունեն, եւ դա մրցամարտին լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդում։
Այո, լսել եւ կարդացել եմ, որ Յանին ու Դինին մեղադրում են խաղի ոչ բավարար մակարդակի համար։ Անձամբ ես իմ կարիերայի ընթացքում այնքան հիմար որոշումներ եմ կայացրել, որ երբեք չեմ ասի, թե ես այդպես չէի խաղա։ Հավանաբար, լարվածությունն է կատաղի։ Ես այսպես արտահայտվում եմ, որովհետեւ ոչ թե սիրողական շախմատիստ եմ, այլ պրոֆեսիոնալ։ Հեշտ է բազմոցին նստած ասել՝ ինչ քայլ պետք է աներ, կամ երկու մետրից գոլ չկարողացավ խփել։ Իսկ դու հասիր այդ իրավիճակին, այդ քայլին եւ փորձիր գոլ խփել։ Այնպես որ, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է կատարվում նրանց հոգում»,-ասել է Արոնյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ