Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը
Բազմաթիվ քրեական վարույթներով, որոնցով ես պաշտպան եմ, կան Հայաստանից բացակայող մեղադրյալներ:
Այդ բոլոր դեպքերում ստանձնել եմ պաշտպանությունը մեղադրյալների կողմից ստորագրված համաձայնագրերով կամ դիմումներով, որոնց սքանավորված պատճեններն ուղարկել եմ քննչական և բոլոր այդ գործերով երբևէ պաշտպանությունը ստանձնելու խոչընդոտներ չեմ ունեցել:
Հովհաննես Շահինյանի քրեական հետապնդումը միակ ու դեռևս անկրկնելի բացառությունն է: Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունն ինձ որպես Շահինյանի պաշտպան չի ճանաչում, ասում են, թե պետք է գրավոր համաձայնության բնօրինակը ներկայացվի: Ի դեպ, կանխատեսելով, որ կոնկրետ Շահինյանի գործով քննչականը դիմելու է աննախադեպ ապօրինությունների՝ համաձայնագիրը քննչականին էի ուղարկել նաև հատուկ լուսանկարով, որում Շահինյանն իր ձեռքում ցույց է տալիս իր ստորագրած համաձայնությունը:
Կարդացեք նաև
Բայց նույնիսկ այդ լուսանկարը քննչականին չկարողացավ զերծ պահել ակնհայտ ապօրինությունից: Նրանք պահանջում են բնօրինակը: Չեմ զարմանա, եթե բնօրինակն ուղարկելուց հետո էլ պահանջեն, որ այն պետք է լինի նոտարական վավերացմամբ, մինչդեռ օրենքն այդպիսի պահանջ ոչ միայն չի սահմանում, այլև բացառում է:
Այս ամենն ուղիղ վկայությունն է այն իրողության, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականացվում է հենց քաղաքական հետապնդում: Որովհետև, եթե մեկ անձի նկատմամբ նույն պայմաններում կիրառվում է խտրականություն, դրվում են պահանջներ, որոնք չէին դրվել մնացածների դեպքում, սա միջազգային բազմաթիվ փաստաթղթերով հենց քաղաքական հետապնդման ուղղակի ապացույց է:
Հ.Գ. Սա հետագայում հիմք է դառնալու եվրոպական դատարանում հաջողության հասնելու համար: