Կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանում իշխանություն է համարվում Նիկոլ Փաշինյանը, իր քպականներով հանդերձ, կորուստներն ու թշնամու կողմից Հայաստանի, Արցախի բեկորի կրծոտումները անդադար շարունակվելու են:
Ինչո՞ւ. ամենից դիպուկ Նիկոլ Փաշինյանն ինքն է հիմնավորել՝ դեռ տարիներ առաջ Սահակաշվիլիի վերաբերյալ գրած հոդվածում: Ի դեպ, Փաշինյանի մասին: Նա չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը (ինքնաբնութագրական է, ոչինչ չես ասի): Իշխանությունը վերցնելուն հաջորդած վերջին 5 տարիներին, հատկապես՝ 2020-ի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արել է հնարավորինից էլ մի բան ավելին, որպեսզի Հայաստանն ու Արցախն առավել խոցելի դառնան: Այդ ամբողջ ժամանակահատվածում թշնամին թե՛ Նախիջևանի կողմից, թե՛ Ճամբարակից մինչև Նռնաձոր տարածվող «արևել յան սահմանագծի» երկայնքով, թե՛ Արցախից մնացած բեկորի շուրջ դիրքավորվել է, հնարավորինս նպաստավոր դիրքեր է գրավել, ավելին՝ ՀՀ տարածքից շուրջ 100 քառակուսի կիլոմետր օկուպացրել է և ամրանում է ու նոր ուժեր, միջոցներ կուտակում:
Ի լրումն՝ Արցախ տանող միակ ճանապարհի վրա անցակետ դնելը: Դա նշանակում է, որ հասել ենք բավականին տհաճ «զրոյական կետի», դեռ մի բան էլ՝ «մինուսային կետի», եթե համեմատենք Հայաստանի պետականության վերականգնման և Արցախի ինքնիշխանության հռչակման ժամանակահատվածի հետ (1991թ. սեպտեմբեր):
Պետք է կարմիր գիծ քաշել, «զրոյակետականներին» դնել իրենց վաստակած «զրոյակետական» տեղում, հավաքել ուժերն ու նորի՛ց սկսել, նորովի շարունակել պայքարը: Ուրիշ տարբերակ չկա՛: Ուրիշ տարբերակը վերանալն ու կոտորվելն է: Հիշե՛նք՝ «սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: Իսկ թե պայքար կա, հաղթության օրը անպայման կգա:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։