«Ամերիկայի ձայն». Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ հարձակումներին Ռուսաստանի արձագանքի բացակայությունը ցույց տվեց Մոսկվայի անվստահելիությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ հարձակման էր ենթարկվել Հայաստանի սուվերեն տարածքը: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում էլ ադրբեջանական զինուժը շարունակում է հակադրվել ռուս խաղաղապահներին և խախտել Ռուսաստանի կողմից պարտադրված զինադադարի պայմանագիրը։
«Այս համատեքստում Հայաստանի հանրային կարծիքը հստակ գիտակցում է, որ Ռուսաստանն այլևս չի ընկալվում որպես անվտանգության հուսալի մատակարար, ինչպես դիտվում էր նախկինում»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթնոսկին ևս համակարծիք է՝ ՌԴ դադարել է ընկալվել հայ հանրության կողմից որպես «վստահելի դաշնակից», քանի որ Երևանը երկար ժամանակ Մոսկվայից ակնկալել է լուրջ աջակցություն, որը չի ստացել, հատկապես իր տարածքների վրա հարձակման ժամանակ:
«Այսպիսով` հայ հանրության ու կառավարության համար պարզ է, որ Ռուսաստանը կամ ի վիճակի չէ օգնել Հայաստանին Ուկրաինայում իր բոլոր խնդիրների պատճառով, ինչը, կարծում եմ, հավանաբար, մասամբ այդպես է, կամ չի ցանանում անել դա»,- պնդում է Սթրոնսկին:
Կարդացեք նաև
Վերջինիս կարծիքով պատերազմը Ուկրաինայում բացասական է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Կարծում եմ՝ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը երկրորդական կարգի հարց է Մոսկվայի համար, հատկապես այն շրջանում, երբ վերջինիս կարողությունները սահմանափակված են Ուկրաինայի պատերազմի հետևանքով: Դա խրախուսում է նաև ադրբեջանական նոր սադրանքները։ Բաքուն օգտվում է Մոսկվայի ուշադրության շեղումից և արձագանքելու անկարողությունից»,- նկատում է Սթրոնսկին
Վերլուծաբանն ընդգծում է, որ այդ է պատճառը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայվում են Երևանի կողմից: Ընդգծելով, որ դեռևս չափազանց անորոշ է երբ և ինչպես կավարտվի պատերազմը Ուկրաինայում՝ վերլուծաբանը նկատում է, որ այդ պատերազմը, անշուշտ, փոխում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ողջ տարածաշրջանում՝ խրախուսելով նախկին խորհրդային երկրների ապագաղութացման մտածողությանը ու այլընտրանքներ գտնելու ցանկությանը:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: