Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով լռության տեսակները, շեշտը դրեց «հանրային լռության» վրա
«Հրապարակային զրույց» միջոցառումների շրջանակում 2013թ. ապրիլի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «բաց դասախոսություն», որը հիմնականում ընդգրկում էր լռության թեման: Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով լռության տեսակները, շեշտը դրեց «հանրային լռության» վրա: Դասախոսության մասնակիցները նշեցին, որ հասարակության այս կամ այն անդամները հաճախ ստիպված են լինում լռել, քանի որ իրենց մտքերն ազատ շարադրելիս հաճախ հանդիպում են ճնշման հասարակության մյուս անդամների կողմից: Սոցիոլոգի կարծիքով՝ ազատ խոսքն արտահայտելու համար նախեւառաջ պիտի լինեն համակարգային փոփոխություններ, եւ քաղաքացին ազատ արտահայտվելու հնարավորություն ունենա:
Այդ օրը «Առավոտը» տեղեկացրեց, որ ՀՀ վարչական դատարանն ավարտել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (դատավոր՝ Ա. Միրզոյան) հայցն «Աշտարակ Կաթ» ՓԲ ընկերության դեմ: Դատարանն ամբողջությամբ մերժեց ԻԱԿ-ի հայցը: Մենք հիշեցրել էինք, որ 2011թ. նոյեմբերի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել էր «Աշտարակ-Կաթ» ՓԲ ընկերությանը, խնդրելով հայտնել. «1. Կազմակերպության կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց, 2. տրամադրել ցանկը, թե կազմակերպության կաթնամթերքներից ո՞րն է բնական կաթից, որը՝ ոչ»: Հայաստանի ուժեղագույն սամբիստներն ապրիլի 1-ին մեկնեցին Ստեփանակերտ, ուր տեղի էր ունենալու Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը: Ստորեւ ներկայացնում ենք ամենաուշագրավ իրադարձությունների «Ծաղկաքաղը»:
Ապրիլի 1
«Ինկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը հայտարարել էր, որ Մագելի (Մագիլի, Մագելանի) քարանձավի վարձակալության եւ այն զբոսաշրջային նպատակներով օգտագործելու համար 2007թ.-ին դիմել է մշակույթի նախարարությանը, որի պահանջով կազմել է օգտագործման ծրագիր, անցկացրել համապատասխան փորձաքննություններ եւ հասարակական լսումներ` ստանալով դրական եզրակացություն: Նախարարն արդյունքում համաձայնվեց վարձակալության տալ քարանձավը: Այդ գրությունից անցել է մեկ ու կես տարի, բայց պայմանագիր այդպես էլ չի կնքվել:
Կարդացեք նաև
Ապրիլի 2
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ապրիլի 2-ի նիստում ճառով հանդես եկան ամբաստանյալ զինվորներ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Ազատ Շահբազյանը եւ ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը: Պաշտպան Մնացականյանն ասաց, որ դատաքննության ընթացքում չապացուցվեց իր պաշտպանյալների մեղքը, որ վերջիններիս գործողությունների եւ Նազարյանի ինքնասպանության միջեւ չկա պատճառահետեւանքային կապ: Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել նույն խցում պահված 4 վկաների իրարամերժ, հակասական, իրականությանը չհամապասխանող ցուցմունքների հիման վրա, որ վկաները 25 օր գտնվել են ռազմական ոստիկանությունում, անազատության մեջ, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել, որ նրանց ցուցմունքները ուղղորդվել են քննիչների կողմից, քանի որ, ինչպես դատարանում պարզվեց, դրանցում օգտագործված շատ տերմիներ՝ «գերակայություն», «նվաստացնել» եւ այլն, վկաների համար անհասկանալի են:
Ապրիլի 25
Ձյան, անձրեւի ու քամու ժամանակ էլ վայր չեն դրել Արցախի դրոշը:
«Մեզ համար դժվարություն չի եղել, քանի որ նպատակը մեր հայության արդարության ձայնը հնչեցնելն էր»,- ասում է Վահան Փիլոսյանը, որն իր եղբայրների եւ ընկերների հետ ապրիլի 18-ից ոտքով դուրս է եկել Արցախի Մարտակերտի շրջանից եւ ապրիլի 24-ին հասել Ծիծեռնակաբերդի բարձունք։ Նրանք նախապես հաշվարկել են, թե օրական ինչքան ճանապարհ պետք է անցնեն ապրիլի 24-ին Երեւանում լինելու համար։ Ամեն օր քայլել են գրեթե 60 կիլոմետր, բայց չեն ընկրկել ոչ մի րոպե։ Ուխտավորների խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում, նաեւ Վարդենիսում ու Սեւանում եղանակն ամենեւին գարնանային չի եղել։ Ձյան, անձրեւի, լեռնային քամու դեպքում անգամ տղաները ոչ մի պահ վայր չեն դրել Արցախի դրոշը։
Ապրիլի 28
Դատակոչված վկան «Բանդայի գործով» ամբաստանյալին մորուքով չճանաչեց:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանում շարունակվեց մի շարք պաշտոնատար անձանց բնակարաններում ավազակային հարձակումներ կատարելու համար մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի, Արման Դալլաքյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Դատարան էր ներկայացել վկա Վալերի Մանվելյանը, ով հայտնեց, որ իր «Մերսեդես» ավտոմեքենան 10 000 դոլարով վաճառել է մի տղայի: Նախաքննության ժամանակ հայտնել էր անունը՝ Դավիթ: Ըստ այս վկայի, բանավոր պայմանավորվածության համաձայն, իրեն վճարել էին 6000-ը, իսկ մնացած 4000-ը այդպես էլ չէր վճարվել: Վկան դատարանում հայտնեց, որ հեռուստացույցով տեսել է իր մեքենան, եւ «ինչ-որ մարդկանց, որ կալանավորվել էին»:
Ապրիլի 28
Անհայտ կորածի հարազատներին մեղավորության զգացումը խեղդում է.
«Ես ինձ կյանքում չեմ կարող ներել, պետք է ես գնայի ու հորս համոզեի բերեի»,-առանց աչքերը բարձրացնելու, մեղքի զգացումը հոգում, ասում է տիկին Ռոմելան, որի հայրը` Մկրտիչ Այվազյանը, ղարաբաղյան պատերազմի հետեւանքով համարվում է անհայտ կորած: Վերջին անգամ նրան տեսել են Մարտակերտի կաթի գործարանի մոտ. կնոջն ասել է, որ գնում է ոչխարների հետեւից եւ շուտով կգա կհասնի գաղթի ճանապարհը բռնած մյուս համերկրացիներին: Երկու խոշոր` ռուս-ֆինական եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներով անցած Մկրտիչ Այվազյանը կամ ինչպես նրան հարազատներն են կոչում` Մակիչը, կնոջը՝ Ռոզային, ասել էր, որ այդ ոչխարներով ճանապարհին պիտի կերակրի մարդկանց, որպեսզի սովից ուժասպառ չլինեն:
Վաղը ՀՀ վարչական դատարանը որոշում կկայացնի՝ բավարարե՞լ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, թե՞ մերժել այն: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը դատարան էր դիմել՝ բողոքարկելով մի քանի օր առաջ ԿԸՀ-ի կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման, ապրիլի 7-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից հարկատուների հաշվին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում: Մինչդեռ, Դանիել Իոաննիսյանը համոզված է, որ տեսանյութը առավել քան ապացուցում է՝ ծաղիկները բաժանվում են Տարոն Մարգարյանի կողմից եւ քարոզչության նպատակ ունեն:
Ապրիլի 30
Սահմանադրական դատարանը որոշեց կրկին հետաձգել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ 2008թ. մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված եւ հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի եւ Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործի դատաքննությունը:
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի: ՀԱԿ ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում են պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների, մասնավորապես, «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»:
Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2023