Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի գործող իշխանությունը ՌԴ-ին ամենաշատ ծառայություններ մատուցած իշխանությունն է»

Ապրիլ 29,2023 13:00

«Տեղ գյուղում տեղի ունեցողն ու ԱԱԾ-ի հայտարարությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում. շատ բաներ, ըստ էության, արդեն պայմանավորված եւ պլանավորված են»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

– Ադրբեջանը փակեց Հակարի գետի կամուրջը, որը Հայաստանն ու Արցախն այս պահին կապող միակ ճանապարհն է ու այդ հատվածում ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին են հայտարարում: Ի՞նչ է կատարվում, Ձեր կարծիքով:

– Այն, ինչ կատարվում է այսօր, ըստ էության, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետեւանքն է: Գոնե ինձ համար, սա սպասելի էր: Եվ ոչ միայն սա: Այսինքն, ակնհայտ է՝ երբ հանձնվեց Քարվաճառը եւ Բերձորի շրջանը, ըստ էության, հնարավորություն ստեղծվեց Ադրբեջանի համար, որպեսզի նրանք օղակեն Արցախի Հանրապետությունը եւ փորձեն առավել մեծ ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա: Բացի այն, որ Ադրբեջանն՝ ի դեմս Ալիեւի, արդեն հրապարակային հայտարարել է, թե իր պատկերացումը ո՞րն է՝ Արցախի հայերը կամ ընդունում են Ադրբեջանի գերակայություն, կամ՝ թողնեն հեռանան, իսկ ավելի պարզ ու հասկանալի ասած՝ էթնիկ զտում իրականացնել: Նաեւ, կա հարցի այլ ասպեկտը. ըստ էության, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն Արցախը ոչ միայն օղակի մեջ է առնում, այլ նաեւ այն հնարավորինս եւ առավելագույնս իր թիկունք է մտցնում: Նկատի ունեմ, որ Հայաստանի հետ իր սահմանից,  անընդհատ հեռու է տարվում հայկական գործոնը եւ Հայաստանի սահմանի ամբողջ երկարությամբ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանում: Բայց եթե գործեր Բերձորի միջանցքը, կարելի կլիներ ասել, որ որոշակիորեն տարածք կլիներ, որն Ադրբեջանը չէր վերահսկի, իսկ այս պարագայում, Ադրբեջանն ամբողջովին վերահսկում է եւ Արցախն, ըստ էության, դառնում է խորը թիկունք: Կա նաեւ մեկ այլ հարթություն. Ադրբեջանը շարունակում է ճնշումը Հայաստանի նկատմամբ եւ ակնհայտորեն նաեւ Հայաստանից այլ պահանջներ է ունենալու, կամ արդեն ունի, կամ՝ ես նույնիսկ չեմ էլ բացառում, որ ինչ-որ պայմանավորվածություններ արդեն կան, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս տարիների ընթացքում կատարվել են քայլեր, որոնք համատեղ հայտարարության մեջ չկային, բայց  Հայաստանի իշխանությունները շատ հանգիստ են դրանց վերաբերվում, կամ հետո պարզվում է, որ դա արդեն պայմանավորված է: Օրինակ, այն, ինչ տեղի ունեցավ Տեղ գյուղի հետ կապված, ԱԱԾ հայտարարությունից պարզ դարձավ, որ դա դեռ նախորդ տարի պայմանավորված քայլ է եղել եւ հասարակությունը դրա մասին բացարձակ տեղյակ չի եղել: Այսինքն, մենք չգիտենք, թե ի՞նչ պայմանավորվածություններ կան. ոչ միայն այն, ինչը որ թղթի վրա կա եւ այն, ինչը որ թղթի վրա չի եղել:

– ՀՀ ԱԽ քարտուղարը հերթական անգամ ամբողջ մեղքը բարդեց ՌԴ-ի վրա: Մինչ այդ էլ, թե Նիկոլ Փաշինյանը, թե ԱԽ քարտուղարն ամենում ՌԴ-ին են մեղադրել: Ի դեպ, մոտ երկու ամիս առաջ, Բաքվում, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ անցակետ չի կարող տեղադրվել, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նման բան նախատեսված չէ:

– Իրականում ոչ միայն ՌԴ-ն է մեղավոր, այլեւ Հայաստանը՝ բոլոր հարցերում իր կրավորական կեցվածքով եւ ոչ համարձակ, նախաձեռնողական քայլերի համար: Բայց մեկ այլ հանգամանք էլ կուզեի նշել. ՌԴ-ին անընդհատ մեղադրում են խոսքի մակարդակում, այդ թվում նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակում, բայց գործնական ոչինչ չի փոխվում: Ինչպես ՀԱՊԿ անդամ եղել ենք, այնպես էլ մնացել ենք, ինչպես ՌԴ-ն ակտիվ դերակատարում ունի, այնպես էլ մնում է, էլ չեմ խոսում նրա մասին, որ ըստ էության, բոլոր քայլերը համաձայնեցվում են ՌԴ-ի հետ: Նորից եմ կրկնում՝ Տեղ գյուղում տեղի ունեցողն ու ԱԱԾ-ի հայտարարությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում. շատ բաներ, ըստ էության, արդեն պայմանավորված եւ պլանավորված են:

– Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ չկա կետ՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու կամ Արցախի տարածքներից Ադրբեջանին հանձնելու մասին, բայց դա փաստացի արվում է եւ հայտարարության կողմերը սրան չեն արձագանքում:

– Դա, կարծում եմ, այն տրամաբանության մեջ է, որ բացի այն, ինչ գրված է եղել համատեղ հայտարարության մեջ, եղել են նաեւ, այսպես կոչված, բանավոր պայմանավորվածություններ կամ հետագայում, ղեկավարների մասնակցությամբ տարբեր եռակողմ հանդիպումների ժամանակ էլ ինչ-որ պայմանավորվածությունների են եկել, ինչի մասին չի տեղեկացվել հանրությանը, ՀՀ քաղաքացիներին: Ուստիեւ, հնարավոր է, որ հենց այդ պատճառով է, որ կողմերը հայտարարություններ չեն անում. առաջին հերթին հայկական կողմը, ապա ռուսականը, որպես երաշխավոր եւ մնացյալ միջազգային խաղացողները: Երկրորդ պատճառն այն է, որ ակնհայտորեն Հայաստանի իշխանությունները համապատասխան կերպով չեն արձագանքում ստեղծված իրավիճակին. անկախ նրանից, որ իրենք մեղավոր էին ստեղծված իրավիճակի համար, իրենք պարտավոր էին այս պահին համապատասխան արձագանքել, քանի որ իրենք են պաշտոնավարում:

– Եվրոպական կառույցներից, ԱՄՆ-ից, նաեւ ՌԴ-ից  միայն դատապարտող հայտարարություններ եղան, Ադրբեջանին սանձելու որեւէ քայլ, որեւէ կողմից չկա: Հայկական կողմում, միայն առանձին լրատվամիջոցներ ու գործիչներ են խոսում այդ ամենի մասին. իշխանությունից բացի, նաեւ ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը լուռ են հետեւում գործընթացներին. ո՞ւր է սա տանելու մեզ:

– Այն, որ ՀՀ իշխանությունը, խորհրդարանական ուժերը, ինչու՝ ոչ, նաեւ որոշ արտախորհրդարանական ուժեր, ոչ մի կերպ չեն արձագանքում, ես կարծում եմ, մի շատ պարզ պատճառ ունի. ոչ ոք չի ցանկանում ՌԴ-ին նեղացնել, եթե չասեմ, որ հենց ՌԴ-ի կողմից են կառավարվում, որովհետեւ ակնհայտ է՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում եւ ՀՀ սահմաններին, անմիջականորեն առնչվում է ՌԴ-ին, որպես Հայաստանի պաշտոնական ռազմավարական դաշնակից, որպես Հայաստանի՝ պաշտոնապես ՀԱՊԿ անդամի: Միանշանակ է, որ, ըստ էության, արդեն ՌԴ-ի բացահայտ թույլտվության եւ մասնակցության շնորհիվ է, որ հնարավոր է լինում, որ Ադրբեջանն իրականացնի նմանատիպ քայլեր: Եթե ՌԴ-ն կոշտ արձագանքի, համոզված եմ, Ադրբեջանը նմանատիպ քայլեր չի իրականացնի: Բայց, քանի որ ՌԴ-ն նաեւ Ադրբեջանի միջոցով փորձում է ճնշել Հայաստանին, ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլ Հայաստանին, քանի որ ՀՀ իշխանությունները, կարծում եմ, ՌԴ-ի ցանկացածը կիրականացնեն, իր շահերն առաջ մղելու համար օգտագործում է Ադրբեջանին: Ուստիեւ, ձեր նշած երեք սուբյեկտները՝ իշխանություն, խորհրդարանական ընդդիմություն, արտախորհրդարանական ընդդիմության մի մասը, շատ պարզ պատճառով չէին արձագանքելու այն ամենին, ինչ տեղի է ունենում:

Ինչ վերաբերում է միջազգային այլ խաղացողների կողմից, բացի հայտարարություններից, այլ գործուն քայլեր իրականացնելուն, ապա որոշակի գործուն քայլերի սպասումով հանդերձ, պետք է նշենք, որ հայտարարությունների մասով բավականին առաջ ենք գնացել, այդ թվում նաեւ ԵՄ բանաձեւերի շրջանակում: Ես կարծում եմ, որ հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը եւ Ադրբեջանի կողմից Եվրոպային գազի մատակարարումը, Իրանի հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ, Արեւմուտքը, ըստ մեր պատկերացրածի, որոշակի քայլեր ձեռնարկում է: Իհարկե, եթե մեր պատկերացրածը մեզ զինելու կամ մեր փոխարեն կռվելու մասին է, այդպես չի լինելու: Համենայնդեպս, դա իմ պատկերացումը չի, քանի որ մենք նախ դաշնակցային հարաբերություններ ունենք ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ: Երկրորդ՝ Ադրբեջանն այս պահին Արեւմուտքին գործընկեր է: Բայց, ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնելու դեպքում, չեմ բացառում, որ Հայաստանին ոչ միայն ռազմաքաղաքական աջակցություն ցույց կտան, այլ գործուն ջանքեր կլինեն: Բայց սա չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է կոնկրետ քայլեր իրականացնի՝ իր անվտանգությունն ապահովելու համար: Մեր կռիվը ոչ ոք չի տանելու եւ ակնհայտ է՝ որքան մենք խոսում ենք չեղած խաղաղության օրակարգի մասին, այնքան ավելի ենք մոտենում ավելի մեծ աղետի: Նիկոլ Փաշինյանի՝ «25 հազար զինվոր փրկելու» օպերացիայից հետո, մենք այս պահին ունենք 120 հազար արցախցիների փրկության խնդիր: Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սխալ հաշվարկներ է իրականացնում եւ տարիներ շարունակ, սխալ ուղղությամբ  են ընթացել իրենց եւ արտաքին քաղաքականությունը, եւ անվտանգության հետ կապված հարցերը:

Նմանատիպ շարունակության դեպքում, մենք անընդհատ կորուստներ ենք ունենալու: Ադրբեջանի իրականացրած քայլերին եթե համապատասխան արձագանք չտրվի հայկական կողմից, հանգեցնելու է նոր տարածքների կորստի եւ ավելի վատ անվտանգային իրավիճակի:

– Իրավիճակի շտկումը ընդդիմադիրները տեսնում են իշխանափոխության մեջ, որին հասնել չեն կարողանում. ստացվում է՝ պետք է համակերպվե՞նք մեզ պարտադրվող լուծումների հետ: Ելք այս իրավիճակից կա՞, ո՞րն է:

– Իհարկե, իրավիճակից ելք կա եւ այդ ելքը, ցավոք, շատ բարդ է, բազմաթիվ քայլերով: Առաջին հերթին՝ իշխանությունների հեռանալը, մաթեմատիկական լեզվով ասած՝ պարտադիր պայման է, բայց ոչ բավարար: Բավարար պայմանի մասին կարող ենք խոսել, երբ Հայաստանում կլինի այնպիսի ղեկավարություն, որը գիտակ է եւ ունի պետականամետ կեցվածք: Այս պահին, ցավոք, դա չունենք, բայց այդ ամենը, իհարկե, պետք է սկսվի իշխանափոխությունից:

Իմ կարծիքով, ճանապարհն ազգային համաձայնության կառավարությունն է, որը շատ արագ պետք է մի քանի անհրաժեշտ քայլեր իրականացնի, այդ թվում եւ առաջին հերթին, Հայաստանում լիակատար վերահսկողություն սահմանի ուժային կառույցների նկատմամբ. այդ կառույցները մաքրվելով՝ պետք է ծառայեն բացառապես պետության շահերին եւ ոչ թե մի քանի քրեաօլիգարխիկ խմբերի շահերին: Երկրորդ՝ այնպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարվի, որի արդյունքում Հայաստանն անդաշնակից կամ նվազ թվով դաշնակիցներ ունենալու իրավիճակից հայտնվի մի իրավիճակում, երբ ուժեղ եւ գործուն դաշնակիցներ կունենա: Դրա համար, բնականաբար, առաջին հերթին անհրաժեշտ է, որ իշխանությունը չմտածի իր երկարատեւության մասին, այլ բացառապես պետության շահերն առաջ մղելու մասին, որովհետեւ մինչեւ այժմ եղած ՀՀ իշխանությունները, պետության արտաքին շահը, ցավոք, ծառայեցրել են իրենց իշխանությունը պահելուն, ոչ թե պետության առջեւ ծառացած մարտահրավերները չեզոքացնելուն:

Իշխանափոխության հասնելու համար, այս պահին անհրաժեշտ պայմաններից մեկը ռեսուրսների առկայությունն է. խորհրդարանական ընդդիմությունն ունի ռեսուրսներ՝ ֆինանսական, մարդկային, բայց չունի հանրային աջակցություն եւ, ըստ էության, իրենց ներկայության շնորհիվ է, որ այս իշխանությունը դեռեւս գոյատեւում է եւ 2021 թվականի ընտրությունները նաեւ դա ցույց տվեցին: Խորհրդարանական ընդդիմությունը, ցավոք, նայում է ՌԴ-ին, իսկ ՌԴ-ին այս պահին նմանատիպ թույլ իշխանություն է պետք Հայաստանում, որպեսզի կարողանա իր հարցերը լուծել: Հայաստանի գործող իշխանությունը երեւի թե ՌԴ-ին ամենաշատ ծառայություններ մատուցած իշխանությունն է, այդ թվում նաեւ վերջերս նորից խոսվեց ՀԱՊԿ դիտորդների մասին, երբ ՀԱՊԿ-ը ոչ թե դիտորդներ պետք է ուղարկեր Հայաստան, այլ աջակից ուժեր, բայց ՀԱՊԿ-ն ավելի պրոադրբեջանական կեցվածք ունի, եթե չասենք՝ ամբողջությամբ պրոադրբեջանական է: Ուստի, բարդ է իշխանափոխության գործընթացը: Ես դա տեսնում եմ միայն հասարակության այն հատվածի միավորման եւ առաջնորդության պայմաններում, որը դեմ է եղել ինչպես ներկա իշխանությանը, այնպես էլ նախորդ իշխանություններին եւ որին ես ասում եմ՝ իրական ընդդիմություն. այն ընդդիմությունը, որն ունի պետականամետ մոտեցում եւ ՀՀ զարգացումը տեսնում է այն տեսլականում, որ երկիրը պետք է լինի սոցիալական համերաշխության, արդարության եւ օրինականության գերակայության եւ ազգային միասնության համակարգով, բոլոր պետական եւ բնական ռեսուրսները պետք է ծառայեն պետության հզորացմանը եւ ժողովրդի անվտանգության ապահովմանը:

– Ո՞ր ուժերն են դրանք:

– Իհարկե, կան այդպիսիք. ցավոք, դրանց մի մասը միմյանց դեմ է պայքարում, փոխարեն միավորվեն: Անուններ չտամ, որովհետեւ իմ գործընկերներն են: Բայց հույսս չեմ կորցնում, որ իրենք ինչ-որ մի պահի կփորձեն միավորվել: Համենայնդեպս, խիստ անհրաժեշտ է, որ իրենք միավորվելով՝ փորձեն առաջնորդել ժողովրդին, որովհետեւ իրենց միավորվելով բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի եւ հների նկատմամբ վախը հասարակությունում այլեւս դոմինանտ չի լինի:

 Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930