Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերձորը դու ես հանձնել ռուսների վերահսկողության։ Չէիր մտածո՞ւմ, որ մի օր կարող է ՌԴ-ն Ադրբեջանի հետ համաձայնության գալ»․ Ավետիք Չալաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 28,2023 23:50

«Նոր Նեմեսիսի կարիք չկա այն իմաստով, որ մենք չպիտի գնանք վրիժառության ճանապարհով, այլ թշնամիներին հաղթելու»,- հարցին՝  նոր Նեմեսիսի կարիք կա՞, այսպես պատասխանեց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ «Համախմբում» շարժումը կազմակերպեց այցելություն Նեմեսիսի հերոսների հուշարձան՝ ոգեկոչելու հայոց արժանապատվության ասպետների հիշատակը և նորովի արժևորելու նրանց սխրանքը:

Խոսելով Նեմեսիսի մասին՝ Ավետիք Չալաբյանը շարունակեց․ «Նեմեսիսն այն իրավիճակն էր, երբ, ցավոք, մենք պահը բաց էինք թողել։ Հիշում եք՝ Թալեաթը 1922-ին է սպանվել, երբ Հայաստանի Հանրապետությունը վերացվել էր։ Մենք այսօր ունենք պետություն ու բանակ, մեր ճանապարհը պիտի լինի հաղթանակը, ոչ թե վրիժառությունը»։

Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Նեմեսիս գործողությանը՝ նշեց․ «Նեմեսիս գործողությունը 1919-ին է ծրագրվել ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի կողմից և իրականացվել է մինչև 1922 թվականը։ Այդ ընթացքում դատապարտվել են մահապատժի և ենթարկվել հայ վրիժառուների կողմից երիտթուրքական ու մուսաֆաթական ջարդարարները, որոնք անմիջական պատասխանատվություն ունեին հայ ժողովրդի բնաջնջման համար։ Սա կիրառական շատ կարևոր գործողություն էր, ուղերձ հղեց մեր թշնամիներին, որ թեև հայ ազգը պարտվել է, նրա արժանապատվությունը չի կորսվել, նրա մարտական ոգին չի կորսվել, պատրաստ է ոտքի կանգնել ու հակահարված հասցնել թշնամիներին»։

Զուգահեռներ տանելով մերօրյա իրականության հետ՝ Ավետիք Չալաբյանն ասաց․ «2020-ին, ցավոք, նորից պարտություն ենք կրել, բայց մենք պիտի դրան վերաբերվենք՝ որպես դաս, որը պետք է սերտել, յուրացնել և շարժվել առաջ։ Դեպի նոր հաղթանակներ։ Մարդկության պատմության մեջ, նաև մեր ազգի պատմության մեջ հաղթանակներն ու պատերազմները հաջորդում են իրար։ Կարծում եմ՝ մենք մեր հարևանների հետ ի վերջո, պիտի գանք հաշտության։ Բայց դա չի լինելու մեզ ստրկացնելու, ոչնչացնելու միջոցով, տեղահանելու միջոցով։ Թուրքերն ու ադրբեջանցիները պետք է ընդունեն մեր բնական, մարդկային, ազգային իրավունքները, մեր արժանապատվությունը։ Մենք պիտի գիտակցենք նրանց թշնամական նկրտումները, հասկանանք, որ մենակ չենք աշխարհում։ Եթե մեր արժանապատվությունը մենք պաշտպանենք՝ բարձրացնենք բանակի, տնտեսության, պետության մարտունակությունը, ի վերջո կհասնենք այն կետին, որ մեր կարողությունները կաճեն, և թշնամիները ստիպված հաշվի կնստեն մեզ հետ, ինչպես 1994-ից սկսած»։

Լրագրողները փաստեցին՝ Նիկոլ Փաշինյանը ևս գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման, Ավետիք Չալաբյանն ասաց․ «Մի էական տարբերություն կա։ ՀՀ իշխանություններին ոչ մեկ լուրջ չի ընդունում, չի հարգում մի պարզ պատճառով, որ հաշտություն կարող է լինել միայն ուժերի բալանսի հաշվին։ Թույլին շարունակելու են ոչնչացնել, ոտնակոխ անել։ Դա է տեղի ունենում հենց այս իշխանության հետ։ Այս իշխանությունները երկիրը տանում են անհեռանկար ուղղությամբ։ Մենք պետք է ռազմականացնենք մեր երկիրը, սարքենք ամուր, անառիկ ամրոց»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասաց․ «Ասում է, թե Բերձորը ռուսներինն է։ Բերձորը դու ես հանձնել ռուսների վերահսկողության։ Չէիր մտածում, որ մի օր կարող է ՌԴ-ն Ադրբեջանի հետ համաձայնության գալ։ Երբ Բերձորը մեր վերահսկողության տակ էր, բացարձակ անառիկ էր, որովհետև ով մեկ անգամ Բերձորով կամ Քարվաճառով անցել էր, գիտեր, որ դա ռազմական ճանապարհով գրավելը համարյա անհնար է։ Բա ինչո՞ւ էիր հանձնում, հիմա էլ ուզում ես նենց անել, որ մոռանանք, որ դու ես հանձնել։ Դե, հիմա ասա՝ ինչ լուծում ես պատկերացնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930