Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր հիմնական պահանջը Արցախի միասնությունն է Հայաստանի հետ և այս իշխանության հրաժարականը»․ Արամ Սարգսյան

Ապրիլ 28,2023 23:03

«Մենք աշխատում ենք այլընտրանքային ժամանակավոր կառավարության այն ծրագրի վրա, որով կարելի է ՀՀ-ն դուրս բերել այս իրավիճակից»,-«Ազատության հրապարակում «Միասին» հասարակական- քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ ամենագլխավոր հարցն այն է՝ հանկարծ հուսահատ չլինենք, որ իսկապես այնքան ծանր ու վատ վիճակում ենք, որ չգիտենք՝ ինչ անենք։ Այս առիթով ասաց․ «Էդ իրենք չգիտեն՝ ինչ անեն։ Գյումրեցին լավ է ասում՝ չիդի՝ ինչ անի։ Է, որ չիդես՝ ինչ անես, թող, հեռացիր և հրաժարական տուր, որ գան նրանք, որոնք իսկապես գիտեն՝ ինչ պիտի անեն»։

Արամ Սարգսյանը հավաստիացրեց, որ դեռ 2017-ին արդեն պայմանավորվածություն կար ու հաստատված էր ծրագիր, որով Շիրակի մարզում պետք է կառուցվեին ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ ու նշեց․ «Դա չիրականացվեց հենց սրանց գալու պատճառով։ Եկան և այդ ծրագրերը փակեցին։ Այսինքն՝ իրենք ծրագրավորել էին, որ պետք է անպայման տանեն մեր երկիրը պարտության։ Լավ, ասում եք՝ մենք ծանր վիճակում ենք, բա կարելի՞ է թշնամուն տենց բան հայտնել»։

Նա վստահեցրեց՝ եթե այս իշխանությունը մնա, ուրեմն մենք իսկապես կպարտվենք ու հայտարարեց՝ հրաժարական պահանջելու են այնքան ժամանակ, մինչև դրան չհասնենք։

Ըստ Արամ Սարգսյանի՝ Եվրոպան ոչ մի պատժամիջոց չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ ու չի էլ կիրառելու, որովհետև նավթի ու գազի կարիք ունի։ Ու ասաց․ «ՀՀ-ն չունի՞ նման ռազմավարական նշանակության հումք, ունի մոլիբդեն։ Աշխարհի մոլիբդենի պաշարների ութ տոկոսը ՀՀ-ում է։ Շատ կարևոր ռազմավարական հումք է։ Եթե դա լիներ պետության հարստությունը, պետության սեփականությունը, դրանով կարելի էր՝ որպես լծակ ազդել այլ երկրների վրա»։

Նա, դիմելով ժողովրդին, ասաց․ «Անգամ, եթե ձեր այսօրվա բարեկացությունը ձեզ հեռու է պահում այս ամբողջ գործողություններից, ապա հասկացեք, որ մեր երեխաների և թոռների ապագան ապահովված չի լինելու այս իշխանությունների օրոք։ Դրա համար բոլորս պետք է պահանջենք հրաժարական այնքան ժամանակ, մինչև հասնենք այդ նպատակին»։

Արամ Սարգսյանը նաև հայտնեց, որ առաջիկայում կունենան մարզային հանդիպումներ։ Արամ Սարգսյանը, քննադատելով այս իշխանությունների՝ ուրիշներին մեղադրելու քաղաքականությունը, ասաց․ «Փորձում են ասել՝ ռուսները մեղավոր են, հիմա Ֆրանսիան կգա, զորք կբերի։ Հողի վրա միայն ռուսներն են, չեք կարողանո՞ւմ նրանց հետ լեզու գտնել։ Նրանք շահագրգռված են այստեղ լինել, մենք իրավունք չունենք մեր հարաբերությունները փչացնել մեր դաշնակից երկրների հետ»։ Արամ Սարգսյանը, հանրահավաքի ավարտին անդրադառնալով իրենց պահանջներին, ասաց․ «Մեր հիմնական պահանջը Արցախի միասնությունն է ՀՀ-ի հետ և այս իշխանության հրաժարականը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930