Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի՝ Երևանում հնչեցրած քննադատությունները Բաքվի հասցեին:
«Ուրբաթ օրը Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հնչեցրած անհիմն մեղադրանքները անընդունելի են: Նրանց, ովքեր անհիմն կերպով մեղադրում են Ադրբեջանին Հայաստանի տարածքում գտնվելու համար, ցանկանում ենք հիշեցնել, որ հենց Հայաստանն է 30 տարի իրականացրել օկուպացման և էթնիկ զտման քաղաքականություն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ հենց Հայաստանն է, որ մինչ այժմ դուրս չի բերել իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից, չի ազատել ադրբեջանական ութ գյուղերն օկուպացիայից և շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները:
«Ցավոք, Ֆրանսիան, որն իրեն դրսևորում է որպես կողմ, որը «ձգտում է» հակամարտության լուծման, 30 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի դատապարտել Հայաստանին իր անօրինական օկուպացիոն քաղաքականության համար: Բացի այդ, միջամտությունը իր սուվերեն տարածքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի ստեղծման գործում, որը ներքին հարց է, խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, միանգամայն սխալ է գնահատել հսկիչ անցակետը, որը պետք է կարգավորի սահմանով ելումուտը, որպես ճանապարհի փակում»,- ասել են ԱԳՆ-ից:
Կարդացեք նաև
Ըստ գերատեսչության՝ «կանխակալ մոտեցումների» փոխարեն՝ ֆրանսիական կողմի համար «առավել օգտակար կլիներ» կոչ անել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող իր պարտավորությունները և զերծ մնալ Ադրբեջանի դեմ սադրանքներից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ