ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում նաև կրթամշակութային ոլորտների համագործակցությունը։ Վստահ եմ՝ առկա հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ավելի մեծ ներուժ կա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարն ու կարևորել այսօր մեկնարկած «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքներում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կայացել է նաև Ռուսաստանի կինոյի պետական թանգարանի «Երգում եմ քեզ, իմ Հայաստան» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրված է «ՀայՖիլմ» կինոստուդիային և Հայաստանում ռուսական կինոյի օրերին: Ռուսական կինոյի օրերը մեկնարկում են Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնից, ֆիլմերի ցուցադրություն է նախատեսված նաև Գյումրիում:
Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև ձևավորվել են մշակութային շատ ջերմ հարաբերություններ: Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն: Կողմերը քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության՝ մասնավորապես տարբեր գիտական ինստիտուտների միջև համագործակցության հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ