Ապրիլի 23-ին Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի վրա կառուցված կամրջի սահմանին Ադրբեջանի տեղադրած սահմանային անցակետ տեղադրելու օրվանից՝ արցախահայ երիտասարդության շրջանում սկսվել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, որը Արցախի ողջ բնակչության անունից պահանջագիր է հրապարակել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին՝ նաեւ որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին: Կազմակերպվել է նաեւ ստորագրահավաք:
Շարժումը պահանջում է վերացնել Ադրբեջանի վարած՝ Արցախում հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը, վերացնել սահմանային անցակետի տեղադրմամբ Արցախի լիակատար շրջափակումը: Միաժամանակ նշվում է, որ պահանջագրի հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվելու դեպքում Արցախի բնակչությունը ստիպված է լինելու դիմել անհրաժեշտ միջոցների եւ մեթոդների՝ հայրենիքում ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար:
«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասնակիցներից Գեւորգ Իսախանյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում վստահություն հայտնեց, որ պահանջագիրը դրական արդյունք կտա: «Միանշանակ հավատում ենք, հակառակ դեպքում այս շարժումը չէինք նախաձեռնի իրավիճակից դուրս գալու եւ մեր իրավունքները պաշտպանելու համար: Այո, միջազգային հանրությունը տեղյակ է ստեղծված իրավիճակից, բայց ոչ ոք ոչինչ չի անում: Մենք փորձում ենք իրավիճակը ավելի լրջացնել ու ինչ-որ բան անել: Բոլորը կարծես քնած են ու ոչ ոքի հետաքրքիր չէ իրավիճակը, որ հնարավոր է՝ վաղը-մյուս օր մեզ հանեն այստեղից ու ինչ ուզեն՝ անեն: Դրա համար որոշեցինք այլեւս չքնել եւ գործել:
Պահանջագիրը հրապարակել ենք ու Արցախում ստորագրահավաք սկսել, որպեսզի ամբողջը ներկայացնենք Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի դեսպանատներին»,- ասաց Գեւորգը:
Կարդացեք նաև
Մեր հարցին, եթե պահանջագրում հասցեատերերին կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար յոթ օր են սահմանել, որից հետո Արցախի բնակչությունը դիմելու է անհրաժեշտ գործողությունների, ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Գեւորգ Իսախանյանը պատասխանեց, որ այդ քայլերը հստակ են, սակայն դրանց մասին հիմա խոսելը նպատակահարմար չէ: Սակայն ավելացրեց, որ դիմելու են նաեւ Արցախի կառավարությանը, որպեսզի վերջինն էլ պետական մակարդակով դիմի այլ երկրներին: «Չեմ կարող ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն մեկ շաբաթ հետո: Բայց հաստատ այսպես հանգիստ չենք նստի»,- ասաց մեր զրուցակիցը եւ հատուկ ընդգծեց, որ սա երիտասարդական շարժում է, քաղաքական որեւէ ուղղվածություն չունի ու Արցախի նախագահին էլ դիմելու մասին դեռ չեն մտածել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ