«Պոլիգրաֆի» դեմ ոստիկանական «ահաբեկչական» գործողությունն ուղղված էր ոչ թե թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելուն, այլ ուղղված էր թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ընդլայնելու օգտին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած՝ «Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիմանավորումն էլ սա է. եթե ահազանգ կա, որ ակումբներում թմրամիջոցներ են շրջանառվում, ապա տվյալ պետք է լինի, թե ո՞ր ակումբում է ամենաբարձիթողի վիճակը եւ եթե ռեյտինգավորվի, ապա «Պոլիգրաֆը» ամենավերջին, նույնիսկ բացառող տեղում կլինի եւ անհասկանալի է, թե ինչպե՞ս է որոշում կայացվել՝ հենց այդ ակումբ գնալ: Ինքն էլ ենթադրում է, որ գնացել են «Պոլիգրաֆին» «խեղճացնելու», որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը տարածվի. «Թե հաղորդում տվողները, թե հաղորդման հիման վրա ոստիկանական գործողություն կատարողները, դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության աջակիցներն են. թող հակառակն ապացուցեն»:
Հիշեցնենք, ապրիլի 23-ին «Պոլիգրաֆ» ակումբի թիմը հայտարարություն է տարածել՝ նախորդ օրը ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, նշելով. «Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է «Պոլիգրաֆ»: Ակումբում բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։ Հաջորդ օրը հաղորդում տարածեց ՀՀ քննչական կոմիտեն առ այն, որ «Պոլիգրաֆ» ակումբում թմրամիջոցների նմանվող զանգվածներ են հայտնաբերվել: Ակումբում տեղի ունեցածի վերաբերյալ նաեւ ՄԻՊ-ն է բողոք ստացել: Այդ հարցը նաեւ խորհրդարանում իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչների բանավեճի առարկա դարձավ:
Ասուլիսի սկզբում, «Պոլիգրաֆ» ակումբի հանրային կապերի ղեկավար Համիկ Մաքրեթումյանը ներկայացրեց՝ եղել են ինչ-որ հաղորդումներ, մինչ այժմ հայտնի չէ, թե ո՞ւմ կողմից, որ ակումբի սեփականատերերը զբաղված են թմրանյութերի ապօրինի շրջանառմամբ, ինչի հիման վրա էլ ակումբում «ռեյդ» է արվել՝ ակումբի հաճախորդներին սպառնալով, խուզարկելով, ապա բոլորին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, նորից են խուզարկել, որոշներին՝ մերկացնելով, հայհոյելով, զենքեր պահելով մարդկանց վրա: Ակումբն, ի դեպ, փակ է եւ տեղեկություն չկա, թե ե՞րբ կվերաբացվի: ՔԿ-ի այն հայտարարությունը, որ անհայտ զանգված է հայտնաբերվել, որի փորձաքննություն պետք է իրականացվի, բանախոսը մանիպուլյատիվ է համարում, քանի որ 41 ձերբակալվածներին, այդ թվում ակումբի սեփականատերերին, բաց են թողել այն պատճառով, որ ոչ մեկի մոտ ոչինչ չեն գտել:
Ապա հասարակական գործիչ Կարեն Հակոբյանն իր հետ տեղի ունեցած մի դեպքից ուշագրավ մանրամասներ պատմեց, երբ երեւանյան սրճարաններից մեկում, իր օտարերկրյա հյուրերի հետ նստած են եղել, ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել ու ինքը զանգահարել է ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչը մտնելով՝ գրկախառնվել է սրճարանի տիրոջ հետ, ինչն արդեն քաղաքացու տարակուսանքն է առաջացրել՝ իրեն պաշտպանելու առումով:
Կարդացեք նաև
Կարենի հեռախոսն ու ակնոցներն էին կոտրվել՝ ոստիկանների ներկայությամբ կամ մասնակցությամբ՝ ինքը դժվարացավ ասել, ապա ոստիկանն արցունքաբեր գազ էր կիրառել քաղաքացու նկատմամբ եւ նրան բերման էին ենթարկում՝ հայհոյելով, գլորելով, քաշքշելով: Ինչեւէ, արդեն ոստիկանական բաժանմունքում, որտեղ փաստաբան չէին տրամադրել, զանգի հնարավորություն չէին տվել, անգամ հրաժարվել էին ջուր տալ, պնդել էին, ինչը նաեւ հետագայում քննիչն է հայտարարել, որ օրենքը փոխվել է, այլեւս Հայաստանում «բերման ենթարկված» հասկացողությունը չկա, բերված պահից անձը ձերբակալված է համարվում, ոստիկանությունն ունի անձին 6-72 ժամ պահելու իրավունք՝ ձերբակալվածին բնորոշ հատկանիշներով: Հայհոյանքով խոսող, «պանյակտկեքով» ոստիկանին եթե նման լիազորություններ են տրվել, բանախոսը սա ռեգրես է որակում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Արթուր Սաքունցը պնդում է՝ չկա նման բան, ոստիկանության աշխատակիցներն իրենց անգրագիտությունն են ցույց տվել: Բերման ենթարկելու ինստիտուտը վերացել է, քանի որ այդպիսով կարող էին ինչ-ինչ միջոցառումներ խաթարեին, հիմնականում հավաքների մասնակցությունը: Օրենքը փոխվել է, ոստիկանի՝ քաղաքացուն մոտենալու պահից համարվում է ձերբակալման պահ, իսկ ձերբակալման մասին որոշումը, երեք ժամ հետո պետք է հանձնվի քաղաքացուն, բացառությամբ արտառոց դեպքերի: Իսկ տվյալ դեպքում, բացարձակ ապօրինություն է, քանի որ ձերբակալման համար ծանրակշիռ պահանջներ են պետք, իսկ փաստաբանին, հարազատներին իրազեկելն օրենքով ապահովվում է: Տվյալ դեպքում, իրավապաշտպանի գնահատմամբ, ոստիկանը ներկա լինելով գործողություններին՝ լիազորություններ է կիրառել, չապահովելով իր պարտավորությունները:
Արթուր Սաքունցը ուշագրավ տվյալ հրապարակեց. պարեկային ծառայություն դիմած ոստիկանության աշխատակիցների 53 տոկոսը չի հաղթահարել բարեվարքության շեմը, բայց շարունակում է ծառայել համակարգում: Բանախոսի համոզմամբ, հատվածային բարեփոխում հնարավոր չէ անել ու դրա համար քաղհասարակության ներկայացուցիչները դուրս եկան ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովից: Պարեկային ծառայության ղեկավար է նշանակվում մի մարդ՝ Արթուր Խուդինյան, որն, ըստ Սաքունցի՝ շատ վատ համբավ ունի եւ ոստիկանության համակարգում ընդհանրապես անելիք չունի: Սա, ըստ բանախոսի, քաղաքական որոշման հետեւանք է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է քաղաքական իշխանությունը: Կարեն Հակոբյանի դեպքը, «Պոլիգրաֆի» դեպքը, ըստ նրա՝ փաստում են անպատժելիության մթնոլորտի մասին. «Ոստիկանությունը չբարեփոխվեց, ոստիկանության փոփոխությունների հարցը շարունակում է մնալ օրակարգում եւ պատասխանատվությունը քաղաքական իշխանությունն է կրում»: Իսկ նման դեպքերը, իր գնահատմամբ, շատ ավելի են խորացնում իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության, առանց այդ էլ ցածր մակարդակը եւ մեծացնում են անպատժելիության մթնոլորտը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի տպավորությամբ «Պոլիգրաֆի» դեպքը դիտավորյալ, նախապես որոշված հարձակում է եղել, «իրենց արբանյակներից ինչ-որ մեկը հաղորդում է տվել», արտառոց իրավիճակ է, երբ զինված հարձակում է լինում, ոստիկանության բաժիններում մերկացնում են: Նա զուգահեռ տարավ. «Վովա Գասպարյանի ժամանակ, երբ հրապարակային գազանաբարո գործողություններ էին անում, նման անբարո բան չէին անում»:
Տեսնելով իշխանության վարքագիծը, թե ինչպես են արձագանքում նման դեպքերին, իրավապաշտպանը հույս չունի, որ որեւէ ոստիկան կպատժվի: «Եթե Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու դեմքին եւ չկա հարուցված գործ, դատախազությունը չի արձագանքում, պարզ չի՞, որ ոստիկանը չի պատժվելու»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ ոստիկանների հոգեբանությունը չի փոխվում: Նա առաջարկում է ոստիկանությանը, որի բարեփոխման մասին վարչապետն ամեն օր «գոռում է», անվանափոխել «սովետական միլիցիա»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ՝ անդրադառնալով ԱԺ-ում հարցի քննարկմանը եւ իշխող ուժի պատգամավորների արձագանքին, նկատեց. «Պարոն Խաչատրյանը ոստիկանության նախկին աշխատակից է, ինչպե՞ս հայտնվեց ՔՊ-ում, ինձ համար շատ անհասկանալի էր, հիմա հասկանալի է»: Թմրամիջոցների մասով էլ ասում է՝ դրանք կամ արտադրվում են երկրի ներսում, կամ բերվում են՝ սահմանից անցկացնելով ու նկատում, որ այս երկու դեպքում էլ ոստիկանության ու հատուկ ծառայությունների բավարար աշխատանքը չի երեւում: Իսկ որ թմրամիջոցների տարածման դեմ պետք է պայքարել, դա այլընտրանք չունի, պարզապես ծեծը, բռնությունը չեն կարող պայքարի մեթոդ լինեն. «Բացի նրանից, որ մարդը տուգանելու օբյեկտ չի, նաեւ ծեծելու օբյեկտ չի»:
Իրավապաշտպանին անհանգստացնում է նաեւ հասարակության անտարբերությունը բազմաթիվ խնդիրների նկատմամբ՝ մինչ այն պահը, քանի դեռ անձամբ իրեն չի առնչվել հարցը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Արթուր Սաքունցն անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների բառապաշարին՝ «պայքար հանցագործության դեմ՝ իրավունքը խախտելու հաշվին, անվտանգություն՝ ժողովրդավարությունից նահանջի հաշվին», ինչը իր գնահատմամբ բավականին հետաքրքիր բառապաշար է, որը մնում է շրջանառության մեջ եւ որին պետք է հակադարձեին իշխող ուժի ներկայացուցիչները, բայց քանի որ ոստիկանական բռնությունները դատապարտող որեւէ հայտարարություն ՔՊ-ական պատգամավորներից չի հնչել, դա նշանակում է՝ հովանավորչություն: «Հանցագործության դեմ չի կարելի պայքարել հանցավոր մեթոդներով»,- ասաց նա:
Նինա Կարապետյանցն էլ հիշեց՝ դատարաններում, դատի առջեւ էին կանգնում մարդիկ, ովքեր թմրանյութի մանր օգտագործողներ էին, որեւէ «բառիգ» այդպես էլ դատարանի առջեւ չկանգնեց: Ավելին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարանտինի շրջանում, բավական խոշոր չափի թմրամիջոցներ էին շրջանառվել ու հարց է բարձրացնում՝ իսկ կարանտինի ժամանակ ինչպե՞ս են թմրամիջոցները ներմուծվել ՔԿՀ, այնպես որ՝ ոստիկաններին է դիմում՝ «ման եկեք՝ գտեք ձեր մեջ»: Իրավապաշտպանն ահազանգում է՝ թմրամիջոցները պետությունը խեղելու լավագույն միջոց են՝ երիտասարդներին խեղելով:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարեն Հակոբյանն ափսոսում է, որ արժեքների հեղափոխությունը Հայաստանում չեղավ եւ իրենց նախկին շատ ընկերներ, ովքեր իրավունքների համար պայքարել են, այժմ լռում են՝ կոնյուկտուրայից ելնելով: Նա նկատում է, որ պարտադիր չէ, որ ԱԺ-ն միշտ, հատկապես բռնությունների ժամանակ, կոնսոլիդացված լինի գործադիրի հետ: Նինա Կարապետյանցը հիանում է գործընկերոջ ռոմանտիզմով, քանի որ մարդիկ, ովքեր փողոցում ծեծ են կերել, այսօր, տարբեր դեպքերով, շնորհակալության են հայտնում ոստիկաններին՝ իրենց գործողությունների համար: Իսկ Ժաննա Ալեքսանյանը ափսոսում է ոչ թե հեղափոխությունը, որովհետեւ չի եղել հեղափոխություն, այլ սուտն ու կեղծիքը, որը հիմա տարածվում է խորհրդարանում՝ արմենխաչատրյանների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում
Իրավապաշտպաններին դուր չեկավ Aravot.am-ի դիտարկումն այն մասին, որ ոստիկանական բռնություններն, իհարկե, դատապարտելի են, բայց տպավորություն է, որ մեկ ակումբում տեղի ունեցածին ավելի շատ հնչեղություն է տրվում, մինչդեռ մենք ունենք մարդու իրավունքների խախտումների հազարավոր դեպքեր՝ կապված Արցախի շրջափակումով, 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանվածների հետ, ՀՀ սահմանամերձ բնակավայրերում անհասկանալի եւ կամայական սահմանագծման-սահմանազատման աշխատանքներով պայմանավորված, առաջնագծում, զինծառայողների կացության պայմաններով եւ այլն:
Արթուր Սաքունցը խորհուրդ տվեց ուշադիր կարդալ իրենց հայտարարությունները: Նինա Կարապետյանցը հավաստիացրեց, որ միգուցե իրենց աշխատանքի մի մասն անտեսանելի է, բայց իրենք տարբեր հանդիպումներում ամենի մասին խոսում են եւ աշխատում են առանց վարձատրության՝ հասկանալով, որ խնդիրները շատ են ու մեծ: Ժաննա Ալեքսանյանն էլ ասաց, որ նշված հարցերի պատասխանները ոչ թե իրավապաշտպաններից, այլ պետությունից պետք է պահանջել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ