Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդը կաջակցի ՀՀ-ում Ոստիկանական գվարդիայի ձևավորմանը

Ապրիլ 28,2023 16:52

Ապրիլի 28-ին Երևանում տրվեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որի շրջանակներում բացման խոսքով հանդես եկավ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։


Ողջունելով ներկաներին՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է Եվրոպայի խորհրդի հետ անցկացրած մի շարք արդյունավետ միջոցառումներն ու վստահություն հայտնել, որ ձեռքբերումները մեկնարկող ծրագրի կանխատեսելի ելք են երաշխավորում։
Փոխնախարար Սարգսյանը ՄԻԵԴ վճիռների, հատկապես «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» վճռի արդյունավետ կատարման տեսանկյունից կարևորել է աշխատանքը երեք ուղղություններով՝ օրենսդրական, գործառնական և իրազեկման։


«Ես լիահույս եմ, որ քայլ առ քայլ թե՛ օրենսդրական դաշտի փոփոխությամբ, թե՛ գործառնական դաշտի փոփոխությամբ մենք կկարողանանք ի վերջո ձևավորել այնպիսի մշակույթ ՀՀ-ում, որ մենք ՄԻԵԴ վճիռները, միջազգային ստանդարտները կընկալենք ոչ թե որպես պատիժ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն, այլ ժողովրդավարական հասարակարգին և նվաճումներին ծառայող կարևոր խթան, երաշխիք, որը հետագայում թույլ կտա ունենալ շատ ավելի լավ պրակտիկա մեր հանրապետությունում։

Նշվեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կենդանի գործիք է, և ես կցանկանայի, որ այդ կենդանի գործիքը իմ նախորդ խոսքի տրամաբանությամբ մեկնաբանենք և ՄԻԵԴ ցանկացած վճիռ կարողանանք ծառայեցնել մեր պետության զարգացմանը, բարգավաճմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի փոփոխությանը»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը ուրախությամբ փաստել է, որ ԵԽ-ն կշարունակի համագործակցել նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության հետ։ Փոխնախարարը հատկապես առանձնացրել է ոչ իրավաչափ ձերբակալման, հավաքների ազատության իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները։ Այս ուղղությամբ ԵԽ գործընկերների հետ քննարկվել է ծրագրի շրջանակներում ոստիկանության բարեփոխումների ոլորտի շատ կարևոր ուղղության աջակցության հարցը՝ Ոստիկանական գվարդիայի ձևավորումը։
«Խոսքը վերաբերում է Ոստիկանական Գվարդիայի ձևավորմանը, որը կգա փոխարինելու ոստիկանության զորքերին, որոնք անմիջականորեն առնչվում են հենց հավաքների ազատության իրավունքի երաշխավորմանը մեր քաղաքացիների համար։ Եվ ես հուսով եմ, որ Ոստիկանական գվարդիայի մասին նոր օրենքը, որը համատեղ կմշակենք, կտա այն չափանիշները, որոնցից շեղվելը շատ ակնհայտ կլինի և պրակտիկայում մենք ոչ թե կունենանք տարբեր երկընտրելի մեկնաբանություններ, այլ շատ հստակ պատասխանատվության ցանկացած չափանիշի խախտման պայմաններում», – նշել է Արփինե Սարգսյանը։

Սարգսյանը ելույթի ավարտին Ներքին գործերի նախարարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Միջոցառմանը ներկա էին նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, արտակարգ և լիազոր դեսպաններ, արդարադատության նախարարության, քննչական կոմիտեի, այլ գերատեսչությունների նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասին է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ի թիվս այլ խնդիրների, նաև հավաքների ազատության իրավունքին։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930