Ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ադրբեջանցի «էկոակտիվիստները» ժամանակավորապես կդադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ այդ տեղեկության՝ այսօր օրվա առաջին կեսին, Ադրբեջանի «պաշտոնատար անձանց» հրավերով հանդիպում է տեղի ունեցել «էկոակտիվիստների» հետ, որոնք 138 օր շրջափակման մեջ են պահում Արցախի բնակչությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանի հատուկ ներկայացուցիչի գրասենյակի շենքում, դրան մասնակցել է 10 «էկոակտիվիստ»:
Հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովն ասել է, որ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված անցակետով պայմանավորված՝ առաջ է եկել նոր իրավիճակ: Հետևաբար, առաջարկվել է դադարեցնել «ակցիան»:
Հանդիպման արդյունքում «էկոակտիվիստները» հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ապրիլի 28-ին 18:00-ից սկսած «ժամանակավորապես դադարեցնում են ակցիան»:
Կարդացեք նաև
Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց պահանջները օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և այդ հանքավայրերում մոնիթորինգ անցկացնելու վերաբերյալ ուժի մեջ են: «Եթե այդ պահանջները չկատարվեն, մենք մեզ իրավունք ենք վերապահում վերսկսել ակցիան»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ