Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվում էլ եմ ասել՝ ադրբեջանական ուժերի առաջխաղացման հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության ոտնահարումը». Կատրին Կոլոննա

Ապրիլ 28,2023 16:30

Այսօր Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի եւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսն էր: Կատրին Կոլոննան տարածաշրջանային այցով Բաքվից է ժամանել Երեւան:

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan received the Minister for Europe and Foreign Affairs of France Catherine Colonna at the RA MFA

Ասուլիսում Միրզոյանն ասաց, որ ակներեւ է հայ-ֆրանսիական բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունը: Արդեն ֆրանսիական երկու քաղաքներում Թումո կենտրոնների գործունեություն կա, համագործակցում են կրթության, մշակույթի ոլորտում:

Հանդիպման ընթացքում խոսել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների, մարտահրավերների, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմամբ Ադրբեջանին զսպելու եւ գործուն քայլեր ձեռնարկելու մասին: Միրզոյանի խոսքով՝ հանդիպման ժամանակ խոսել են նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր. «Ի հեճուկս միջազգային արձագանքի, Լաչինի միջանցքի ավելի քան 4 ամիս տեւած արգելափակումից հետո ապրիլի 23-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես փակել է Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցագրային կետ տեղադրելու ուղղությամբ: Սա նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական, թերեւս չափազանց վտանգավոր աղաղակող խախտումն է: Դրա եւ ԼՂ-ն լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների արդեն բացահայտ կոչերի եւ ատելության հետեւում հնարավոր չէ չտեսնել ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը: Սա պետք է պարզ լինի նաեւ միջազգային հանրության համար»:

Միրզոյանն ասաց, որ ընդգծել է ԼՂ-ում՝ Լաչինի միջանցք միջազգային մարդասիրական կազմակերպությունների առաքելություն ուղարկելու, անարգել մուտք ապահովելու հրամայականի մասին: Միրզոյանը նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը հավատարիմ է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը եւ Ալմաաթայի հռչակագրին:

Կատրին Կոլոննան էլ ասաց. «Բնականաբար, հիմնական խնդիրը, որի մասին մենք խոսեցինք, խաղաղության բանակցություններն են Ադրբեջանի հետ, նաեւ բարեփոխումների շարունակականությունը: Ֆրանսիայի համար պատիվ է լինել այն երկրների շարքում, որոնք ձեր կողքին են՝ ձեզ աջակցելու համար այս մարտահրավերների դաշտում: Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում ՀՀ-ի եւ Ադրբեջանի խաղաղ բանակցությունների՝ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հետ: Բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվարին է եւ հաճախ երկար: Ես Բաքվում էլ եմ ասել, որ դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի եւ բնակչության համար, արդար եւ կայուն խաղաղության համար»:

Կատրին Կոլոննան խոսեց նաեւ սահմանագծման կարեւորության մասին. «Տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է նաեւ հրաժարվել ցանկացած ուժային գործողություններից: Ես դա ասել եմ Բաքվում, կրկնում եմ այստեղ՝ ադրբեջանական ուժերի առաջխաղացման հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության չհարգանքը՝ անարգանքը: Ես դա կասեի, եթե դուք խախտեիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որն արվում է Ադրբեջանի կողմից»:

Նա ասաց, որ անցակետ տեղադրելու երեւույթը Լաչինի միջանցքում հակասում է երկու երկրների միջեւ զինադադարի համաձայնագրին. «Եթե Ադրբեջանը թափանցիկության խնդիր ունի, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար, ոչ միակողմանի քայլերով»: Նա կոչ արեց բացել Լաչինի միջանցքը՝ միջազգային դատարանի որոշման հիման վրա. «ԼՂ բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930