«Կրթության պատրաստվածության ինդեքսը COVID-19-ի օրինակով» հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանը 64 միավորով դասակարգվում է որպես արտակարգ իրավիճակներում «միջին պատրաստավածությամբ» կրթական համակարգ ունեցող երկիր։
Հետազոտությունն իրականացվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Մարդու իրավունքների Գլոբալ Կամպուս և Right Livelihood հիմնադրամների համագործակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
Հետազոտության ղեկավար, տպագրված մեթոդական ուղեցույցի համահեղինակ Արուսյակ Ալեքսանյանի խոսքով՝ հավաքագրած տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ թե՛ աշակերտների, և թե՛ ուսուցիչների շրջանում հեռավար կրթության սոցիալ-հոգեբանական պատրաստվածությունը բավականին ցածր է։
«Թիրախային ոլորտներից են նաև կրթական համակարգից դուրս մնալու ռիսկերը և ֆինանսավորումը։ Վերջիններս ոլորտներ են, որոնց պետական կառավարման համակարգը պետք է առավել ուշադրություն դարձնի՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանը։
Կարդացեք նաև
«Կրթության պատրաստվածության ինդեքսը COVID-19-ի օրինակով» հետազոտության մեթոդաբանությունը բազմաշերտ է և ունի 4 հիմնական բաղադրիչ՝ «Քաղաքականություն և իրավական կարգավիճակ», «Համակարգում և համագործակցություն», «Էլեկտրոնային պատրաստվածություն» և «Կարողություններ ու ռեսուրսներ»: Մեթոդաբանության տրամաբանությունը հետևյալն է՝ յուրաքանչյուր ցուցիչ ունի իր ենթացուցիչը, իսկ ենթացուցիչները` հարցերի համապատասխան շրջանակը։ Տարբեր ցուցիչների պարագայում տվյալների հավաքագրման համարժեք մեթոդներ են կիրառվել, փորձագիտական հարցազրույցներ, քանակական հարցումներ և վիճակագրական տվյալների հավաքագրում։ Մասնավորապես, քանակական հարցման շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել բոլոր այն խնդիրները, որոնք առավել խնդրահարույց են արտակարգ իրավիճակներում:
«Կրթության հնարավորություն բոլորի համար» ծրագրի համակարգող, հետազոտության համահեղինակ Մարիամ Մուրադյանը նշեց, որ հետազոտության գաղափարն առաջացել է աշխարհում և մասնավորապես՝ Հայաստանում, Քովիդ-19 համավարակով պայմանավորված կրթության շարունակականությունն առցանց ապահովվելու հանձնառությամբ:
«Վստահ եմ, որ շատերիս մոտ այդ ժամանակ մեծ ցանկություն առաջացավ հասկանալ, թե ինչպես կրթությունը դարձնել ավելի արդյունավետ և այս հետազոտությունն ուղղված է արտակարգ իրավիճակներում առցանց կրթության արդյունավետության բարձրացմանը: Մշակված գործիքը հնարավորություն է տալիս կրթական համակարգերի մշտադիտարկման, ինչպես նաև խնդրահարույց ու թիրախային ոլորտների դուրս բերմանն ու բարեփոխումներ իրականացնելուն: Հայաստանի և աշխարհի բոլոր պետությունների համար այդպիսի ինդեքս-գործիքի կիրառումն անհրաժեշտություն է, եթե նրանք ցանկանում են անցնցում և արդյունավետորեն ապահովել կրթության շարունակականությունն արտակարգ իրավիճակներում՝ բացառելով երեխաների՝ կրթական համակարգից դուրս մնալու ռիսկերը»,- ընդգծեց Մարիամ Մուրադյանը։
«Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակում ինդեքսը գործարկվել է Հայաստանում: Հայաստանի մարզերից և Երևանից ընտրվել է հիմնական 60 դպրոց՝ 40-ը մարզերից և 20-ը Երևանից: Մարզերից ընտրված դպրոցներից մեկն առնվազն եղել է ներառական: Ընդհանուր առմամբ, հետազոտության առցանց հարցմանը մասնակցել է 420 ուսուցիչ և 780 աշակերտ (6-14 տարեկան):
Բացի գործիքի մշակումից, կիրառումից և որպես վերջնարդյունք Հայաստանի օրինակով գրված զեկույցի, այն ներկայացվել է մի շարք գործընկերների Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում, Ղազախստանում և մասնակցել է մի շարք մրցույթների ու հավանության արժանացել միջազգային փորձագետների կողմից:
Արուսյակ Ալեքսանյան,
ԵՊՀ ԵՈւԿ Հետազոտությունների բաժնի ղեկավար, ք․գ․թ․, դոցենտ
Մարիամ Մուրադյան,
«Կրթության հնարավորություն բոլորի համար» ծրագրի համակարգող
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն