Այսօր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ընդունեց ծանրամարտի չեմպիոններին ու նրանց մարզիչներին։ Մարզպետը նրանց շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնելով` շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ոգևորելու համար։
«Գյումրին ամբողջ աշխարհին ասել է իր խոսքը բոլոր սպորտաձևերով, այդ թվում ծանրամարտով, բացարձակ ենք եղել»,- ասաց մարզպետը։
Մարզպետը որոշակի տվյալներ հայտնեց լրատվամիջոցներին։
Նա հպարտությամբ ասաց․ «ՀՀ անկախությունից հետո օլիմպիական խաղերում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Շիրակի մարզի ծանրորդները նվաճել են 213 մեդալ, այդ թվում 77՝ ոսկի, 82՝ արծաթ և 54՝ բրոնզ։
Կարդացեք նաև
213 մեդալից 45-ը՝ 17 ոսկի, 19՝ արծաթ և 9՝ բրոնզ նվաճել են մեր հանդիպմանը մասնակցող 5 մարզիկները՝ Վարազդատ Լալայանը (12), Սամվել Գասպարյանը (11), Ռաֆիկ Հարությունյանը (9), Գարիկ Կարապետյանը (8) և Արա Աղանյանը (5)»։
Հետաքրքիր մի զրույց ծավալվեց մարզպետ Մուշեղ Մուրադյանի ու մարզիչների միջև։
Վարազդատ Լալայանի մարզիչ Կարեն Կարապետյանն առաջարկեց Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում Քըրք Քըրքորյանի արձանի մոտ չեմպիոնների լուսանկարները փակցնել։
Նա հիշեցրեց, որ 80-ական թվականներին Գյումրու «Պոլիգոն» թաղամասում գտնվող լուսանկարչական ստուդիայում փակցված են եղել Գյումրու բոլոր չեմպիոնների լուսանկարները։
Քաղաքի պատմական կենտրոնում՝ «Հոկտեմբեր կինոթատրոնի» դիմաց էլ փակցված են եղել Յուրի Վարդանյանի, մյուս չեմպիոնների ու նրանց մարզիչների լուսանկարները։
«Ես հիշում եմ մի շինություն էր՝ քառակուսի, ֆռռացող, հիշում եմ, որ մարդիկ իրիկվա 9-ին, 10-ին գալիս, հերթ էին կանգնում սպորտսմեններին տեսնելու։ Դա կարևոր ծրագիր է, ինչի համար․ Լալայան Վարազդատի մեդալից հետո՝ ամսի 23-ի մրցումներից հետո միայն իմ մոտ 8 հատ երեխա է նորից եկել։ Պարզ խոսեմ, քանի նարկոմանները սպորտսմեններից շատ չեն, էդ ծրագիրը պիտի իրականացվի»,- ասաց ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանը։
Նա ասաց այդ ծրագիրը ծախսատար չէ, իր պատկերացմամբ Քըրք Քըրքորյանի արձանի հետևի տարածքում պիտի տեղադրվեն 20 չեմպիոնների լուսանկարներ՝ իրենց մարզիչներով։ Նա ասաց, որ նույնը կա Եվրոպայում, Ռուսաստանում։
«Պատանի սերունդը պիտի տեսնի ու ոգևորվի»,- ասաց մարզիչը։
Շիրակի մարզպետը նշեց, որ պատրաստակամ է գաղափարը կյանքի կոչելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ