Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ համայնքի գյուղացուն տուն կառուցելու համար պետական աջակցության վարկավորում են տվել

Ապրիլ 28,2023 15:32

Ակնկալում ենք, որ մինչև 2023 թվականի ավարտն առնվազն 300 ընտանիք, պետության աջակցությամբ, սահմանամերձ բնակավայրում կկառուցի իր տունը, ինչի համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 466 մլն. դրամ, իսկ մինչև 2024 թվականի ավարտը նախատեսում ենք, որ 550 ընտանիք սահմանամերձ բնակավայրում կկառուցի անհատական բնակելի տուն, որի համար պետբյուջեով պլանավորվում է 1.5 մլրդ. դրամ: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը (լուսանկարում):

«Շահառուների փաստացի բնակության վայրը որևէ ազդեցություն չունի ծրագրում ընդգրկվելու վրա: Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները՝ անկախ իրենց տարիքից, ովքեր ԶԱԳՍ-ում ունեն գրանցված ամուսնություն, ովքեր ունեն ցանկություն կառուցել տուն սահմանամերձ գյուղական բնակավայրում և ունեն հողամաս կամ կիսակառույց շինություն՝ համապատասխան շինթույլտվությամբ, նշված գյուղական բնակավայրում և ունեն դրական վարկային պատմություն: Նշեմ, որ ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,-տեղեկացրեց Ղարագյոզյանը:

Նրա պարզաբանմամբ, վարկավորման գործընթացում կարող է ծագել խնդիր՝ կենսաթոշակային տարիքի անձանց հետ, քանի որ ըստ բանկային օրենսդրության՝ կենսաթոշակային տարիքի անձանց վարկավորում չի իրականացվում:

Ղարագյոզյանը ուրախությամբ արձագանքեց, որ արդեն ունեն 9 շահառու, որոնցից մի մասին արդեն վարկը տրամադրվել է, մյուսների վարկն է հաստատվել: «Շահառուները հիմնականում հենց տվյալ համայնքում բնակվող շահառուներն են, այսինքն` իրենք իրենց գյուղում ունեն հողամաս կամ քանդված, կիսակառույց տուն, որում ապրում են, կամ առհասարակ տուն չունեն, ընդամենը մի փոքրիկ հողամաս և իրենք հենց այնտեղ պետության աջակցությամբ կառուցում են իրենց տունը: Այս պահին տրամադրված վարկերից մեկը Սյունիքի մարզի Տեղ գյուղում է, մյուսը՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում է: Պետք է նշեմ նաև, որ շահառուներ ունենք նաև Տավուշի մարզի Արծվաբերդ, Բերքաբեր գյուղերից, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Խնձորեսկ, Շիկահող, Քարահունջ գյուղերից և Վայոց Ձորի մարզի Արենի գյուղերից»,-հայտնեց նա և հավելեց, որ պետության կողմից սուբսիդավորման չափը վարկի մայր գումարի գծով կազմում է հանրագումարային մինչև 16 մլն. դրամ և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13 տոկոս տոկոսագումար:

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս պայմաններին բավարարող շահառուներին պետական աջակցությամբ կառուցել անհատական բնակելի տուն ՀՀ 80 սահմանամերձ բնակավայրերում: Նպատակը սահմանամերձ բնակավայրերի կայուն և համաչափ զարգացումն է, հատկապես անապահով և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային խնդրի կարգավորումն է:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930