Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ակնկալում է, որ Ֆրանսիան կաջակցի Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում

Ապրիլ 28,2023 15:23

Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ ԱԽ քարտուղարը նույնպես Ջերմուկում է, որտեղ այսօր՝ ապրիլի 28-ին եղել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

«Ֆրանսիան բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել եւ օգնել Հայաստանին ու շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնելու հարցում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով», – ասել է նա։

Մասնավորապես, Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ֆրանսիայի շատ է հետաքրքրված, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում։

«Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ։ Բնականաբար, սա քննարկում ենք նաեւ Ֆրանսիայի հետ եւ ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Եվրամիության դիտորդական խմբի առաքելությանը, նշել է, որ դիտորդների քանակը բավարար չի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծում մշտադիտարկում անցկացնելու համար։ «Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք կարողություններն ավելացնել՝ թե մարդկանց թվաքանակի մասով, թե այլ կարողությունների տեսանկյունից, որ կարողանան հայ-ադրբեջանական սահմանում ավելի պատշաճ մշտադիտարկում իրականացնեն»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություններին, թե 40 օրից ավել է՝ Հայաստանը չի փոխանցում խաղաղության պայմանագրի իր առաջարկները, ԱԽ քարտուղարն ասել է, որ նախկինում Ադրբեջանը եւս ուշացրել է, երբ Հայաստանը փոխանցել է իր առաջարկները: «Դա շատ նորմալ է, մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետեւ նախատեսվում են բանակցություններ: Կարծում եմ՝ Ադրբեջանն անտեղի, ոչ կարեւոր հարցերի շուրջ ընդամենը միջազգային հանրության ուշադրությունը այլ կարեւոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Սրանք, փաստորեն, ինչ ուզեն կասեն: 2 օր առաջ ասում էր, որ Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանին ու Ռուսաստանն էլ կրում է այնտեղ տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը: Այսօր Ֆրանսիայից ակնկալում է օժանդակել, որպեսզի միջազգային առաքելություն ուղարկեն Լաչինի միջանցք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930