Օրերս «Փյունիկ» ցուցասրահում կայացավ նկարչուհի, արվեստաբան Սուսաննա Գալստյանի «1915» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը: Նրա աշխատանքները Հայոց ցեղասպանության եւ Արցախյան պատերազմի թեմաներով են։
«Պետք է ունենանք պատմական հիշողություն։ Ես հասկանում եմ, որ թեման տրավմատիկ է, բայց մեր պատմությունը մոռանալու իրավունք չունենք։ Պիտի մեր ցավը բարձրաձայնենք ի լուր աշխարհի: Իսկ իմ բարձրաձայնման միջոցն այս դեպքում կտավներս են, որոնց միջոցով ցույց եմ տալիս, թե պատմության ընթացքում ինչ ցավալի էջեր ենք ունեցել, բայց պայքարել ենք՝ ապրել»,-ասաց նկարչուհին։
«Հպարտ եմ նման ուսանողուհի ունենալու համար, տաղանդավոր և լուսավոր այս աղջնակը ներկայացրել է իր կտավներում այնպիսի իրողություններ, որոնք անժխտելի փաստեր են այն մասին, որ հայ ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանման, բայց նաև փյունիկի նման վեր է հառնել եւ դեռ կհառնի,- ասաց գեղանկարիչ Դավիթ Դավթյանը։
Կարդացեք նաև
«Բոլոր ապագա նկարիչներին ստեղծագործական ազատություն եմ մաղթում, թող միշտ ազատ լինեն եւ երբեք չմոռանան իրենց ազգի պատմությունը »,-ասաց երիտասարդ նկարչուհին։
Սուսաննա Գալստյանը սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այժմ արվեստաբանություն է ուսումնասիրում Գեղարվեստի ակադեմիայում։ Նա 2016 թ. հիմնադրել է «Էնդեմիկ» արվեստի կենտրոնը։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ