Մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը: Այն կկայանա ապրիլի 28-ից մայիսի 17-ը՝ Երեւանում, Գյումրիում եւ Աբովյանում: Թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ շատ հուզիչ պահ է իրենց համար, քանի որ փառատոնը 21-րդ անգամ է կայանում:
«Այս տարվա ծրագիրը շատ խիտ է, ինչպես միշտ, եւ այս տարվա թիրախում են մեր հայ երիտասարդ դրամատուրգները, բեմադրիչներն ու դերասանները, որովհետեւ փառատոնի համար առանցքային է ավելի ճանաչելի դարձնելը մեր բեմադրիչներին, դերասաններին եւ դրամատուրգներին: Մեր երկրի համար այս դժվարին պահերին անհրաժեշտ է, որպեսզի հանդիսատեսը ավելի լավ ճանաչի, գնահատի եւ ավելի ճիշտ հասկանա մեր ներկայացումները, դրանք մեծ տեղ զբաղեցնեն մեր բոլորի սրտերում եւ կյանքում»,-հավելեց Մարիաննա Մխիթարյանը:
Նա ասաց, որ Լեհաստանում տարբեր մոնոփառատոներ կան, եւ Լեհաստանը թերեւս աշխարհի մոնոներկայացումների եթե ոչ մայրաքաղաքն է, ապա այն երկիրը, որտեղ մոնոթատրոնն է ստեղծվել, այն երկիրը, որը թատերական առումով լուրջ տեղ է զբաղեցնում աշխարհում:
«Արմմոնո» փառատոնի տնօրենը ներկայացրեց փառատոնի հյուրին՝ «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների թատերական փառատոնի տնօրեն Մարեկ Կոլովսկուն (Լեհաստան), ընդգծելով, որ նրա տեսադաշտում են մասնավորապես դեբյուտային ներկայացումները:
Կարդացեք նաև
Նշեց, որ ապրիլի 28-ին երկու ներկայացում կա փառատոնի ծրագրում, մեկը Լենա Վարդանյանի բեմադրությամբ «Վարեչկան» է՝ Լիլիա Մուկուչյանի մատուցմամբ, իսկ երկրորդը ավանդական դարձած մոնոօպերան է՝ Վարսենիկ Ավանյանի մասնակցությամբ, կկայանա նաեւ armmono.com թարմացված կայքի շնորհանդեսը:
Անդրադարձ եղավ նաեւ միջազգային ծրագրին: Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ առաջին անգամ Ղազախստանից երկու ներկայացում է լինելու. «Ուզում եմ ընդգծել, որ թատերական ասպարեզում Ղազախստանը վերելք է ապրում »: Ի թիվս այլնի, նա հավելեց, որ այդ երկու ներկայացումներն էլ բազմաթիվ մրցանակներ են ստացել տարբեր փառատոներից:
Նշեց, որ փառատոնին հայ հանդիսատեսը կհանդիպի արդեն իսկ սիրված դեմքերին, որոնց թվում է Իրինա Մեղվինետուխուցեսը Վրաստանից՝ հատուկ «Արմմոնոյի» համար ստեղծված «Ագնես. Ուիլի կինը» ներկայացմամբ, ՌԴ-ից՝ Անտոն Մոզգալյովը՝ « Դահիճը» ներկայացմամբ՝ ըստ Դոստոեւսկու: Քանի որ «Համլետի երազները» երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի վերջին ներկայացումն էր, այն եւս ներառված է փառատոնի ծրագրում՝ ի հիշատակ ճանաչված բեմադրիչի:
Մարեկ Կոլովսկին նշեց, որ ուրախ է լինել Երեւանում եւ իր համար մեծ պատիվ է մասնակցել «Արմմոնո» փառատոնին, որն իրեն հայտնի է արդեն 20 տարի: Նա ասաց, որ թեեւ իր երկրում բազմաթիվ հայտնի փառատոներ կան, բայց Վրոցլավում հանդիպումներից մեկի ժամանակ որոշում են կայացրել Հայաստանում ներկայացնել ավելի պակաս ճանաչելի փառատոն, որտեղ երիտասարդների մասնակցությունը գերակշռող է:
«Երիտասարդների միջոցով ենք ցանկանում փոխանցել մեր ասելիքն ու խոսքը: Իմ երազանքներից է, որպեսզի մեր երիտասարդ դերասաններն իրենց դեբյուտներով հանդես գան Հայաստանում եւ բեմադրեն լեհական ներկայացումներ: Մեծ հետաքրքրություն կա «Արմմոնոյի» հանդեպ, որի հետ սա իմ առաջին համագործակցությունն է»,-ասաց «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների թատերական փառատոնի տնօրենը:
Հավելեց, որ շատ գնահատելի է նաեւ այն փաստը, որ կարող են Հայաստանում խաղալ լեհական ներկայացումներ եւ հնարավորություն ունենալ դիտելու ներկայացումներ՝ հայերենով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ