Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում, որին մասնակցում են 39 երկրների ավելի քան 130 մարմնամարզիկներ, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի բոլոր չորս ներկայացուցիչներն էլ՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը, հաղթահարել են որակավորման փուլը եւ մտել ուժեղագույն ութնյակ:
Մերդինյանը եւ Խաչիկյանը եզրափակիչ են անցել նժույգթափերում, Դավթյանն ու Ավետիսյանը՝ օղակներ վարժությունում:
Արթուր Դավթյանը այսօր մասնակցելու է նաեւ հենացատկի որակավորմանը:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է, որտեղ խաղարկվում են սեպտեմբերին Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրեր, իսկ արդեն աշխարհի առաջնությունում մարմնամարզիկները պայքարելու են 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերելու համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ