Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև». Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ «Արմենպրեսին»

Ապրիլ 28,2023 11:19

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ընդգծում է՝ Ադրբեջանի նման գործելաոճը խոչընդոտում է նաև Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Նա մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:

Տիկին նախարար, Ադրբեջանն արդեն 4 ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, անընդունելի են համարել Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանին կոչ են արել ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերջերս նաև Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց անհապաղ բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերն ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից գործի անցնի և հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ի՞նչ քայլերի է պատրաստ Ֆրանսիան այս ուղղությամբարդյոք դիտարկո՞ւմ եք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի դադարեցնում ագրեսիվ գործողությունները նաև Հայաստանի դեմ՝ ինչ գործնական քայլերի են պատրաստ ԵՄն և Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի 1991 թվականի սահմանագծի երկայնքով զորքերն անվտանգ հեռավորությամբ տեղակայելու առաջարկվող լուծումը կյանքի կոչելու ուղղությամբ։

-Դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է։ Ես բազմիցս առիթն ունեցել եմ արտահայտելու Ֆրանսիայի դիրքորոշումն այս առնչությամբ։

Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ Այն, սակայն, խոչընդոտում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը, և լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար, որի վրա արդեն իսկ խորապես ազդում է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստը։

Մենք պետք է միասնաբար գնահատենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները։ Այն, ինչ ապրում ենք այսօր՝ պատերազմի վերադարձն է մեր մայրցամաք: Սակայն, առավել հիմնարար առումով, սա նաև գիտակցված փորձ է՝ վիճարկելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգի հիմնարար սկզբունքները՝ փոխարինելով ուժի օրենքով։ Սա վճռորոշ պահ է, որը յուրաքանչյուրին պետք է ստիպի գնահատել իր պատասխանատվությունը և գիտակցել, որ խաղաղությունը մեր ամենաթանկ արժեքն է։

Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց ամփոփ դատավարության ընթացքում՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։

Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան:

Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց ներքին հարցն է, և չեն պատրաստվում որևէ մեկի հետ դա քննարկել, մինչդեռ հայկական կողմը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջ է քաշում նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների հարցը։ Ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում՝ նաև որպես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկիր։

-Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ  բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։

Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է։

Շանթ ԽԼՂԱԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930