Վարդենիսցի պատմաբան Անի Մելքոնյանն ահազանգում է. «Վերապատրաստում» անվան տակ հայոց պատմության ուսուցիչներին պարտադրում են 2023թ-ի սեպտեմբերից դասավանդել այն այլանդակ ու թրքահաճո դասագրքերով, որոնց դեմ պայքար էինք մղում` երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի գլխավորությամբ:
Բավական չէ, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ԿԳՄՍՆ-ը խմբագրեց դպրոցներից, այն տարրալուծեց տարբեր առարկաների մեջ, նախարարը հայտարարեց, որ խնդիրը քննարկման ենթակա չէ, որոշումը վերջնական է ու հստակ՝ «Հայ եկեղեցու պատմությունը»՝ որպես առանձին առարկա, այլեւս չի դասավանդվելու դպրոցում, հիմա էլ Հայոց պատմության հետեւից են ընկել:
Ա՜յս աստիճան ատել հայկականն ու ազգայինը, այսքա՜ն ոխերիմ թշնամի լինել այն ազգին ու երկրին, որից «սերվել են»: Ի՞նչ է պատահել ձեզ հետ ձեր անցյալում, որ մի ամբողջ երկրից ու ժողովրդից այսքան դաժանորեն վրեժ եք հանում:
Հիմա ՀՀ իշխանությունները բառացիորեն գլխատում են բոլոր ոլորտները, իսկ որ ամենասարսափելին է՝ մագիլները հասցրին կրթությանը, դպրոցին:
Պատմաբան Անի Մելքոնյանը շարունակում է. «Իմ աշակերտը պետք է իմանա Մեծ Հայքի 15 նահանգների, Արատտայի, Միտաննիի, Հայասայի, Նաիրիի մասին, իմ աշակերտը պետք է իմանա, որ համահայկական առաջին պետությունը Վանի (Ուրարտու) թագավորությունն է, իմ աշակերտը պետք է իմանա Վաչագան Բարեպաշտի մասին, Փառիսոսի թագավորության մասին, իմ աշակերտը պետք է ճանաչի Արցախի մելիքներին, իմանա Արցախի սղնախների մասին:
Իմ աշակերտը պետք է իմանա հայերին բնաջնջելու թուրքական հարատեւ ծրագրի մասին, պետք է իմանա Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի` հայ կամավորական ջոկատների (Անդրանիկի, Դրոյի, Քեռու) մասին, պետք է ճանաչի հերոս Նժդեհին, իմանա Հայ առաքելական եկեղեցու ազգապահպան գործունեության մասին»:
Կարդացեք նաև
Ավերելու նույն ձեռագրով հասել են հայոց անցյալի պատմությանը, հայի ինքնության, նկարագրի ոչնչացմանը: Ինչո՞ւ է իշխանությունը առաջին հերթին թիրախավորել հենց Հայ եկեղեցին ու պատմությունը, ուրիշ առարկաներ չկա՞ն, մյուս դասագրքերը կատարյա՞լ են, անթերի՞ են, այնտեղ «խմբագրելու», փոխելու, հանելու, «կրթության բարձրագույն չափորոշիչներին» համապատասխանեցնելու կարիք չկա՞:
Նաիր ՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: