Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասականը բոլորի համար» նախագիծը՝ հանդիսատեսի ու երաժշտի անմիջական շփման առիթ

Ապրիլ 28,2023 13:00

Ի սկզբանե դասական երաժշտությունն ուներ հստակ լսարան՝ արիստոկրատներ եւ հասարակության որոշ խավերի ներկայացուցիչներ։ Նման երեկոներին հանդես էին գալիս վիրտուոզ կատարողներ եւ այս կամ այն ստեղծագործությունը լսելու համար պետք էր ոչ թե ընդամենը կոճակ սեղմել (ինչպես մեր օրերում), այլ գնալ մեկ այլ քաղաք կամ նույնիսկ երկիր։ Հիմա ինտերնետի շնորհիվ ամեն ինչ հասանելի է։ Տարիներ, գուցե տասնամյակներ շարունակ անընդհատ հնչում է հետեւյալ միտքը՝ դասական երաժշտությունը բոլորի՞ համար է… Անընդհատ լսում ենք, որ դասական երաժշտությունը, ավելի ճիշտ՝ սերը դրա հանդեպ, պետք է սերմանել մանկուց։ Վերջին շրջանում մեզ մոտ վերականգնվեց եւ այժմ էլ համակարգված գործում է Դպրոցականի ֆիլհարմոնիան…, երբեմն էլ դասական երաժշտության որոշ համերգներին երեւանյան դահլիճների տեղերը չեն բավականացնում եւ ստիպված աթոռներ են ավելացվում հանդիսասրահի միջանցքներում, ավելին՝ լինում են դեպքեր, երբ դրանք էլ բավարար չեն ու աթոռներ դրվում են նաեւ բեմում։ Իհարկե, այս ամենը ողջունելի է, նաեւ հաճելի է բեմում գտնվող երաժիշտների համար, թեեւ մեզ հետ զրույցներում ճանաչված երաժիշտներից հավաստիացրել են, թե կատարողի համար կարեւոր չէ հանդիսատեսի քանակը, օրինակ բերելով աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ելույթ է ունեցել նույնիսկ մեկ հանդիսատեսի համար։

Վերջին տարիներին մեզ մոտ դասական երաժշտությունը ներկայացնող մի ձեւաչափ էլ շրջանառության մեջ դրվեց՝ կամերային համերգներ «կամերային» հանդիսատեսի համար։ Խոսքը «Դասականը բոլորի համար» նախագծի մասին է, որի հեղինակներն են ճանաչված ջութակահար Անուշ Նիկողոսյանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Բարխուդարյանը։ Ընդ որում, հիշյալ նախագիծը մեկնարկել էր 2020թ., բայց վրա հասած համավարակի պատճառով ընդհատվել, իսկ դրա ավարտից հետո՝ վերականգնվել։ Հունվարին «Առավոտը» ներկա էր Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում կայացած նախագծի հերթական համերգին, ավելի ճիշտ՝ համերգ-զրույցին։ Ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Դավիդ Եժովը, կլարնետահար Ալեքսանդր Վասիլեւը եւ դաշնակահար Սոնա Բաղսեղյանը ոչ միայն ներկայացրին Խաչատրյանի, Բաբաջանյանի ստեղծագործություններից, այլեւ հետաքրքիր փաստեր պատմեցին դրանց եւ իրենց ստեղծագործական ուղու մասին։
Ապրիլի 20-ին դարձյալ ներկա էինք «Դասականը բոլորի համար»-ի միջոցառմանը, այս անգամ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Համերգից մեկ օր առաջ էլ նույն ծրագիրը ներկայացվեց մամուլի ներկայացուցիչների համար։ Բարձրարվեստ ելույթներով հանդես եկան գերմանաբնակ դաշնակահարուհի Դիանա Սահակյանը, բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ՝ ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը, ջութակահար Նարեկ Սահակյանը եւ իհարկե՝ նախագծի գեղարվեստական ղեկավարը՝ Անուշ Նիկողոսյանը։ Նրանք իսկապես բարձրարվեստ մատուցեցին Ռոբերտ եւ Կլարա Շումանների դաշնամուրային տրիոն եւ կվինտետը։ Այս անգամ համերգ-զրույցի ձեւաչափը փոքր-ինչ այլ էր, ինչի առիթով Անահիտ Բարխուդարյանն ասաց. «Համերգից օրեր առաջ համացանցով հայտարարություն էինք տարածել, նպատակն էր հավաքել հանդիսատեսին հուզող հարցերը, որոնք հասցեագրվել էին Խաչատրյանի տուն-թանգարանի եւ համերգին մասնակից երաժիշտների անձնական էջերին։ Եվ ինչպես ականատես եղաք՝ այդ հարցերին մեր երաժիշտները սիրով եւ լիարժեք պատասխան տվեցին ե՛ւ համերգի ընթացքում, ե՛ւ ավարտից հետո հյուրասիրության ժամանակ՝ մեկ գավաթ գինի վայելելով»։

Մեր զրուցակիցը ոգեւորված էր, քանի որ հանդիսատեսի կարգավիճակում հիմնականում երիտասարդներ էին։ Ռեպլիկին՝ փաստորեն նախագիծը դառնում է ավանդական, ստացանք հետեւյալ պատասխանը՝ «Միանշանակ։ Ի սկզբանե այդպես էլ նախատեսված էր»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Անուշ Նիկողոսյանը եւ Անահիտ Բարխուդարյանը։

«Առավոտ» օրաթերթ
27.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930