Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի ֆիլմ` մանրուքների մեջ կերտված գեղեցկությամբ

Ապրիլ 28,2023 12:30

Սերժ Գաբյանի ՕԹԹԿ-ն սրբեց ամոթը հայկական ժամանակակից կինոյի երեսից` փակելով հինն ու բացելով մի նոր էջ, վեր հանեց կինոարտադրության նշաձողը, ինչն անհնար էր թվում:

Լեզուն կարող է մշակութային պատնեշներ կոտրել

Մի անգամ Ներսես Գեդեոնիչը (Ներսես Հովհաննիսյանը) մեր տեսախցիկին նայելով, ասաց, որ հայ կինոյի խնդիրը նրա լեզուն է։ Մեր խոսակցական եւ գրական լեզուներն այնքան են տարբերվում, որ շատ դժվար է ասելիքդ ներդաշնակ ձեւով դիտողին հասցնել։ Իսկ տարբեր մարզերի, քաղաքների եւ նույնիսկ գյուղերի տարբեր բարբառները հանգեցնում են մարդկանց խիստ տեսակավորման, բաժանման եւ պառակտման` աղքատացնելով ոչ միայն մշակույթը, այլեւ ազգային գիտակցությունը…

ՕԹԹԿ-ի լեզուն իսկական է` առանց ավելորդ երեսպաշտության: Ֆիլմը դիտողին առաջարկում է ոչ թե նրբանկատ ելք իրավիճակից, այլ արմատական լուծում: Այն հեշտությամբ հաղթահարում է ասիական ժառանգության կոգնիտիվ փակուղիներն ու մշակութային պատնեշները, որոնք որպես նստվածք շերտավորվել են հին հայկական ուղեղի խոր ոլորքներում` խափանելով մեր ապրելու իրավունքներն ու ազատությունը…

Ռեժիսորը, կոտրելով ու փշրելով քաղքենի կեղծավորության եւ մութ միջնադարյան ամոթի սուր անկյունները, իր ինտելիգենտությամբ, ցույց է տալիս, թե որքան պայծառ կարող է լինել հայի գիտակցությունը, եթե նա իր մտքի աչքերից հեռացնի արգելափակող կուրությունը: Իհարկե դա հնարավոր է դառնում միայն Սուրբ Հոգու միջամտությամբ…

Դեհ, կամ էլ օգնության կհասնեն երեք հնագույն ազգային միջոցները` մեր օդը (ՕԹԸ), մեր թթի օղին (ԹՈԹԸ) եւ մեր զենքը (ԹՎԱՆՔԻ ԿՈԹԸ)` ՕԹԹԿ:

Ակադեմիական պայմանականությունները սահմանափակում են կինոն

Իսկապես լավ կինո ստեղծելու համար արտադրող թիմն իր մեջ պիտի կրի հատկությունների եւ արժանիքների մի ահռելի մեծ համալիր: Չունենալով դասական ռեժիսորական կրթություն, Սերժ Գաբյանի էությունն ու գիտակցությունը սահմանափակված չեն: Այո: Նրա ուղեղը ազատ է. կապանքված չէ պայմանականություններով:


Ֆիլմի ստեղծման ծավալուն ընթացքը պահանջում է լինել ամենուրեք եւ ամեն ինչի մեջ խորամուխ, ինչն իր հերթին ռեժիսորին թույլ տվեց ստեղծել ամբողջական, հասուն եւ բարձրորակ ֆիլմ, որի բոլոր կողմերն են լավը, եւ որում ամեն ինչ ընթանում է միասնական ռիթմով:

Գաբյանի ինտելեկտի կուլտուրան ռեժիսորական գործի նեղ մասնագիտական գիտելիքների եւ միջառարկայական իմացության ու հմտությունների մի ամբողջ գործիքակազմ է: Եվ դա բնավ չի նշանակում, որ նա «ամենախելացին է», կամ «ամենախորամուխը»: Սրա միակ պատճառն այն է, որ ռեժիսորը տեսնում է ամբողջի բոլոր մասերն ու մանրուքները «թռչնի թռիչքի բարձրությունից»` բոլորը միասին, բարդ համակարգային մտածողությունը համակցելով լավ ճաշակի հետ:

Ֆիլմի հաջողությունը չի որոշվել ոչ սցենարով, ոչ դերասանական կազմով, ոչ երաժշտությամբ ու ոչ էլ մնացած արժանիքներով: Իրականում ամեն ինչ եղել է հակառակը: Ֆիլմը ստեղծվել է օրգանապես ձեւավորված արարչագործի` ոչնչից ինչ-որ բան ստեղծելու ծայրահեղ հազվադեպ հատկությունից:

Գլուխգործոցներն ամբողջությամբ եւ անմնացորդ ծնվում են դրանց արարչի ներսից: Եվ միայն հետո, արդեն ծնունդից հետո ճանաչումի հոսքն ուժգնանում եւ հարստանում է ուրիշ մարդկանց ներդրումներով, ովքեր հոսանքի ուժով գալիս ներգրավվում են գլուխգործոցի ստեղծած շրջապտույտի մեջ:

ՕԹԹԿ-ն, անկասկած, իրադարձություն է

Իրականությունը դադարում է առաջվանը լինել, երբ ինչ-որ նոր բան այնպես է մխրճվում դրա մեջ, որ փոխում է իրերի դրվածքը եւ նոր իրականություն ու ճշմարտություն է թելադրում:

Հիսուսն արեց դա` Աշխարհը բաժանելով մինչեւ Սուրբ Ծնունդ եւ դրանից հետո:

Քաոսի տեսությունն արեց դա` աշխարհը բաժանելով մինչեւ թիթեռի թեւերի խփոցն ու դրանից հետո:

ChatGPT-ն մեր իրականության հետ անում է դա հենց հիմա:

Արդեն ակնհայտ է, որ հայկական ժամանակակից կինոարվեստում հայտնվել է մի նոր սահմանագիծ` ՕԹԹԿ ֆիլմից առաջ եւ հետո:

Ֆիլմը ոչ գռեհիկ է, ոչ կոպիտ, ոչ կրկնօրինակում, ոչ շինծու։ Այն նրբաճաշակ է, խելացի, շատ զվարճալի, գեղեցիկ, անսպասելի լուծումներով եւ անկեղծ հղումներով: Սա համարձակ ֆիլմ է, որը կարելի է մի քանի անգամ վերանայել` ամեն անգամ նորովի վայելելով:

Զարմանալի ֆիլմ` մանրուքների մեջ կերտված գեղեցկությամբ, հղկված մանրամասներով, դերասանների (կերպարների)` հիացմունքի արժանի, տարօրինակ ընտրությամբ, որտեղ կոպիտ իրականությունը տարրալուծվում է ինտելեկտի մեջ եւ համեմվում թթի օղիով:

ՕԹԹԿ-ն հայկական կինոյի ֆոնդում կդառնա բարձր ստանդարտի մի ակտիվ, որը հնարավոր կլինի խաղարկել միջազգային ասպարեզում: Շնորհակալություն ստեղծողներին եւ ամբողջ թիմին: Դուք իսկապես լավ ֆիլմ եք նկարահանել։

Ստեփան ՀԵՔԻՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930