Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ լավ է լինելու» հեքիաթի վերջը

Ապրիլ 28,2023 12:00

«Համբերեք», չէ՞ որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հերթական հրամանատարն է փոխվում…

«Ուշադրություն, Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք», այսպիսի եռալեզու ցուցանակ է տեղադրվել Հակարիի կամրջի վրա` ռուս խաղաղապահների հենակետից մի քանի մետր հեռավորության վրա։ Ադրբեջանը կայծակնային արագությամբ անցակետի ձեւավորմամբ է զբաղված:

Նկատենք, որ շրջափակման պայմաններում այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի ուժերով: Փաստացի, Բաքվի կողմից ապրիլի 23-ի քայլի հետեւանքով Արցախի 4-5 գյուղեր հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Ադրբեջանն ապրիլի 23-ից` կիրակի օրը, փակեց Լաչինի միջանցքն այն հատվածում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Հերթական անգամ ՌԴ խաղաղապահ զորակազմը չի կանխել Ադրբեջանի կողմից ռազմական մեքենաների միջոցով Հակարիի կամրջի փակումը։ Այդ օրը ռուսական կողմն անգամ որեւէ կերպ չպարզաբանեց, թե ինչ է կատարվում իր պատասխանատվության գոտում:

Ադրբեջանական անցակետի տեղադրումից ավելի քան մեկ օր անց, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեկ նախադասությամբ անդրադարձավ տեղի ունեցածին. «Միակողմանի եւ չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով ադրբեջանական կողմը արգելափակել է Լաչինի միջանցքով երթեւեկությունը ռուս խաղաղապահների համար մեկ անցակետի մոտ։ Խաղաղապահների ղեկավարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ»։

Հիմա արցախահայությանը «կերակրում» են քարոզչական ուշագրավ «հեքիաթներով». ՌԴ-ում «խիստ զայրացած են ապրիլի 23-ին տեղի ունեցածով», այնքան են զայրացել, որ որոշել են հերթական անգամ «պաշտոնազրկել» Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հերթական ղեկավարին: Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ի «աղբյուրները»: Այս լուրով հերթական անգամ «հանդարտության» կոչ են անում մեկ կենտրոնից իջեցված հրահանգով: Իսկ արդյունքում ադրբեջանցիները շարունակում են «դիրքավորվել»: Թեեւ ռուսաստանյան քարոզչություն իրականացնող տելեգրամյան ալիքները մասնավորապես հանդարտության կոչերով` «խոստանում» են, որ` «ամեն ինչ լավ է լինելու»:

Հիշեցնենք իրադարձությունների ժամանակագրությունը: Ապրիլի 23-ին Արցախի իշխանությունները խստորեն դատապարտեցին ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող եւ էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը եւ թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր: «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, այնուհետեւ հայտնի դարձավ, որ ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին եւ վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը,

Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում,

Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ,

Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը եւ ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից,

Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝

Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին եւ հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման եւ Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ.

Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջեւ ծագած անվտանգային եւ հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

Ադրբեջանական հերթական առաջխաղացումից օրեր անց հայտնի է, որ ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ «բանակցությունները շարունակվում են»… Ինչպես` միշտ:

Պաշտոնական Երեւանն ապրիլի 23-ին արձանագրեց, որ ՀՀ-ն՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում եւ խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ «Այն, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը եւ ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները եւ գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մինչդեռ, հակադարձելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը, պնդեց, որ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է, նշելով հետեւյալը. «Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է եւ համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Առավել եւս, որ Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արձագանքը

Ապրիլի 23-ին Վաշինգտոնն ու Փարիզը անմիջապես արձագանքեցին տեղի ունեցածին: Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարությամբ արձանագրվեց, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ «Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ եւ բաց տեղաշարժ եւ կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները եւ զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից», – նշված է փոխխոսնակի հաղորդման մեջ։

Փարիզը Բաքվին կոչ արեց կատարել միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին եւ վնասում է բանակցային գործընթացը։ Փարիզը կոչ արեց վերականգնել բեռների եւ մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրներն առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հաստատեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ «Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջեւ լինեն բանակցություններ։ Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, եւ Վաշինգտոնը փորձում է առաջ շարժվել եւ ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ», – ասաց նա։ Հարցին՝ արդյոք այն, ինչ հիմա տեղի է ունենում արցախցիների նկատմամբ, չի՞ կարող բնորոշվել որպես ցեղասպանության փորձ, դեսպանն ասաց՝ որեւէ որակավորում տալու իրավասություն չունի, բայց կարող է ասել, որ Վաշինգտոնն այս պահին պատժամիջոց չի կիրառում Բաքվի նկատմամբ, ինչ կլինի հետո՝ չի կարող մեկնաբանել։

Ուշագրավ էր Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի արձանագրումը Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ։ Ֆրանսիացի պատգամավորը նշեց, որ այն, ինչ ԵՄ-ն անում է իր դիտորդական առաքելությամբ, լավ է, սակայն հավելեց նաեւ, որ ավելին անելու անհրաժեշտություն կա, մասնավորապես, Դըվինազը կոչ է արել օգնել Հայաստանին զինվել։ «Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեր դիրքորոշումն արտահայտված է Սենատի իմ կոլեգաների կողմից։ Այն, ինչ անում է ԵՄ-ն իր դիտորդական առաքելությամբ, լավ է, սակայն մենք պետք է թույլ տանք, որ Հայաստանն ապահովի իր սահմանների անվտանգությունը, այսինքն՝ պետք է օգնել նրան զինվել»,-նշել էր ֆրանսիացի պատգամավորը։

Մոսկվան «ծայրահեղ մտահոգությամբ»` արձանագրեց հրադադարի ռեժիմի խախտման աճ

Ապրիլի 24-ին Մոսկվան կոչ արեց Երեւանին եւ Բաքվին վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին: Վերջին ամիսներին ռուսական կողմն անդադար փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին «վերադարձնել» եռակողմ պայմանավորվածությունների դաշտ: Ռուսաստանի ԱԳՆ-ն «լուրջ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում Ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի եւ պաշտոնական Բաքվի ու Երեւանի միջեւ երկխոսության կապակցությամբ»: Մոսկվայի ծավալուն անդրադարձը այսպիսին էր. «Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման եւ տարբեր տեսակի միջադեպերի թվի աճ, ինչի հետեւանքով պարբերաբար առաջ են գալիս զոհեր երկու կողմերում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի եւ Հայաստանի հանրային տիրույթում մեղադրական եւ թշնամական հռետորաբանության ավելացած աստիճանը: Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների համատեքստում նշում ենք, որ անընդունելի են ցանկացած տեսակի քայլեր, որոնք խաթարում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթները՝ անկախ նրանից՝ խոսքը Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության մասին է, թե այն խաղաղության օրակարգին չնպաստող նպատակներով օգտագործելու փորձերի մասին: Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին: Ելնում ենք նրանից, որ ցանկացած պարագայում տեղի բնակչությունը չպետք է տառապի, եւ չպետք է որեւէ խոչընդոտներ ստեղծվեն նրա կենսագործունեության համար:

Կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերն արդյունք են բազմամսյա անգործության եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ համաձայնագրերի բոլոր, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման ուղղություններով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության: Ակնկալում ենք, որ Բաքուն եւ Երեւանը քաղաքական կամք կդրսեւորեն եւ մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը»։

Ոչ դիվանագիտական լեզվով ասած` Մոսկվան ակնկալում է եռակողմ համաձայնագրերի բոլոր, այդ թվում` տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման գործընթացի մեկնարկի, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագրի պարամետրերի համաձայնեցման ուղղություններով առաջընթաց:

Իսկ ո՞ր կողմին է ուղղված Մոսկվայի հորդորը… Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ իշխանությունները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի որեւէ ապօրինի գործողության վերաբերյալ քննադատություն չեն հնչեցրել, ավելին` իրենց կեցվածքով նպաստել են, որպեսզի ադրբեջանական կողմն իրեն ավելի ազատ զգա, կարելի է եզրակացնել, որ Մոսկվայի պահանջը ուղղված է պաշտոնական Երեւանին, որին պարբերաբար դժգոհություններ հրապարակային հայտնում են նաեւ այլ հարցերով, օրինակ` ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդական առաքելության ներկայության կապակցությամբ:

Ապրիլի 24-ին ՌԴ-ն տարածած հայտարարությամբ նաեւ հիշեցրեց, որ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել «իրեն հարազատ Ադրբեջանին ու Հայաստանին ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «տեղում»՝ ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարության մասնակցությամբ», բայցեւ զգուշացրեց` «արտաքին արեւմտյան խաղացողներին եւ նրանց պատեհապաշտ օրակարգով աշխատող տեղական ռուսաֆոբ տարրերին զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ վարկաբեկիչ արշավի միջոցով»:

Ապրիլի 25-ի երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից արդեն հայտնեցին, որ Արցախի կառավարության եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում հաջողվել է որոշակիորեն վերականգնել «Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը» Հայաստանից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930