Scientific Reports-ում հրապարակված նոր հետազոտությունում գնահատվել են մեղվի թույնից ստացված խիտոզանի նանոմասնիկների հակաբակտերիալ ու ցիտոտոքսիկ ազդեցությունները։
Հակաբիոտիկների այլընտրանքային միջոցների ուսումնասիրությունը
Հակաբիոտիկները գենետիկական փոփոխություններ են առաջացնում բակտերիաների օրգանիզմում, ինչի պատճառով դրանք կայունություն են ձեռք բերում հակամանրէային միացությունների նկատմամբ։ Փաստացի, տարեկան 1,27 միլիոնից ավելի մահ է կապվում հակաբիոտիկակայուն բակտերիաների հետ։
Այս հետազոտությունում ուսումնասիրվել է մեղվի թույնը՝ որպես ոսկեգույն ստաֆիլոկոկի (Staphylococcus aureus) վարակների դեմ հակաբիոտիկներին այլընտրանք։ Ոսկեգույն ստաֆիլոկոկը կարող է առաջացնել մաշկի աբսցեսներ, թոքաբորբ, հոդերի ու արյունատար համակարգի ինֆեկցիաներ, իսկ դրա՝ հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայուն շտամները կարող են ավելի ծանր հետևանքներ առաջացնել։
Այսպիսով, հակաբիոտիկների այլընտրանքների ուսումնասիրությունը հրամայական է դարձել։ Որպես հակաբիոտիկների այլընտրանքային միջոցներ են դիտարկվում եթերային յուղերը, թույները (հատկապես մեղվաթույնը) և բնական այլ մթերքները։
Կարդացեք նաև
Մեղվի թույնն անգույն, անհոտ, դառնաթթու հեղուկ է, որը մի քանի ակտիվ մոլեկուլներ է պարունակում՝ պեպտիդներ, ֆերմենտներ և այլ բաղադրամասեր, ինչպիսիք են հիստամինը, դոֆամինն ու ադրենալինը։ Մեղվաթույնն օժտված է հակաբորբոքային ու հակամանրէային ազդեցությամբ և օգտագործվում է տարբեր հիվանդությունների դեպքում՝ քաղցկեղ, ռևմատոիդ արթրիտ, Ալցհայմերի հիվանդություն և այլն։ Սակայն մեղվի թույնի թերապևտիկ պոտենցիալը սահմանափակվում է որոշակի չափաբաժնով, որի գերազանցումը հանգեցնում է ցիտոտոքսիկության։
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են մեղվի թույնի հետ կապված ցիտոտոքսիկության նվազեցմանը կամ վերացմանն ուղղված մեթոդները, ինչպիսիք են գամմա-ճառագայթումն ու նանոմասնիկների կիրառումը։
Պարզվել է, որ մեղվի թույնից ստացված խիտոզանի նանոմասնիկների հակաբակտերիալ ազդեցությունն ավելի բարձր է, քան այլընտրանքային այլ մեթոդների։ Դրանից բացի, նանոմասնիկների ցիտոտոքսիկությունն ավելի ցածր է, քան բնական կամ ճառագայթված մեղվաթույնի դեպքում։
Այդ արդյունքները երաշխավորում են, որ մեղվի թույնից բեռնված խիտոզանի նանոմասնիկները կարող են հակաբիոտիկներին այլընտրանք հանդիսացող խոստումնալից միջոց լինել՝ ցիտոտոքսիկ նվազագույն և հակաբակտերիալ բարձր ազդեցությամբ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարը՝ Datenshutz-Stockfoto / Shutterstock.com